Լրահոս
Օրվա լրահոսը

«Արծրունին ասեք, որ 30 տարվա պետություն ունենալուց հետո պետության համար բանակն է կռվում, ոչ թե հադրութցին, երեւանցին կամ պահեստազորը». Լեւոն Հայրյանը՝ ջիպերով փախուստի մասին

Օգոստոս 09,2021 18:29

ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմի հանգամանքների մասին հաղորդումների շարք է սկսել: 1-ին մասում նա պատմում է. «Պահեստազորայիններն ինձ ասում էին՝ ինչի՞ համար պիտի Հադրութի համար կռվենք, երբ որ հադրութցիները ջիպերով փախան Երեւան»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը, արձագանքելով Արծրուն Հովհաննիսյանին, ասաց. «Արծրունին, մեկ էլ վարչապետ Փաշինյանին, մեկ էլ մնացած բոլորին ասեք, որ 30 տարվա պետություն ունենալուց հետո պետության համար բանակն է կռվում, ոչ թե հադրութցին, երեւանցին կամ էլ պահեստազորայինը, սա՝ մեկ: Երկրորդը՝ ենթադրենք, պատերազմի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանին մեկն այդպես է ասել, ինչո՞ւ այն ժամանակ չի հետաքրքրվել՝ բա խի՞ են փախել, ինչո՞ւ են նման բան ասում, ինչի՞ չեն փախչողներին բռնել բերել: Պարզ մեխանիզմ է եղել, բոլորն իրենց տեղում իրենց գործը թերացել են, բայց ամենամեծ մեղավորը Արծրունն է, մեկ էլ իր գլխավոր հրամանատարը, որը Նիկոլ Փաշինյանն է: Նա մինչեւ հիմա հայտարարում է, թե սա փախել է, նա փախել է, նա դավաճան է, բայց եթե մեկը փախել է, մեկը դավաճան է, դե մեկին բռնեք պատժեք: Անկազմակերպությունից, իրենց անկարողությունից պատերազմը տանուլ են տվել, հիմա ուզում են մարդ ման գան՝ մեղադրեն: Բայց քանի որ մարդ էլ չկա մեղադրելու, քրեական գործ ստեղծելու, օդում խոսում են: Արծրուն Հովհաննիսյանին ասա՝ ինչպես 44 օր օդում անհիմն խոսել ես, հիմա նույն ձեւ շարունակում ես օդում անիմաստ զրույցներ անել: Եթե հադրութցի ինչ-որ մեկը ջիպով փախել է, համենայնդեպս, 5-ը, 10-ը, 100-ը այնտեղ կանգնած կռվում էին»:

Հայրյանը ճիշտ հակառակ պնդումն արեց. «Ես կարող եմ ուրիշ բան ասել Արծրունին եւ մնացածներին, որ Հադրութի ժողովուրդը ինքն իրեն աշխարհազոր կազմելով՝ դուրս է եկել Հադրութը պահելու, պետական բանակային ստորաբաժանումները ասում էին՝ դուք գործ չունեք, հեռու գնացեք՝ մենք ենք կռվելու, գործ չունեք, գործ չունեք: Թե՝ «սպեցնազը» այնտեղ կանգնած է, ինքը մտնելու է, դու իրավունք չունես, հեռո՛ւ գնա: Տեսել եմ հարյուրավոր մարդիկ՝ հավաքված Հադրութի վերեւը, ուզում են մտնեն, օգնեն մի բանով, պետական բանակային ստորաբաժանումներն ասում էին՝ դուք իրավունք չունեք խառնվեք, հեռու գնացեք այստեղից, մե՛նք ենք անելու»:

Ըստ Լեւոն Հայրյանի, պատերազմում մեր պարտության հիմնական պատճառը եղել է վատ կազմակերպվածությունն ու «բարդակը». «Դրա միակ մեղավորը գլխավոր գերագույն հրամանատարն է, իսկ թե ով է գլխավոր հրամանատարը, թող այնտեղ վերեւներում իրար մեջ պարզեն»:

Ըստ Հայրյանի, երբեք ոչ մի կռվի ժամանակ այդքան զորք հավաքված չի եղել, բայց այդ զորքին կազմակերպող չկար. «Բանակի ստրուկտուրան խառնել էին, 4 տարվա մեջ 5 հատ ռազմական նախարար են փոխել: Եթե որեւէ մեկը մեղավոր է, թող սկսեն վերեւից ներքեւ գան՝ Նիկոլ Փաշինյանը մեղավո՞ր է, թե՞ մեղավոր չի՝ դնեն ղրաղ, Տոնոյան Դավիթն ո՞ւր է, պատերազմ է տանուլ տվել՝ չգիտենք որտեղ է, որեւէ մեկը հայամեջ կարո՞ղ է այսօր ասի՝ Տոնոյան Դավիթը որտեղ է: Որտե՞ղ ես տեսել ժողովուրդը գնա սահման պահի: Հադրութցին փախել է, որովհետեւ դուք եք ասել՝ շուտ երեխեքով, կնանիքով գնացեք: Գիտե՞ք ինչ ագիտացիա էին անում, ասում էին՝ գնացեք, մի երկու օր է, հետ եք գալու: Մարդիկ են եղել, նույնիսկ անձնագիրն է թողել այնտեղ՝ հավատալով, որ մեկ է, երկու օրից բանակը հետ է վերցնելու: Այդ ագիտացիան լրիվ դիտավորյալ ու դավաճանական կազմակերպված էր, բոլորին ասել են՝ գնացեք, մի 2 օրից հետ եք գալու: Այսինքն, իրենց անճարակությունը ծածկելու համար մեղավորներ են ման գալիս: Քանի որ իրենց պարտության համար մի ուժ չկա, որ իրենցից պատասխանատվություն պահանջի, իրենք շուռ են եկել, ուզում են ուրիշներին մեղավոր հանեն, էլի: Ենթադրենք, Արծրունի նման մեկը փախել է Հադրութից, ժողովրդին ինչի՞ եք մեղադրում: Այսքան զորք ես չեմ տեսել, բայց ամբողջ ճանապարհին զինվորներ էին, ո՞ւր ես գնում՝ չգիտեն, հրամանատարդ ո՞վ է՝ չգիտեն: Հադրութից հետ էի գալիս իրիկունը, 7 զինվոր մոտեցել են, խնդրում են՝ ձյաձ, մեզ էլ տար մինչեւ այսինչ տեղը, Ստեփանակերտ ենք ուզում գնանք: Հադրութցի չէին, Հայաստանից եկած զինվորներ էին: Ասում եմ՝ լավ, բա ձեր զենքերն ո՞ւր են: Ուրեմն պատերազմի դաշտից հետ են գնում, ճանապարհին ամեն ինչ իրենց կարող է հանդիպի՝ դիվերսանտից սկսած՝ մինչեւ ավազակ, բայց զենքերը շպրտել են, որ թեթեւ հետ գան: Ես այդ զինվորին չեմ մեղադրում, ես մեղադրում եմ զինվորի հրամանատարին, որ իր զինվորի տեղը չգիտի: Ու այսպես հրամանատարներին բռնելով՝ աստիճան առ աստիճան բարձրանում ենք, հասնում ո՞ւմ՝ գլխավոր գերագույն հրամանատարին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լեւոն Հայրյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031