Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր «Հայաստան» դաշինքն ուզում ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը. Արամ Վարդեւանյան

Օգոստոս 09,2021 13:08

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի համար խորհրդարանի աշխատանքները անհասկանալի են, համենայնդեպս, ԱԺ ղեկավարության կողմից նա երկակի չափանիշների կիրառում է տեսնում: «ԱԺ-ում նոր մարդ եմ, չեմ կարող փորձիցս ելնելով համեմատություն անել, բայց երկակի ստանդարտի մոտեցումը շատ ակնհայտ է: Երբ ես եւ ընդդիմադիր այլ պատգամավորներ ելույթ ենք ունենում՝ որոշակի աղմուկ, ձայներ լինում են դահլիճից, բայց ոչ մի դիտողություն, զգուշացում, առավել ևս կարգապահական միջոց չի ձեռնարկվում: Երբ դա արվում է ընդդիմադիր մի գործչի կողմից, ապա անմիջապես ոչ միայն արձագանք է լինում, անմիջապես կարգապահական միջոց էլ կիրառվում է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդեւանյանը` հավելելով, որ դրանում տրամաբանություն չի տեսնում եւ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգապահական միջոցի կիրառումը բացառիկ, արտառոց իրավիճակների համար է, մինչդեռ ԱԺ ղեկավարությունն այն ընդդիմության դեմ կիրառում է պատեհ-անպատեհ:

Այսօր խորհրդարանում քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածության հարցը, հնարավորություն կար, որ ընդդիմությանը արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը տրվեր, բայց այն ընդդիմության ուշադրության կենտրոնում չհայտնվեց: Այս առնչությամբ լրագրողներից մեկի հարցին Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Ամեն դեպքում, խմբակցությունը նման որոշում է կայացրել: Իհարկե, դուք գիտեք նաեւ, որ մենք հրապարակային պահանջ էինք ներկայացրել, որպեսզի պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովը զիջվեր ընդդիմությանը, որի հնարավորությունն, իհարկե, կար, որին ոչ մի խոչընդոտ չկար, բայց տեսանք այն`ինչ տեսանք»:

Արամ Վարդեւանյանը տրամաբանական է համարում, որ «Հայաստան» դաշինքը որեւէ քննարկման մեջ չէր մտնելու հանձնաժողովների հարցով, ինչը միանգամայն հասկանալի է: Կարծում է`անհասկանալի կլիներ հակառակը: Իսկ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի առնչությամբ ներկայացված առաջարկի նպատակն էլ այն էր, որ պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովները ձեւավորվում են հենց այդ հանձնաժողովում: Իսկ ինչո՞ւ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի փոխարեն առաջնահերթությունը տրվեց տնտեսական հանձնաժողովին`հստակեցնող հարցին, Արամ Վարդեւանյանը կրկնեց, որ դա եղել է խմբակցության որոշումը`հաշվի առնելով ուժերի կիրառման արդյունավետությունը եւ խմբակցության հնարավորությունները:

Անդրադառնալով Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու «Պատիվ ունեմ» դաշինքի առաջարկին, որը նույնպես չանցավ, քանի որ իշխող ուժը ձեռնպահ քվեարկեց, Արամ Վարդեւանյանն ասաց. «Այս իշխանություններն Արցախի վերաբերյալ հարցերում ձեռնպահ են: Ինչպես քվեարկել էին ձեռնպահ, դա հենց արտահայտում է իրենց դիրքորոշումը, մոտեցումը, կեցվածքը` Արցախի վերաբերյալ հարցերով»: Նա հիշեցրեց, որ 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ բարձրաստիճան իշխանավորներն այդպես էլ Արցախ չեն այցելել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031