Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Թուրքիան Ադրբեջանին դարձրել է Հարավային Կովկասը իր ազդեցության ոլորտ դարձնելու համար գործիք»

Օգոստոս 09,2021 20:20

Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը տարածաշրջանային գործընթացների եւ հնարավոր զարգացումների շուրջ զրույցի շրջանակներում ասաց. «Առաջինը, որ ուզում եմ նշել, հետեւյալն է: Թուրքիան ըստ էության իր առջեւ խնդիր է դրել՝ Հարավային Կովկասը դարձնել իր ազդեցության ոլորտ: Իր այդ ձգտումը նա  ակտիվացրել է սկսած անցած տարվա Արցախյան պատերազմից, որն, ըստ էության, նախապատրաստեց, ղեկավարեց, զենք, զինամթերք, վարձկաններ ուղարկեց: Սրանով ակնհայտ է դառնում, որ Թուրքիան ցանկանում է դառնալ տարածաշրջանում հիմնական գործող պետություն: Սա է աշխարհաքաղաքական այն կարեւոր նպատակը, որ իր առջեւ դնում է Թուրքիան:

Երկրորդը Թուրքիայի գործելակերպն է մեր տարածաշրջանում: Իր նպատակին հասնելու համար ոչ միայն ինքն է անմիջականորեն այդ ուղղությամբ գործողություններ ձեռնարկում, այլ նաեւ օգտագործում է Ադրբեջանին: Փաստորեն, Ադրբեջանը դարձել է Թուրքիայի այս աշխարհառազմավարական նպատակի իրականացման գործիք:

Երրորդը, որ նույնպես շատ կարեւոր է: Իհարկե, Ադրբեջանը մի այնպիսի պետություն է, որն ունի իր ծավալապաշտական, ագրեսիվ նպատակները՝ ուղղված եւ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ:

Չորրորդը. Թուրքիան, փաստորեն, մեր տարածաշրջանում օգտագործելով Ադրբեջանին՝ իր գերագույն նպատակն իրականացնելու համար ձգտում է նաեւ իրականացնել պանթյուրքիստական բնույթի իր ծրագրերը: Դրանց են ծառայում Ադրբեջանի հետ դաշնային պետության ստեղծման գործընթացի սկիզբը, որը, ըստ էության ազդարարվեց Շուշիի հայտարարագրով: Այդ նպատակներին է ծառայելու այն միջանցքը, որ Թուրքիան ձգտում է ստանալ Սյունիքով: Փաստորեն, Թուրքիան իր այդ աշխարհառազմավարական նպատակը հետապնդելով՝ հետապնդում է նաեւ պանթյուրքիստական նպատակներ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031