Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մհեր Արղամանյանի որոշումը գին ունի և այդ գինը վճարվել է՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում. Ռուբեն Վարդազարյան. «Փաստինֆո»

Օգոստոս 09,2021 23:33

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որոշումը գին ունի և այդ գինը վճարվել է՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ բողոքը՝ արձանագրելով, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի արվել ու պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։

Թեև առաջին ատյանի դատարանի որոշումն օրենքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից, այն չի կատարվել, իսկ այսօր արդեն Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, բեկանել է նշված  դատական ակտը՝ բավարարելով դատախազության ներկայացրած բողոքը։

Վերաքննիչ քրեական դատարանի որոշման, քրեական գործի նախաքննության ընթացքի, դատավորների նկատմամբ վերջին շրջանում հարուցվող կարգապահական վարույթների  մասին «Փաստինֆո»-ն զրուցել է Ռուբեն  Վարդազարյանի հետ։

-Պարոն Վարդազարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում հանգամանքը, որ Ձեր իրավունքների խախտումն արձանագրած դատական ակտը, որը ուժի մեջ է մտնում  հրապարակման պահից, այդպես էլ ի կատար չածվեց։

-Շատ դժվար է մեկնաբանել օրենքից չբխող գործողությունները։ Միտումն ակնհայտ էր՝ ինձ հնարավորինս երկար ժամանակով հեռացնել ԲԴԽ-ից։ Երբ գերնպատակը պարզ է, մեխանիզմները միշտ կգտնվեն՝ կլինեն դրանք օրինական, թե ապօրինի։ Իմ պարագայում ապօրինի մեխանիզմն է ընտրվել, որովհետև օրենքը միանշանակ իմ կողմն է, բայց խնդիրը պարոն Ջհանգիրյանին հնարավորինս երկար ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում պահելն է։ Թե ինչ նպատակներ է դա հետապնդում՝ ես չպետք է դա ասեմ, բոլորդ քաջ տեսնում եք, ամեն ինչ ակնհայտ է, չեն էլ թաքցնում։ Ինչ վերաբերում է պարոն Արղամանյանի որոշմանը, ապա պարոն Արղամանյանի որոշումը գին ունի, այդ գինը վճարվել է նրան՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում։

-Պատրաստվու՞մ եք վճռաբեկ բողոք ներկայացնել՝ դատարանի որոշման դեմ։

-Միանշանակ։ Վճռաբեկ բողոք ներկայացնելու եմ՝ ակնկալելով, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունի բողոքը և Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կմնա անփոփոխ։ Սակայն վճռաբեկ բողոք ներկայացնելու միակ  նպատակը հետագայում ՍԴ-ում հոդվածի սահմանադրականությունը վիճարկելն է։ Գտնում եմ, որ խախտվել է Սահմանադրությունը, սահմանադրական նորմը յուրովի է մեկնաբանվում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Միակ նպատակը վճռաբեկ բողոք ներկայացնելու՝ այս փուլն անցնելն է՝ ՍԴ-ում նորմի սահմանադրականության հարցը վիճարկելու է և ՄԻԵԴ դիմելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031