Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում ապրելով ենք որոշելու Արցախի հայկական լինելու ճակատագիրը». «Ապրելու Արցախ» և «Ավրորա մարդասիրական» նախաձեռնությունների հիմնադիրների շրջայցը՝ Արցախում

Օգոստոս 09,2021 18:20

Սույն թվականի օգոստոսի 7-ին «Ապրելու Արցախ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Մեսրոպ Առաքելյանը, համահիմնադիր Մանե Թանդիլյանը և  «Ավրորա մարդասիրական» ու «Ապագա հայկականը» նախաձեռնությունների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն այցելեցին Արցախի Դահրավ գյուղ, որի մոտակայքում «100 տուն Արցախում» ծրագրի շրջանակում նոր բնակավայր է կառուցվում։ Մեսրոպ Առաքելյանի և Մանե Թանդիլյանի ուղեկցությամբ Ռուբեն Վարդանյանը շրջեց շինհրապարակում, ծանոթացավ ընդհանուր նախագծին և կատարվող աշխատանքներին։

«100 տուն Արցախում» ծրագիրն իրականացվում է «Ապրելու Արցախ» հիմնադրամի և «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» նախաձեռնությամբ։

Ստեփանակերտից ընդամենը  16 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դահրավ գյուղին հարակից կառուցվող բնակարաններում հյուրընկալվելու են 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված մեր հայրենակիցները։

«Ապրելու  Արցախ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Մեսրոպ Առաքելյանն իր խոսքում նշեց, որ նոր բնակավայրը կունենա նաև առանձին ենթակառուցվածքներ՝ դպրոց, մանկապարտեզ, մշակութային կենտրոն, քանի որ Դահրավ գյուղի կրթական կառույցները ոչ բարվոք վիճակում են գտնվում.

«Արցախի և Արցախում ապրելը կարևորում ենք ոչ միայն բացառապես կացարանների առկայությամբ, այլև առաջին հերթին երեխաների համար որակյալ, հասանելի կրթության պայմաններ, կայուն ու հուսալի ապագա ապահովելով և արցախցու համար ապրելու պայմաններ ստեղծելով։ Ուստի Արցախում՝ գյուղերում ու փոքր համայնքներում պետք է կյանքի որակը հասցնենք այն մակարդակի, որ յուրաքանչյուրը հնարավորություն ունենա կրթվել իր համայնքում, կրթական կառույցները չկենտրոնանան միայն մայրաքաղաքում և ունենանք համաչափ զարգացում։ Առհասարակ, մենք չենք տարանջատում Արցախը, այն մեր հայրենիքի մի մասն է, և հենց դրա համար էլ ապրելու գյուղեր ու քաղաքներ ստեղծելով՝ պետք է, ի վերջո, կառուցենք  ապրելու Հայաստան»։

«Ավրորա մարդասիրական նախաձեռնության» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշեց. «Շատ ոգեշնչող է տեսնել այն, ինչ այստեղ իրականացվում է։ Սա, որպես նոր բնակավայր ու նոր կյանքի սկիզբ, լավ օրինակ կդառնա շատերի համար, ու բոլորի աջակցությամբ ծրագիրն արագ կյանքի կկոչվի։ Հուսով եմ, որ այս բնակավայրը կլինի հայկական մշակույթը, արժեքներն ու ավանդույթները կրող, իր յուրահատուկ դիմագիծն ունեցող արցախյան գյուղ»։

Դահրավում շրջայցից հետո Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը և Ռուբեն Վարդանյանն ուղևորվեցին Խնածախ համայնք՝ տեղահանված Պետրոսովների ընտանիք. Պետրոսովներն «Ավրորան Արցախի համար» նախագծի շրջանակում հացաբուլկեղենի արտադրամաս են կառուցել։ Հյուրերն առաջինն էին, որ փորձեցին թարմ թխված հացն ու արցախյան ժենգյալով հացը։

«Հացը կյանքի սկիզբ է խորհրդանշում, այն կյանքի, որը մենք ապրելու ենք Արցախում»,- ասաց «Ապրելու երկիր» հիմնադրամի հիմնադիր-անդամ Մանե Թանդիլյանն ու հավելեց. «Արցախում ապրելով ենք որոշելու Արցախի հայկական լինելու ճակատագիրը։ Պետք է գիտակցենք, որ կարևոր պայման է բնակվել Արցախում, խոսել հայերեն Արցախում և շարունակել կյանքը մեր հայրենի հողում։ «100 տուն Արցախում» ծրագրի շրջանակում մենք ամեն բան անելու ենք, որ հայը կրկին հնարավորություն ունենա վերադառնալ այստեղ, որ արցախցին իմանա՝ ինքը մոռացված չէ, այստեղ իրեն սպասում են։ Այս հողը կրկին բնակեցնելն ու ապրեցնելը մեր խոցված արժանապատվության վերականգնման ճանապարհն է լինելու, և եթե բոլորս ունենանք այդ գիտակցումը՝ այս ծրագիրն արագ կյանքի կկոչվի»։

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության ու «Ավրորան Արցախին» նախաձեռնության  օժանդակությամբ մի շարք ծրագրեր իրականացվել են նաև Ստեփանակերտի «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական  կենտրոնում»։ Անդրադառնալով Կենտրոնի հետ համագործակցությանը՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց. «Որպես աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն՝ կենտրոնի հետ բավականին արդյունավետ ենք աշխատում, և սա երկու կառույցների ստացված համագործակցության լավ օրինակ է։ Կենտրոնը շատ ավելի լավ է գնահատում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, և  շահառուները պրոֆեսիոնալ գնահատման արդյունքում ստանում են համապատասխան աջակցություն։ Մեր նպատակը մեկն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք ինտեգրվեն կյանքին և դառնան հասարակության լիիրավ անդամ։

«Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը» շուտով կբացի իր դռները՝ ամբողջությամբ վերանորոգված, համապատասխան սարքավորումներով և տեխնիկայով հագեցած սենյակներով։

«Ապրելու Արցախ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031