Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիտանական մասշտաբի սուտ է այն, թե 2008թ․-ին բանակը գնդակահարել է մարդկանց»․ Արամ Վարդեւանյան

Օգոստոս 10,2021 12:32

«Ծայրահեղ ամոթ է սուտ ասելը։ Հերթական սուտը հնչեց, որն ուղղակի կապ ունի նաեւ պատերազմում բանակի ուժի խնդիրների հետ։ Օգտագործվեց արտահայտություն, որ 2008թ․-ին բանակը գնդակահարել է մարդկանց։ Նման տիտանական մասշտաբի սուտ չի կարող լինել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով մարտի 1-ի դեպքերի հետ կապված իշխանական պատգամավորների հայտարարություններին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Նա նշեց․ «Անդրանիկ Քոչարյանն այստեղ նստած է, նա մարտի մեկի փաստահավաք խմբի անդամ է եղել։ Հետո եկավ սասունխաչատրյանական ՀՔԾ-ն, որը երեք տարի արեց ամեն ինչ, որպեսզի հաճոյանա իշխանությանը։ Նման բառ չկա, մի ասեք նման ստեր՝ այն էլ այս ամբիոնից։ Բանակն ապահովել է հասարակական կարգ։ Բանակը քաղաքական գործընթացներում ներգրավելու ջատագովներ կայի՞ն։ Ստիպված նայեմ Գագիկ Մելքոնյանին․․․Անդրանիկ Քոչարյանը եւ մարտի մեկի ցույցերին մասնակցած նրա գործընկերները չեն հիշո՞ւմ, թե ինչպես էր պաշտպանության փոխնախարարի անունն Ազատության հրապարակում բարձր հնչում, ասվում, որ գա․․․եկել էր արդեն։ Մի բան ամրագրենք։ Անդրանիկ Քոչարյանի փաստահավաք խմբից հետո եկել է սասունխաչատրյանական ՀՔԾ-ն, հարուցվել է քրեական գործ, որի հատորներին ամբողջությամբ ես տիրապետում եմ։ Այդ ողջ ծավալին դուք չեք տիրապետում, պարոն Քոչարյան։ Այ երբ տիրապետեք, դրանից հետո կխոսեմ ձեր հետ»։

Ինչ վերաբերում է ՔՊ-ից Արփի Դավոյանի այսօրվա քննադատությանը, թե Վիգեն Սարգսյանն ամենաերիտասարդ ՊՆ-ն է եղել, Վարդեւանյանն ասաց՝ բոլորդ պետք է նրան շնորհակալ լինեք 1000 դրամների հիմնադրամի համար, որին ձեր քաղաքական առաջնորդը կողմ է քվեարկել, բայց շատ վերապահումներով։

«Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանն ի՞նչ էր զգում, երբ ԱԱԾ տնօրեն էր նշանակվում 29-30 տարեկան իրավաբան Արգիշտի Քյարամյանը»,-նաեւ հարցադրում արեց Արամ Վարդեւանյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031