Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ապագա է սպասվում Արցախին. Աշոտ Ղուլյանը՝ նոր գումարման խորհրդարանի քննարկումների մասին

Օգոստոս 09,2021 18:40

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շատ դժվար է հետևել Հայաստանում նոր գումարման խորհրդարանի առաջին օրերի աշխատանքներին և չարձագանքել: Հընթացս արձագանքելը գուցե ավելի կհեշտացներ գործը, բայց լիարժեք տեսակետ ներկայացնելու համար անհրաժեշտ էր համբերատար դիտարկել հունիսի 20-ի ընտրություններից հետո ձևավորված նոր պառլամենտի արտաքին «փայլը» և խորքային զարգացումների դինամիկան, որպեսզի պատկերացում կազմվի, թե քաղաքական ինչ խճանկար է ստացվել արտահերթ ընտրությունների արդյունքում, և ինչ սպասելիքներ կարող ենք մենք ունենալ ապագայում՝ բոլորիս հուզող հարցեր պարունակող այս ժամանակահատվածում:

Միանգամից ասեմ, որ արտաքին «փայլը» չստացվեց, այստեղ օբյեկտիվ պատճառներ կային և հիմնականը անցած աշնանը մեր գլխին պատուհասած աղետից հետո տիրապետող դեպրեսիվ հանրային հոգեվիճակն է. լարվածությունը, նյարդային վիճակը խանգարում են բնականոն աշխատանքին: Խորքային զարգացումների մասով, կարծում եմ, պետք չէ վերջնական գնահատականներ տալ, քանի որ խորհրդարանի անհատական կազմը (իմ ճանաչած մարդկանց մասին է խոսքը) վկայում է մի շարք պատգամավորների մտավոր, մասնագիտական պատրաստվածության և մարդկային բարձր որակների մասին (Էլինար Վարդանյանի, Արմեն Գևորգյանի, Արմեն Ռուստամյանի, Հայկ Մամիջանյանի ելույթները՝ որպես օրինակ)…

Նոր խորհրդարանում ակնհայտ է երկու իրարամերժ աշխարհընկալումների գոյությունը (փիլիսոփայություն ասելն այս պարագայում ճոխություն կլիներ). առաջինը՝ անցած տարվա պատերազմի արդյունքները հանգիստ ընդունող, համազգային շարունակվող խայտառակությունը ամեն գնով արդարացնող, ծանր իրավիճակում հանրությունը համախմբող և ոչ ստանդարտ լուծումներ առաջարկելու ցանկություն (գուցեև կարողություն) չունեցող մեծամասնությունը և, երկրորդը՝ հայության բոլոր հատվածների համար ստեղծված իրավիճակի լրջությունը գիտակցող, անցած տարվա կործանարար պատերազմից ճիշտ եզրակացություններ անելու, համարձակ լուծումներ առաջարկելու, ազգային միաբանության մթնոլորտ ձևավորելու ցանկություն ունեցող և պետական կառավարման համակարգում դրական փորձի և բարձր պատրաստվածության երիտասարդների ճիշտ համադրությամբ փոքրամասնությունը, որ այսօր ընդդիմությունն է:

Չէի ուզենա ժամանակից առաջ ընկնել և ազդարարել, որ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ձևավորելու հարցը գլխավոր փորձաքարն է լինելու այս գումարման խորհրդարանի համար, բայց հենց այս հարցը կարող էր դառնալ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի համատեղ գործողությունների ծրագրի հիմքը: Ինչ թեմայից էլ խոսեն խորհրդարանում, միևնույն է, ապագան ծրագրելու ամեն մի փորձ հանգելու է այն հարցադրմանը, թե ի՞նչ ապագա է սպասվում Արցախին (կամ ինչ որ նրանից մնացել է):

Գրեթե համոզված եմ, որ նոր խորհրդարանում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելն օգտակար կլիներ և առաջին հերթին հենց իշխանությունների համար: Այս քայլը լուրջ ազդանշան կլիներ միջազգային կառույցների համար, թե ինչ ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով է գնալու Հայաստանը՝ Արցախին վերաբերող հարցերում: Մենք 90-ական թթ. ոչ դասական քայլերով կարողացանք փոխել իրավիճակը, այդ թվում և միջազգային հանրության համակրանքի առումով: Նաև գրեթե վստահ եմ, որ այս թեմայով նոր գրառում կամ մեկնաբանություն անելու անհրաժեշտություն կլինի:

Իմ մտքում դեռ կրկնվում է այս հարցադրումը՝ գուցե Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելը աշխարհասփյուռ հայության համար նոր ազատագրական շարժման մեկնարկի ու հնարավորության թափանցիկ ակնարկ կարող էր լինել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031