«Ձեզանից շատերը Շուշիում պարում էին, քեֆ էին անում։ Շուշին ազատագրելու պատմությունը շատ լավ վերընթերցեք, թե ովքեր են ազատագրել Շուշին։ Շուշիի ազատագրման մարտական գործողությունն էլ ուսումնասիրեք, թե ովքեր են մասնակցել, ում անուններն են»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով ընդդիմությանը՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը։ Նա նշեց․ «Ուսումնասիրեք այդ գործողությունում Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, Սեյրան Օհանյանի մասնակցությունը։ Անդրանիկ Քոչարյանը երեւի քաղաքական հայացքներով կաշկանդված է եւ ամբողջ ճշմարտությունը չի ասում։ Օրինակ՝ չի ասում, որ առաջին պատերազմի ժամանակ Արցախում ձևավորվել էր Պետական պաշտպանության կոմիտե։ Չի ուզում ասել, որ կոմիտեի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, որը փաստացի լինելով Արցախի ղեկավար՝ մասնակցում էր Շուշիի ազատագրման գործողությանը։ Ինքն անձամբ երկրի ղեկավար լինելով՝ մասնակցում էր»։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Պարոն Վարդեւանյանն այստեղ հանդես եկավ որպես Ռոբերտ Քոչարյանի փաստաբան։ Բայց նաեւ սկսեց այլ դրվագներից՝ կերտելով Ռոբերտ Քոչարյանի կենսագրության համար նոր դրվագներ՝ Շուշիի գրավմանը մասնակից լինելու որակմամբ։ Եթե այդպես է, գուցե պարոն Վարդևանյանը հիշեցներ, թե որ ջոկատի կամ որ ստորաբաժանման շրջանակներում է նա մասնակցել, որովհետև այդ ժամանակ պետական պաշտպանության կոմիտեն դեռ ձեւավորված չէր։ Եթե խնդիր է դրված Ռոբերտ Քոչարյանի կերպարին անդրադառնալ, գուցե սկսենք շատ ավելի վաղ շրջանից, երբ նա «Հայոց համազգային շարժման» անդամ էր եւ պատգամավոր էր ընտրվում ՀՀՇ-ից։ Չեմ ուզում շարունակել պարոն Վարդեւանյանի մեղադրանքներին արձագանքելը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ