«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անընդունելի է համարում ՀՀ որեւէ տարածքի հանձնումն Ադրբեջանին։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ լիագումար նիստում՝ արձագանքելով «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանի հիշեցմանն այն մասին, որ իրենց թիմից Վահե Ղալումյանի խոսքով՝ չի բացառվում, որ ՀՀ-ում եղած «ադրբեջանական անկլավները» հանձնվեն։
«ՀՀ-ն պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նման իրավիճակներ չստեղծվեն»,-նշեց Արմեն Խաչատրյանը։
Խամոյանը հետաքրքրվեց՝ իր կարծիքը լսելի դարձրե՞լ է իշխող թիմում։ Խաչատրյանը պատասխանեց․ «Քաղաքական թիմում բարձրաձայնելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ մեծամասնության, գուցե բոլորի կարծիքը համընկնում է նրան, ինչից ես խոսեցի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ