«Վլադիմիր Վարդանյանի մասնագիտական գործունեությունն աչքի է ընկել, սակայն այն ստորադասվել է քաղաքական իրավիճակին»,- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ լիագումար նիստում այսօր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վլադիմիր Վարդանյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ նախորդ գումարման ԱԺ-ի գործունեության ընթացքում Վարդանյանի ղեկավարած հանձնաժողովը պատշաճ չի արձագանքել իրավական խնդիրներին ու խախտումներին։ Մինասյանի բնորոշմամբ՝ քաղաքական հայացքների համար անձանց բերման ենթարկելու ապօրինի գործողությունները կապված են եղել օրենսդրական կարգավորման այն ոլորտների հետ, որոնք հանձնաժողովի լիազորությունների ներքո են եղել․ «Զրո արձագանք, զրո վարքագիծ։ Մի բան արե՞լ եք, անելո՞ւ եք։ Քաղաքական հնչեղության աղաղակող դեպքերը փաթեթավորվեցին իրավական գործընթացով, մինչդեռ իրավունքի հետ կապ չունեին, առավել եւս՝ արդարադատության հետ։ Այսքանից հետո ակնկալել, որ մենք պետք է դրական արտահայտվեինք, ճիշտ չէ։ Գոնե ձեր խոսքից պետք է հասկանայինք, որ սխալներ ու թերություններ են եղել»։
Նույն դաշինքից Արամ Վարդեւանյանն էլ հարցադրում արեց՝ ի՞նչ գործողություններ է ձեռնարկել Վարդանյանը որպես հանձնաժողովի նախագահ, որպեսզի ՀՀ-ում տեղի չունենային դատարանների շրջափակման խայտառակ գործողությունները․ «Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մշտապես քննադատել են այդ փաստը»։
Կարդացեք նաև
Ի պատասխան մեղադրանքների եւ քննադատությունների՝ Վլադիմիր Վարդանյանը գործընկերներին հորդորեց ուսումնասիրել իր ողջ կենսագրությունն ու գիտական գործունեությունը, հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերը, որոնք, նրա խոսքով, նախկինում միշտ չէ, որ գնահատվել են։
Ընդդիմադիր պատգամավորները Վարդանյանին մեղադրեցին նաեւ ռազմական դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումներին գնահատական չտալու համար։ Ի պատասխան Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ինքն էլ ավելի կոշտ սահմանափակումներ կիրառելու կողմնակից է եղել․ «Կոշտագույն․․․իմ համար անընդունելի էր պատերազմի ժամանակ տեսնել սեփական պետությանը պարտություն մաղթող «ֆեյքերի»․․․իմ աչքով եմ տեսել։ Տեսել եմ այն չարախնդողներին, որոնք նոյեմբերի իննին ուրախ ֆռֆռում էին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ