Կառուցողական աշխատանքի մասին չի կարելի միայն խոսել, ինչպես վարվում է իշխանությունը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը`գնահատելով նորընտիր խորհրդարանի աշխատանքների մեկնարկը: Նա ուշադրություն է հրավիրում իշխանական պատգամավորների պահվածքին, ովքեր ընդդիմադիր պատգամավորների`իրենց համար անհարմար հարցերին կամ չեն պատասխանում, կամ շրջանցում են դրանք եւ մեծամասնության շնորհիվ՝ քվեարկության արդյունքում արձանագրում են իրենց համար ցանկալի պատկեր: Նման իրավիճակում նա անհնար է համարում կառուցողական աշխատանքը:
Անդրադառնալով ընդդիմության հասցեին հնչող քննադատություններին, թե գնացել խորհրդարանում եւ փորձում են աշխատանքի ընդհանուր եզրեր գտնել ուժի հետ, որին մեղադրել են հայրենիքը հանձնելու եւ այլ ծանր հանցագործությունների մեջ, Արթուր Վանեցյանն ասաց. «Ի վերջո, խորհրդարանն այն վայրն է, որտեղ պետք է կարողանանք կատարել աշխատանք, որը օգուտ կբերի ՀՀ-ին եւ հայ ժողովրդին: Բայց, միեւնույն ժամանակ, ընդդիմությունն իրավունք չունի մոռանալու, թե ի՞նչ բերեց այս իշխանությունը մեր երկրի գլխին եւ դրա մասին պարտավոր ենք անընդհատ հիշեցնել իշխանությանը եւ թույլ չտալ, որպեսզի մոռացության տան կամ փնտրեն այլ մեղավորներ: Իսկ այդ աշխատանքը`այլ մեղավորներ փնտրելու կամ նշանակելու, արդեն սկսված է»:
Պատասխանելով 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու իշխանության որոշման մասին հարցին, Արթուր Վանեցյանը հիշեցնում է, որ քննիչ հանձնաժողովը ոչ թե իշխանության, այլ ընդդիմության գործիքն է, որը բացառապես քաղաքական իրավասություն ունի եւ եթե քննիչ հանձնաժողովի մասին խոսում է իշխանությունը, ապա դա նշանակում է, որ իշխանությունն ապաշնորհ է եւ չի կարողանում օգտագործել իր ունեցած իրավական լծակները`հարցերի պատասխանները ստանալու եւ մեղավորներին գտնելու համար: Իշխանության կողմից այդ քայլը նա բնութագրում է հերթականը`44-օրյայի իրական մեղավորներին թաքցնելու համար:
Իսկ այն, որ այս իրավիճակում արդեն տեւական ժամանակ ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչությունը ղեկավար չունի, Արթուր Վանեցյանը բացատրում է նրանով, որ ՀՀ իշխանությունը զբաղված է ոչ թե ՀՀ շահերի հետապնդմամբ, այլ երկրների, գերտերությունների շահերի: Երկրորդ պատճառը, ըստ Վանեցյանի, իշխանության սուղ կադրային ռեզերվն է:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Արթուր Վանեցյանի դեմ հարուցված հայտնի մահափորձի կազմակերպման գործից: Այդ գործով անցնում են նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
Արթուր Վանեցյանն ասաց, որ գործով առաջընթաց չկա եւ վարույթ իրականացնող մարմինն էլ ընդունել է, որ ձայնագրությունը մոնտաժված է: Լրագրողներից մեկի հարցին`իր ԱԱԾ ղեկավար եղած ժամանակ է՞լ էին տեսագրությունները եւ ձայնագրությունները մոնտաժվում, Արթուր Վանեցյանը պատասխանեց`ոչ:
Հարցին`ի՞նչ կասեք գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մասին ԱԱԾ բացահայտումների `«տուշոնկա» շոուի մասին, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Տուշոնկա» շոուի հետ կապված ես չեմ ցանկանում ինչ-որ մեկնաբանություն տալ: Աստված հոգին լուսավորի գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եւ եկեք այդ թեմայի շուրջ չխոսենք: Եթե ես ինչ-որ մի տեղ սխալ բան եմ արել՝ քննությունը կպարզի, եթե ես ինչ-որ մի տեղ սխալ բան եմ արել, այս իշխանությունների շահերից է բխում ինձ մեղադրանք առաջադրելը, ինչպես լուսահոգի գեներալն էր ասում`«համ չագուչն է իրենց ձեռքին, համ մեխը», թող փորձեն ինչ-որ մի բան ապացուցել»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ