«Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը իր կոկիկ շորերով բոլորիս հավասար հրդեհ էր հանգցնում այգում, խեղդվում էր, թունավորվել էր, իմ աչքի առաջ 10 րոպե հետ էր տալիս, հիմա այդ տղուն գործից հանո՞ւմ են: Թող քաղաքապետարանի աշխատակիցները թող մի անգամ գան հարցնեն՝ ի՞նչ խնդիր կա, չեն գալիս: Միամիտ գալիս են ոստիկաններով, թե՝ ես փոխքաղաքապետն եմ, սա նոր տնօրենն է: Մենք հանցագործի նմա՞ն ենք: Լսե՞լ եք այս երկու տարի, որ մի հատ շուն մտնի այգի, նախորդ տարիներին տասը անգամ մտնում էին»,- այսպիսի դժգոհությամբ այսօր Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքի ցույց էին անում:
Հարցին՝ ձեր պահանջն այն է, որ Վլադիմիր Սիմոնյանը մնա տնօրենի պաշտոնո՞ւմ՝ աշխատակիցը պատասխանեց. «Կամ նա մնա, կամ կոմպրոմիսով այլ տնօրեն գա: Բայց այս քաղաքում ուրիշ հերոսի անուն չկա՞, հա Ռուբեն Խաչատրյա՞ն»:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Երեւանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է կենդանաբանական այգի՝ կենդանաբանական այգու նոր տնօրենի պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանին ներկայացնելու: Իսկ նա, ըստ այգու աշխատակիցների, նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աջակիցներից է, աշխատել է նրա հիմնադրամում ու նրա աջ ձեռքն է:
Կենդանաբանական այգու աշխատակիցները նախկին տնօրենի դեմ բազմաթիվ բողոքի ցույցերից հետո, ի վերջո, հասան նրա ազատմանը, հիմա էլ Արեւիկ Մկրտչյանին են ուզում նշանակել:
Կարդացեք նաև
«Քաղաքապետարանը մենակ տնօրեն է ուզում փոխի, թող աշխատավարձերը բարձրացնի, 75 հազարն ի՞նչ փող է՝ ամբողջ օրը արեւի տակ ենք»,- բողոքում էին այգու աշխատակիցները:
Նրանք հայտարարեցին, որ պայքարը շարունակելու են ու ամեն օր ցույց են անելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ