Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում ընդունվեց որոշում ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Ըստ այդմ, Երեւանի 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից պոմպակայանի ձեռք բերման նպատակով հատկացվում է 72 միլիոն 500 հազար դրամ։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է՝ ՀՀ սնանկության դատարանի 2021 թվականի փետրվարի 26-ի վճռով «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի սնանկ ճանաչվելու վերաբերյալ եւ նույն դատարանի 2021 թվականի հուլիսի 29-ի որոշումը՝ գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվություն տալու վերաբերյալ, նախատեսվում է Երեւան համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից հատկացնել 72 միլիոն 500 հազար դրամ՝ Խանջյան 2/6 հասցեում գտնվող պոմպակայանի ձեռք բերման նպատակով:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հարցին՝ թե ինչ նպատակով է ձեռք բերվում այս պոմպակայանը եւ ինչո՞ւ է սնանկ ճանաչվել այդ ՓԲԸ-ն, փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց՝ պոմպակայանը վերանորոգելուց հետո ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում հնարավորություն կստեղծվի ամբողջ Կենտրոն վարչական շրջանը ոռոգել։
Նրա խոսքով՝ պոմպակայանն իրավական առումով գտնվում է «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի հաշվեկշռում, այժմ համայնքը ձեռք է բերում գույքը ՓԲԸ-ից եւ այս գումարն ուղղվելու է ՓԲԸ-ի պարտավորությունների ամբողջական մարմանը։
Հրաչյա Սարգսյանի ներկայացմամբ՝ 2020 թվականի մայիսին Երեւանի ավագանին որոշում ընդունեց, որ վարչական շրջաններում առկա 11 ՓԲԸ-ները լուծարվեն․ «Այս պահին գործընթացը շարունակվում է, լուծարման ընթացքում «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ն մինչ 2020 թվականն ուներ հարկային պարտավորություններ 7 մլն 900 հազար դրամի չափով եւ հարկային մարմինները դիմել են դատարան, որպեսզի այս ընկերությունը սնանկ ճանաչվի եւ այդ գումարը կարողանա ստանալ։ Մնացած ՓԲԸ-ները լուծարման գործընթացի մեջ են, մինչեւ տարեվերջ լուծարված կլինեն»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ