Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկարողացա ապացուցել, որ տրամվայի չեմ սպասում, ես գիտական կենտրոնի տնօրենն եմ». Արմեն Պետոյան

Օգոստոս 09,2021 14:39

Օդեսայի հայագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Պետոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ բազմաթիվ նամակներ է ուղղել ՀՀ կառավարությանը, ՀՀ արտգործնախարարությանը, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակին, մշակույթի եւ հետագայում՝ ԿԳՄՍ նախարարներին, նաեւ հանդիպել որոշ պաշտոնյաների հետ՝ Ուկրաինայում հայկական մշակութային ժառանգության պահպանության հանդեպ պետական հոգածություն ակնկալելով, բայց որեւէ պատասխան կամ հանդիպում առայժմ իրեն չի գոհացրել: Նախարարները՝ Արմեն Ամիրյանից սկսած՝ փոխվել են, խնդիրը մնացել է նույնը:

«Ես այդպես էլ չկարողացա պետական կառույցներին ապացուցել, որ տրամվայի չեմ սպասում, ես գիտական կենտրոնի տնօրենն եմ… Մի տեսակ պատնեշավորվել են, ամեն կողմից մի երկու գովեստի խոսք են ասել, թե պարոն Պետոյան, դուք լավ բան եք անում, բայց հեռու մնացեք մեզանից, սա է այս մարդկանց ուզածը… Ես ապշած եմ, Ուկրաինայում հսկայածավալ հայկական ժառանգություն կա, որն անտեսել չի կարելի»,-ասում է մեր զրուցակիցը:

Օդեսայի հայագիտական կենտրոնի տնօրենը հավելում է. «Պատերազմի ժամանակ մտածել եմ՝ խառն են, հիմա էլ ընտրություններն անցել են, կառավարությունն է ձեւավորվում, բայց նորից նույն բանն է… Ինձ առաջարկում են գրավոր ծրագիր կազմել ու ներկայացնել, օրինակ` Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից, ասացի եղբայր, դու ՀՀ բյուջեից ամսեկան 1000 դոլարից ավելի աշխատավարձ ես ստանում, որպեսզի դու ինքդ այդ ծրագիրը կազմես… Ընդ որում, ես արդեն մի քանի անգամ ծրագիր ներկայացրել եմ»:

Արմեն Պետոյանն ասում է, որ Ուկրաինայում եւ, մասնավորապես, Օդեսայի մարզում հսկայածավալ ժառանգություն կա, իսկ հայերն, իր ձեւակերպմամբ, մասնագիտությամբ են հայ: Նա ուզում է ՀՀ կառավարության ուշադրությունը հրավիրել այդ ժառանգության վրա եւ պետական հոգածություն է ակնկալում, ոչ թե գումար:

Նաեւ ցանկանում է, որ իրեն չանտեսեն, քանի որ տարիներով տեր է կանգնել այդ ժառանգությանը. «Լավ, ասենք, թե ես եմ վատը, բայց գիտական հայտնագործությունները չես կարող արհամարհել… Օրինակ՝ ես եմ գտել, թե Իսահակյանն ինչ պատճառով է աքսորվել Օդեսա, եւ այդ քրեական գործն էլ ես եմ Ավիկ Իսահակյանին տվել, նույնը ճարտարապետության ոլորտում՝ հուշարձան եմ պեղել Օդեսայի մարզում՝ 400 տարվա խաչքարեր ու տապանաքարեր»:

Մեր զրուցակիցը Սպենդիարյանի հոբելյանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ընդգրկվելուն էլ անդրադարձավ ու կոմպոզիտորի՝ «Ալմաստ» օպերայի Օդեսայում բեմադրվելուն:

«Մի երկու տասնյակ նամակ եմ գրել, որ Ուկրաինայում հայկական ժառանգությունը մեր զենքն է, այն Ուկրաինայում ազատ ապրելու մեր իրավունքն է, մեր կանաչ անձնագիրը:1000 տարվա ժառանգություն ունենք, բոլոր մարզերում ամենահին եկեղեցիները հայկական են: Օրինակներով ցույց եմ տվել, որ ամեն օրվա ռեժիմով ենք դրա մասին մտածում ու զբաղվում, ուղղակի խնդրել ենք պետական հոգածություն, ոչ թե գումար… Ասում եմ՝ գոնե ադմինիստրատիվ աջակցեք, որ ստացվի ձեզ հետ համատեղ ենք աշխատում, ես նույնիսկ պատրաստ եմ միաբանել այնտեղի հայությանը, որ գումար բերենք, բայց մեզ պետք է ազնվորեն ցույց տրվի մի ծրագիր, որը կարող ենք հովանավորել»,- ասում է Արմեն Պետոյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանն Aravot.am-ին հետեւյալը փոխանցեց. «Օդեսայի մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Արմեն Պետոյանը 2 անգամ հյուրընկալվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում: Նրան ընդունել է անձամբ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ծանոթության նպատակով, ապա գրասենյակի իրավաբանն ու հայրենադարձության գծով պատասխանատուն:

Պարոն Պետոյանը նշել է, որ առաջարկում է պահպանել և վերականգնել Ուկրաինայի հայկական ժառանգությունը և հետաքրքրված է հանձնակատարի՝ սփյուռքում ներկայացուցիչներ ունենալու գաղափարով: Գրասենյակի աշխատակիցներն առաջարկել են պարոն Պետոյանին ներկայացնել համառոտ ծրագիր, թե ինչպես է նա պատկերացնում ուկրաինահայ ժառանգության պահպանությունը, ինչ ռեսուրսների մասին է խոսքը, ինչ քայլերի հերթականությամբ է պետք առաջ շարժվել, ինչ հնարավորություններ ունի տեղի հայ համայնքը, և ինչ աջակցություն է ակնկալվում պետությունից: Մինչ օրս նրա կողմից որևէ գրավոր ծրագիր չի ներկայացվել:

Պարոն Պետոյանը նույնաբովանդակ նամակով դիմել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարություններ՝ չներկայացնելով որևէ առարկայական ծրագիր:

Չնայած սփյուռքի մշակութային խնդիրներով զբաղվելու գործառույթը փոխանցվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, համառոտ և առարկայական ծրագրի առկայության պայմաններում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ պատրաստ է կրկին ընդունել պարոն Պետոյանին և համապատասխան գերատեսչության գործընկերների հետ համատեղ քննարկել ծրագիրը: Ինչ վերաբերում է սփյուռքում Գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչների նշանակմանը, այդ ուղղությամբ գրասենյակն աշխատանքներ տանում է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031