«Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ 2000-2002 թթ․ իր ծառայության ժամանակ հացի ու ջրի կարիք է ունեցել, փաստորեն սոված է մնացել։ Բանակում ներքնաշորի խնդիր է եղել։ Այս հարցերը բարձրաձայնե՞լ եք հանձնաժողովում»,-«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ այսօր Քոչարյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նա շարունակեց․ «Ինչպե՞ս է ստացվում, որ Սիմոնյանի ծառայության տարիներին թիկունքի պետ եղած Գագիկ Մելքոնյանը հիմա հայտնվել է ձեր ցուցակում եւ դարձել պատգամավոր։ Այս հարցերը տվե՞լ եք ձեր առաջնորդին։ Պատասխաններ պահանջե՞լ եք Ալեն Սիմոնյանից եւ Գագիկ Մելքոնյանից։ Եթե Սիմոնյանն իր ծառայության տարիներին սոված է եղել, ստացվում է, որ դրա անմիջական պատասխանատուն Գագիկ Մելքոնյանն է եղել»։
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ Ալեն Սիմոնյանի տեսակետը ժամանակին կիսել են շատ-շատ ընտանիքներ․ «Այն ժամանակ շատ ծնողներ տուլիկներ էին ուղարկում ծառայող զավակներին։ Բազմազանություն պետք է լինի նաեւ սննդակարգի մեջ։ Զինվորը երեխա չի, բայց սննդակարգի հետ կապված խնդիրներ են եղել նաեւ բանակում։ Այդ խնդիրները հիմա չկան, բանակում սննդակարգը բազմազան է։ Տուլիկներ հիմա որպես այդպիսին չկան։ Շատերն ասում են, թե ինչու ելակ կա։ Այո, որոշակի բազմազանություն պետք է լինի, որպեսզի որեւէ մեկի աչքը չմնա սննդի․․․բայց դա հավասարակշռված պետք է լինի։ Նման խնդիրների լուծմամբ պետք է ուրախանալ, ոչ թե ասել, թե Ալեն Սիմոնյանի ասածը․․․Գագիկ Մելքոնյանին մեղադրելուց առաջ նույն կերպ կարող եք մեղադրել Սեյրան Օհանյանին, որը ութ տարի ՊՆ է եղել։ Նույն կերպ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին։ Եթե տեսնում եք Գագիկ Մելքոնյանի մեղավորությունը, պետք է տեսնեք նաեւ ձեր դաշինքի առաջնորդի մեղավորությունը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ