Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվեց Արցախյան պատերազմներում զոհված խաչաղբյուրցիներ Կարինե Գեւորգյանի, Անդրանիկ Պողոսյանի, Անդրանիկ Գաբոյանի, Նարեկ Հովհաննիսյանի եւ Նարեկ Գալստյանի հիշատակը հավերժող հուշարձանը։
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, Վարդենիսի տարածքի համայնքների ղեկավարներ, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի զինվորականներ, մարզային զինկոմիսարիատի, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, մանկավարժներ, հյուրեր, զոհվածների ծնողներ եւ հարազատներ:
Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածքի հոգեւոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը։ Իրենց ելույթներում Արցախի ազատագրության ու պաշտպանության համար զոհված հերոսներին փառաբանեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Խաչաղբյուր համայնքի ղեկավար Սերգո Գալստյանը, հերոս Նարեկ Գալստյանի քույր Հասմիկ Գալստյանը։
«Կարինե Գեւորգյանը, Անդրանիկ Պողոսյանը եւ Անդրանիկ Գաբոյանը զոհվել են Արցախյան առաջին պատերազմում, իսկ Նարեկ Հովհաննիսյանը եւ Նարեկ Գալստյանը՝ Արցախյան 44- օրյա պատերազմում։ Խաչաղբյուրի քաջարի զավակները հայրենի հողի ազատագրման ու պաշտպանության համար չեն խնայել իրենց կյանքը, որպեսզի Հայաստանի վրա միշտ ծագեն խաղաղության արշալույսները։ Շատ ծանր է մեզ համար մեր թանկագին զավակների կորուստը, բայց մենք սփոփվելու մեկ բան ունենք, այն, որ նրանք հերոսացան ու հավերժացան հանուն հայրենիքի, հանուն հայ սերունդների ազատության ու արժանապատիվ կյանքի։ Իսկ մեր պարտքն է՝ ոչ միայն անմահ պահել նրանց հերոսական անունները, այլ նաեւ պայքարել նրանց երազանքների իրականացման համար, հայրենիքի շենացման ու հզորացման, բարօր կյանքի կառուցման համար։ Որպեսզի ապրեն մեր հերոսների անուններն ու գործերը, պիտի աշխատենք ու պայքարենք մենք, պիտի սերնդեսերունդ խոնարհվենք այս հուշարձանի առաջ՝ խնկարկելով նրանց սուրբ հիշատակը» ,-նշեց համայնքի ղեկավար, հերոսացած Նարեկ Գալստյանի հայր Սերգո Գալստյանը։ Հիշատակի և ոգեկոչման խոսքերով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը:
Կարդացեք նաև
Հուշարձանը մտահղացվել եւ պատրաստվել է Սերգո Գալստյանի նախաձեռնությամբ ու ֆինանսական միջոցներով եւ Արսեն Ներսիսյանի քանդակագործությամբ։
Հերոսների նվիրված գրական -երաժշտական կատարումներով հանդես եկան Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցի շնորհալի սաները:
Գեղարքունիքի մարզպետարան