44-օրյա պատերազմից հետո, զինադադարի կնքումից հետո Արցախի Խծաբերդ գյուղում գերեվարված եւ Ադրբեջանում անազատության դատապարտված զինծառայողների հարազատներն այսօր բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ․ նրանք պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն, ինչպես հարազատներն ասացին, իրենց մոտեցել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը եւ ասել՝ այսօր հնարավոր չէ հանդիպում, քանի որ օրակարգում նման հարց չկա։ Ծնողները ցույցերը շարունակելու են այնքան, մինչեւ Փաշինյանն իրենց ընդունի։
Գերեվարվածներից մեկի՝ Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրանն ասաց, որ պետքական մարմիններից իրենց տեղեկություն էին հայտնել, խոստացել, որ մինչ հուլիսի վերջ հնարավոր կլիներ վերադարձնել գերեվարվածներին, սակայն պարզվել է, որ չի ստացվում, եւ քանի որ չի ստացվում, եկել են կառավարության շենքի մոտ՝ հասկանալու՝ տղաներին ի՞նչ ճակատագիր է սպասվում, կառավարությունն ի՞նչ է անում նրանց վերադարձնելու համար եւ վերջապես ե՞րբ կվերադառնան։
«8 ամիս սպասել ենք, հիմա եկել ենք այն եզրահանգման, որ պետք է այստեղից ոչ մի տեղ չգնանք, մինչեւ մեր տղաներին բերեն, հասցնեն մեզ։ Միշտ մեզ հավաստիացրել են, որ կլինի, մոտակա օրերը կլինի, գործընթաց է գնում, բայց տեսնում ենք, որ գործընթացը շատ դանդաղ է առաջ գնում, ու ի՞նչ, մեր տղաները դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման»,-ասաց Տիգրանը։
Մելս Ամբարդարյանի մայրը՝ Նելլի Օմաշարյանն էլ ասաց՝ ժամուկեսից ավելի է՝ կառավարության շենքի աստիճաններին ծնողները նստած են, մեծ մասը՝ կանայք, ու կառավարությունից ոչ մի արձագանք չկա․ «Ապշած եմ, չէ՞ որ մենք եկել ենք նրանց դուռը խնդրանքով, աղաչանքով, ես ուղղակի ամաչում եմ․․․ Ութ ամիս է՝ գալիս- գնում ենք, այլեւս ուժ չունենք, հազիվ եկել ենք, ուզում ենք մեզ մարդավարի ընդունեն, հայ կնոջ նման, ճիշտ պատասխան ստանանք։ Այս դատավճիռները 38 տղաների նկատմամբ, աբսուրդ էր, անտանելի մի բան է, որը չպետք է քնեցնեն, մենք չենք կարող հաշտվել այս դատավճռի հետ։ 6 ամսով դատապարտված տղաներից հետո մենք հույս ունեինք, որ մեր տղաներն էլ պետք է վեց ամսով դատապարտվեին։ Շատ շտապ լուծումներ ենք պահանջում։ ՄԻԵԴ-ով եթե կարողանան տղաներին վերադարձնել, երկու տարի կտեւի, իսկ արդյոք մենք ողջ կմնա՞նք այդ ընթացքում, մեր երեխաները ողջ կմնա՞ն։ Չենք կարող սպասել»։
Կարդացեք նաև
Գերեվարվածները Կարմի Խաչիր միջազգային կոմիտեի միջոցով դատավճռից չորս օր առաջ խոսել են հարազատների հետ, որոնք ասացին՝ ընդամենը մի քանի կարճ խոսք, ո՞նց եք, ի՞նչ կա-չկա, իրենց մասին տղաները ոչինչ չեն ասում, միայն՝ մենք լավ ենք։ Ծնողները, սակայն, գիտեն՝ տղաներն այլ բան չեն կարող ասել՝ հասկանալի պատճառներով, համ էլ՝ տանեցիներին չվշտացնեն։
Սեյրան Եղիազարյանն էլ ասաց, որ որդին նոյեմբերի 27-ի է մոբիլիզացվել բանակ, նրանց խումբը հայտնվել է Հադրութի Խծաբերդում, 62 գերեվարվածներից մեկն է; Սեյրան Եղիազարյանի որդին Բաքվի դատարանում վեց տարվա անազատության դատապարտվածներից մեկն է։ Նա իր որդուն տեսել է Բաքվում դատավարության մասին ռեպորտաժներում։
Մինչ այս դատավճիռը ծնողները հույս ունեին, որ տղաներին շուտով կվերադարձնեն, հիմա օր օրի հույսը մարում է, ծնողներն էլ չեն դիմանում, անտանելի հոգեբանական տառապանքից, սթրեսից ինչ հիվանդություն ասես, որ ձեռք չեն բերել։ Գերեվարվածներից մեկի ծնողն էլ չդիմացավ, մահացավ սրտի կաթվածից։ Հարազատներն ասացին՝ գերեվարված տղաներից յուրաքանչյուրի ընտանիքում ծանր հոգեբանական վիճակ է՝ կտեսնե՞ն իրենց զավակներին, թե՞ ոչ։
Սեյրան Եղիազարյանի պատմելով՝ այլեւս ոչ մի տեղից ակնկալիք չունեն, կառավարությունից, ԱԱԾ-ից, պետական տարբեր կառույցներից հուսադրեցին, խոստացան, որ տղաների գլխից մազ չի պակասի, բայց փաստն այն է, որ դատապարտվեցին․ «Հույս էին տալիս, թե հուլիսի վերջին 25 հոգանոց խումբ կվերադարձնեն, մնացածին էլ՝ մինչեւ օգոստոսի 15-ը»։
Այսօր գերեվարվածների հարազատներից երեքի հետ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Նրա հետ հանդիպումից հետո հարազատներն ասացին՝ Գեւորգյանի հետ ոչինչ չեն քննարկել, իրենք իրենց պահանջն են ներկայացրել՝ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ եւ իրենց խնդրի շտապ լուծում՝ տղաների վերադարձ հայրենիք։ Իսկ թե երբ, որ օրը կլինի այդ հանդիպումը, պարզ չէ։ «Մինչեւ հանդիպում չլինի՝ այստեղից ոչ մի տեղ չենք գնալու։ Եթե մեր կառավարությունը հանդուրժելու է, որ գերեվարվածների ծնողները հինգ օր մնան դրսում կառավարության շենքի դիմաց, ուրեմն՝ հինգ օր հետո, ուրեմն մի ամիս հետո, մեր տունը սա է, մինչեւ չհանդիպենք կառավարության ներկայացուցիչների հետ՝ չենք գնալու տուն»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ