«Ես կարող եմ ասել այն, ինչ ինձ է հայտնի։ Մոսկվայում մեր ռազմավարական գործընկերոջ պաշտպանական գերատեսչության հետ քննարկվել է սահմանային իրավիճակներում հնարավոր զարգացումները կանխելը»,-«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչ էր նկատի ունեցել ՀՀ ՊՆ-ն, երբ վերջին ռազմական սրացումներից մեկի ժամանակ օգտագործել էր «Մոսկվայում սպասվելիք բանակցություններից առաջ» արտահայտությունը։
Անդրանիկ Քոչարյանը նշեց․ «Հիմա թե այս պահի դրությամբ ուր են հասել եւ մեր ու ՌԴ ԶՈՒ միջեւ ինչ պայմանավորվածություններ են հաստատվել, ես կդժվարանամ ասել։ Բայց կարծում եմ, որ դա երբեք չի կարող լինել ի վնաս ՀՀ-ի»։
Աննա Գրիգորյանը կասկածանքով մոտեցավ պնդմանը, թե ի վնաս ՀՀ-ի որեւէ բան չի կարող լինել եւ հիշեցրեց այն փաստաթուղթը, որով Սյունիքի ռազմավարական նշանակության ճանապարհը հանձնվել է թշնամուն։
Կարդացեք նաև
Աննա Գրիգորյանը նաեւ նշեց, որ Քոչարյանի պատասխանը հստակ չէ, պարզ չէ, թե ինչ բանակցությունների մասին է, ընդ որում՝ հանրությունը որեւէ փաստաթղթի ստորագրումից հետո է մի բան իմանում։ Քոչարյանը նշեց․ «ՌԴ-ում քննարկվում են մեր սահմանների հետ կապված խնդիրներ, որոնց, բնականաբար, մասնակցում է նաեւ հակառակորդ կողմից որեւէ զինվորական պաշտոնյա։ Որեւէ մեկն ԱԺ-ի հետեւում որեւէ բանակցային գործընթաց չի կարող տանել։ Վերջին հաշվով, այդ ամենը քննարկվելու է նաեւ ԱԺ-ում, եթե դրա կարիքը լինի։ Ես այս պահին տվեցի սպառիչ պատասխան»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ