Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր գործընկերներին հարցրեք, թե որ երկրներում որքան ժամանակ ու ինչ են քննարկել որոշ գործակալների հետ»․ Վարդանյանը՝ Ագնեսա Խամոյանին

Օգոստոս 09,2021 12:24

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ լիագումար նիստում այսօր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վլադիմիր Վարդանյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը Վարդանյանին դիմելով ասաց, որ վերջինս 16 տարի աշխատել է ՍԴ-ում․ «Հասկանալի է, որ ձեր մասնագիտական աճում ներդրում է ունեցել նաեւ ձեր նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանը։ Հիշում եմ, որ միշտ նրա կողքին եք եղել, ուղեկցել անգամ արտասահմանյան այցերի ժամանակ։ Բարոյական տեսանկյունից ձեզ ինչպե՞ս էիք զգում, երբ Գագիկ Հարությունյանին հեռացրին ԲԴԽ-ից, երբ ձեր հարազատ ՍԴ-ի հանդեպ գրոհներ սկսվեցին, շրջափակում եղավ, երբ հարձակումներ սկսվեցին Հրայր Թովմասյանի հանդեպ, որը նշանակվելուց հետո հասցրել էր ձեզ նշանակել աշխատակազմի ղեկավար»։

Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Դժվար տեսած լինեիք։ Ձեզ երեւի պատմել են։ Պատմողներին փոխանցեք, որ ես պարոն Հարությունյանի հետ անցել եմ բավականին երկար ուղի։ Մի մոռացեք, որ նա ՀՀ հիմնադիր հայրերից է, ՀՀ առաջին եւ միակ փոխնախագահը։ Ես շատ շնորհակալ եմ նրանից ստացած աշխատանքի եւ փորձի համար։ Արտասահմանյան այցերի ժամանակ եղել եմ պատվիրակության կազմում եւ հնարավորություն ստացել ծանոթանալ հայանպաստ փաստաթղթերի ընդունմանը եւ ոչ հայանպաստ փաստաթղթերի կանխմանը։ Ես մնացել եմ եւ կամ սահմանադրական արդարադատության պաշտպան, բայց ՍԴ աթոռին ուղղակի նստելը մարդուն չի վերածում դատավորի։ Եթե դատավորն իրեն թույլ է տալիս երրորդ սորտի քաղաքական ոճին վայել արտահայտություններ, մոռանում իր առաքելությունն ու երդումը, ապա առկա է աթոռ, պաշտոն, բայց չկա դատավոր»։

Ագնեսա Խամոյանը շարունակեց․ «Ես տեսել եմ լուսանկարները, որոնցում դուք պարոն Հարությունյանի կողքին էիք․․․նաեւ հարցնեմ՝ Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ համագործակցել է ԱԱԾ-ի հետ հանուն հայրենիքի։ Դուք նրա հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ եք։ Ձեր համար անակնկա՞լ էր նրա ասածը։ Դուք երբեւէ համագործակցե՞լ եք ԱԱԾ-ի հետ հանուն հայրենիքի»։

Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Ձեզ հուշողին բարեւներ եւ շնորհակալություն կփոխանցեք։ Ես գիտեմ, թե որտեղից են այդ հարցերը ծնվում։ Ես ԱԱԾ-ի հետ առաջին անգամ առնչել եմ այս շենքում, երբ լրացրել եմ պետական գաղտնիքի համապատասխան թույլտվության հետ կապված փաստաթղթերը։ Երկրորդ, Նալբանդյան փողոցի այդ մայթով անգամ քայլած չկամ։ Ճիշտ կլինի ձեր գործընկերներին հարցնել, թե որ երկրներում որքան ժամանակ են անցկացրել եւ որ գործակալների հետ ինչ են քննարկել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031