«Հայաստան» դաշինքից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանից այսօր ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց՝ ձեր հայտարարագիրն ամենատպավորիչներից է․ «Բնակարան Իսպանիայի քաղաքներից մեկում, երկու բնակարան Դեմիրճյան փողոցի վրա, ավտոկայանատեղիներ, Վահագնի թաղամասում տուն ու հողամաս, տրանսպորտային միջոցներ, ահագին դրամական միջոցներ։ Չեմ ուզում տպավորություն ստեղծել, թե հարուստ լինելը վատ բան է, բայց ձեր կենսագրությունը կարդալիս պարզ է, որ եղել եք պետական ծառայության մեջ, կարճ ժամանակում աշխատել մասնավորում։ Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը»։
Վահե Հակոբյանը պատասխանեց․ «Շատ պարզ է։ Երբ լքեցի պետական ծառայությունը, պայմանագրային եղանակով սկսեցի աշխատել մասնավոր ընկերության հետ, հետո դարձա թիմի անդամ։ Ձեր թվարկած բնակարանները, այդ թվում՝ Իսպանիայի բնակարանը, վարկով ձեռք բերված գույք են։ Ավելին՝ երեք տարի ձեր ուժային համակարգը փորձում է ինչ-որ բան գտնի․․․ինչ գտնեք՝ ձերն է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ