Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ձգձգվում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի դեմ հարուցված քրեական գործերը. Դավիթ Սեդրակյանի պատասխանը

Օգոստոս 10,2021 13:32

«Ինձ խորհրդարան բերեց պատերազմը, պատերազմի հետեւանքները, մեր երիտասարդների կորուստները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը: Վերջինս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է:

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն առաջին փորձից ԱԺ փոխնախագահ չընտրվեց Դավիթ Սեդրակյանի բացակայության պատճառով: Վերջինս հանրապետությունից էր բացակայում: Դավիթ Սեդրակյանն ասաց, որ խմբակցությունում տեղյակ են եղել իր բացակայության մասին. «Իշխան Սաղաթելյանն, այնուամենայնիվ ընտրվեց: Չընտրվեց առաջին փորձից`մեկ անվավեր ձայնի պատճառով: Իշխանական խմբակցությունում նկատել էին, որ ես չկամ, նրանք մասնակցեցին նաեւ իմ փոխարեն, սակայն, եղավ մեկ անվավեր քվե: Դա կեսժամանոց փոքրիկ մանիպուլյացիա էր: Կես ժամ հետո, երբ երկրորդ քվեարկությունը սկսվեց`արդեն հինգ անվավեր քվե դարձավ. արդեն սկսվեց ուրիշ խաղ`մեր եւ մյուս ընդդիմադիր խմբակցությանն առաջարկվեց չմասնակցել քվեարկությանը, որպեսզի իշխող խմբակցությունն ընտրի Իշխան Սաղաթելյանին: Դա, իմ որակմամբ, նորից մանիպուլյատիվ քայլ էր պարունակում, բայց, ես կարծում եմ, իշխող խմբակցությունը մի քիչ թերագնահատել էր ընդդիմադիրներիս»:

Խոսելով իր`ակտիվ խորհրդարանական լինել-չլինելու մասին, Դավիթ Սեդրակյանն ասաց, որ պատգամավորի ակտիվության չափանիշ չի համարում միայն նիստերի դահլիճում հարցեր տալը կամ ելույթներ ունենալը. «Մենք մեր ռազմավարությունն ունենք եւ գիտենք`ո՞վ ե որտե՞ղ, ի՞նչ գործողությունների մեջ պետք է ակտիվ լինի»:

Պատասխանելով իր անելիքների մասին հարցին, Դավիթ Սեդրակյանն ասաց, որ իրեն տեսնում է տարածքային կառավարման եւ բնապահպանական հանձնաժողովում, սակայն հարցը դեռ պետք է քննարկվի խմբակցությունում:

Հարց հնչեց նաեւ Մհեր Սեդրակյանի դեմ հարուցված քրեական գործի մասին: Դավիթ Սեդրակյանը ձեռնպահ մնաց կարծիք հայտնել`հորդորելով սպասել մինչեւ դատարանի վճիռ լինի. «Շատ գործերով մեղադրանքներ են առաջադրվել, դրանց որոշ մասը արդեն դատարանում է, մի մասը քննական փուլում է: Կարծում եմ, որ առաջիկա մեկ, մի քանի տարվա ընթացքում դատարաններից պատասխան կստանաք»: Հարցին`ինչո՞ւ են գործերը ձգձգվում, դատարաններն ապացույց չե՞ն գտնում, թե՞ կոնսենսուս եք գտել, Դավիթ Սեդրակյանը պատասխանեց. «Չեմ ուզում մեկնաբանել քրեական գործերը, վճիռը լինի` կխոսենք: Չէ, կոնսենսուս չենք գտել»:

Նա անդրադարձավ նաեւ հոր`Մհեր Սեդրակյանի`լրագրողների հետ ունեցած պարբերական միջադեպերին. «Այդ միջադեպերը, որ տեղի են ունեցել, ես, որպես իր տղա հասկանում եմ տարիքն առած մարդու… Երեւանի կեսին, որ մոտենան լրագրողները, մի քիչ նյարդայնացնեն էդ տարիքի մարդկանց` կարող է էդպիսի միջադեպեր լինեն: Կասեք`ինչի՞ էր էդ տարիքի մարդն եկել ԱԺ. կարող է`արդարացի եք, բայց շատ կարճ ժամանակ հետո, լրագրողների հետ երկու դեպք է եղել, մեկ-երկու օր հետո, հարաբերությունները հարթվել են, նորմալ հարաբերություններ են եղել»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031