Վերլուծելով Հայաստանի և Արցախի այսօրվա իրավիճակը, կարող ենք հստակ գալ մի եզրահանգման, որ համարյա չկա մի բնագավառ, որտեղ վիճակը շատ թե քիչ բարվոք լինի, քանզի մենք դաժան պարտություն կրած հետպատերազմյան իրավիճակում ենք, որի ծանր հետևանքները հարվածել են երկրի բոլոր բնագավառների գործունեությանը, քանզի դրանք ուղղակիորեն փոխկապակցված են միմյանց:
Այժմ փորձենք տեսնել, թե ինչ ճանապարհներ կան ստեղծված ծանր վիճակից դուրս գալու համար, քանզի այլևս այլընտրանք չունենք: Առաջին հերթին վերլուծենք երկրի անվտանգային իրավիճակը, նրան սպառնացող բազմաթիվ մարտահրավերները և դրանցից՝ ի հնարավորին փոքր կորուստներով դուրս գալու ուղիները:
Այն, ինչ արդեն երեք ամիս է տեղի են ունենում Հայաստանի մի շարք գրավյալ տարածքներում, դրա մասին շատ է գրվել և խոսվել, սակայն դրանց արդյունքում սայլը տեղից չի շարժվել, ավելին՝ ստեղծված իրավիճակը գնալով ավելի վատթարանում է, քանզի օր-օրի այդ գրավյալ տարածքների տարբեր ուղղություններով նրանք ավելացնում են իրենց զինվորների թիվը, օր-օրի ավելի են խորանում մեր տարածքներից ներս, օր-օրի ավելի են ամրապնդում իրենց դիրքերը և որ ամենակարևորն է, օր-օրի ավելի վստահություն են ձեռք բերում, որ իրենց մուտքը Հայաստանի տարածքի տարբեր հատվածներ՝ վերջնական է և փոփոխության ենթակա է մի առումով միայն, որ դրանք կարող են միայն ընդլայնվել ու ոչ մի դեպքում հակառակը: Նման համոզմունք ունենալու գրավականը նրանց տվել է հայկական կողմի պահելաձևը, այսինքն` լռությունը՝ չգործողությունները:
Լավ, արդեն երեք ամիս է, ինչ նրանք գրավել են մեր տարածքների մի մասը և հեռանալու մտադրություն ընդհանրապես չունեն, ավելին՝ մշտապես փորձում են էլ ավելի խորանալ, իսկ մենք շարունակում ենք լռել: Հարց է առաջանում. ի վերջո, նման իրավիճակում ո՞րն է մեր մարտավարությունը. վախենու՞մ ենք պատասխան գործողությունների դիմել, թե՞ հերթական անգամ ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ անգամ այս դեպքում, մենք խաղաղության կողմնակից ենք, դրա համար լռում ենք ու չենք գնում ադեկվատ քայլերի: Այսինքն, ո՞ւմ ենք ի՞նչ ուզում ապացուցել … Դե, ուրեմն եկեք այնքան լռենք, մինչև կգրավեն ողջ Հայաստանը …
Կարդացեք նաև
Լրիվ անհասկանալի է, թե սա ի՞նչ հիմար մոտեցում է … Լռում են՝ լռում ենք, կրակում են, մենք էլ ենք կրակում, իբր քնած չենք, պատասխանում ենք: Նման մարտավարության մեջ մեկ բան հատկապես զարմանալի է. մեր լռությամբ և կատեգորիկ անգործությամբ այնպես հանգիստ ենք մեզ պահում, կարծես այդ ողջ գործողությունները տեղի են ունենում ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի տարածքում, այնպես որ, մենք իբր այլ քայլերի դիմելու կարիք ընդհանրապես չունենք, դրա մասին թող իրենք մտածեն: Ո՞ւմ ենք խաբում. Ադրբեջանի՞ն ու Թուրքիայի՞ն, մե՞զ, թե՞ աշխարհին:
Թշնամին արդեն հիմնվելով իր կողմից Հայաստանից գրաված տարածքների, դրանց օր-օրի ընդլայնման, բնակչության բացահայտ ահաբեկումների և անպատասխան մնալու կոնկրետ փաստերի վրա, արդեն աջ ու ձախ լպիրշորեն բարձրաձայնում է, որ շուտով իրենք կունենան Հայաստանի տարածքով անցնող երբեմնի երազանքի, իսկ այժմ համարյա իրատեսական միջանցքը, որով ազատ երթևեկելով հերթով կվերցնեն Սևանը, Երևանը … (այսինքն՝ ողջ Հայաստանը), իսկ մենք նույն կերպ լռում ենք, ինչպես ժամանակին, երբ բազմիցս ասվում էր, որ շուտով Թուրքիան՝ Ադրբեջանի հետ միասին կհարձակվի Արցախի, իսկ հետագայում նաև Հայաստանի վրա, մենք մի տեսակ քամահարանքով էինք նայում դրան, շարունակաբար կրկնելով. բա աշխարհը մեռե՞լ է, աշխարհը նման բան ո՞նց թույլ կտա: Թույլ տվե՞ց, թե՞ ոչ … Մի՞թե այսքան շուտ մոռացանք …
Փաստորեն, նաև շատ կարճամիտ ենք դարձել … Կարո՞ղ ենք ասել, որ հիմա էլ չգիտենք մեր հանդեպ աշխարհի իրական վերաբերմունքի մասին… Անհասկանալի է, որ ինչ-որ պահից սկսած, շարունակաբար ինքներս մեզ խաբում ենք, դրանով ո՞ւմ և ի՞նչ ենք փորձում ասել ու անել … Մոռացե՞լ ենք 2020թ. նոյեմբերի 9-ը, թե՞ չենք խրատվել, ուզում ենք նաև Հայաստանի մասով ճիշտ նույն կերպ առնչվել դրան …
Կարծում եմ, այն ինչ վերևում ասվեց, հասկանալի է անգամ դպրոցականներին …
Հայրենակիցներ, եթե այսօր մի բան մեզ ամենաշատն է պակասում, դա ժամանակն է, որից երեք ամիս արդեն աներևակայելիորեն մսխել ենք, (որի համար ազգովի պատասխան ենք տալու), ուստի բերեք խելքի գանք ու վայրկյան առաջ փրկության քայլեր ձեռնարկենք, քանզի մեր վիճակն իրոք օրհասական է, քան երբևէ և անգամ վաղը կատարած քայլերը չափազանց ուշացած են լինելու … Հայոց Մեծ եղեռնի ժամանակ գոնե հույսի տեղ կար՝ Հայաստանը, որ հայի գենը չի վերանա, այսօր արդեն կշեռքի նժարին է դրված Հայաստանի լինել-չլինելու հարցը և այդ դեպքում ինչի՞ն ենք ապավինելու, ինչի՞ վրա ենք մեր հույսը դնելու …
Սրանք լոկ խոսքեր չեն, սա այն դառը իրականությունն է, որի մեջ մենք հայտնվել ենք այսօր և եթե ազգովի չհամախմբվենք և րոպե շուտ կոնկրետ քայլեր չանենք, ապա Հայաստանը վերջնականապես կհայտնվի մի աներևակայելի մշուշի մեջ, որտեղից փրկվելու շանսերը կդառնան զրոյական…
Միակ մեղավորը մենք ենք, որ թույլ ենք տվել մեր շուրջն այդ մշուշն առաջանա, ավելին՝ մեր անգործությամբ, մեր կամքով քայլ-քայլ մոտեցել և ընկղմվել ենք այդ մշուշի մեջ …
Եվ այդ ամենն այն պատճառով, որ օտարները մեր միտքը լվացել են, իսկ ասողին լսող չկա …
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ