Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստի օրակարգին անցնելուց առաջ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արման Անտոնյանի վրա հարձակման միջադեպին։
Հիշեցնենք, օգոստոսի 1-ին Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում, ժամը 01։00-ի շրջանում 2 դիմակավորված անձինք բաց դռնից մուտք են գործել բնակարան, դանակով հարվածներ հասցրել Արման Անտոնյանին, իսկ նրա պապուն՝ Ազատ Անտոնյանին ձեռքերով են հարվածել։
Քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին ծեծի է ենթարկել Սուրեն Պ-ն, որը «Հայաստան» մարզական ՀԿ Երեւանի հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված դպրոցի պարետն է, եւ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին:
29.07.2021 նիստին Արման Անտոնյանը ներկայացրել էր Երևանի հեծանվասպորտի մարզադպրոցի հիմնադրման նախագիծը, ըստ որի՝ Երևանը պիտի ունենա հեծանվասպորտի ևս մեկ մարզադպրոց՝ արդեն համայնքապատկան:
Կարդացեք նաև
Սուրեն Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 34-104 հոդ. 2-րդ մասի 2-րդ և 7-րդ կետերով, 117 հոդ. և 147 հոդ. 1-ին մասով եւ որոշում է կայացվել վերջինիս հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
Հայկ Մարությանն այսօր ասաց, որ Արման Անտոնյանի նկատմամբ մահափորձ է եղել, դիմակավոր անձինք դանակի 11 հարված են հասցրել։ Քաղաքապետի խոսքով՝ Արման Անտոնյանն այս պահին լավ է, նրան երեկ տեղափոխել են հիվանդասենյակ, առողջական վիճակի դինամիկան դրական է, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում։
«Ես ակնկալում եմ իրավապահ մարմիններից եւ դատական համակարգից խստագույն պատիժ նմանօրինակ եւ նման կերպով անձնական գործերն առաջ տանող անձի նկատմամբ։ Արդեն պարզ է, որ այս հարձակումը տեղի է ունեցել ավագանու անդամի գործունեության համար եւ նպատակ է եղել ինչ-ինչ հարցեր լուծել սեփական շահերի համար։ Այնինչ, ավագանու անդամն իր գործունեության ընթացքում եւ այն առաջարկներն, որն ինքն արել է՝ արել է ի շահ համայնքի։ Ովքեր փորձելու են նման կերպ գործել, բացարձակ ոչ մի բանի չեն հասնելու, ասեմ ավելին՝ ինչը չի սպանում մեզ, ուժեղացնում է։ Այսօր մենք ավելի ուժեղ ենք, քան մինչ այդ դեպքը»,-ասաց քաղաքապետը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Արման Անտոնյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից