Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգնազ Մանուկյանը ՔՊ-ականին ցույց տվեց Բագրատյանի «ղազագիրն» ու միացրեց Փաշինյանի՝ «ղազագիր» ստորագրածներին դուրս շպրտելու ելույթը

Օգոստոս 09,2021 11:52

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ լիագումար նիստում այսօր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» դաշինքից Քրիստինե Վարդանյանի հարցուպատասխանի ժամանակ այսօր Քրիստինե Վարդանյանը, ինչպես հայտնել էինք, ասել էր՝ եթե հաց չուտենք, ջուր չխմենք ու ձեզ լսենք, տպավորություն կլինի, որ ՀՀ-ում ամեն ինչ կարգին է։ Վլադիմիր Վարդանյանն էլ խորհուրդ էր տվել հաց ուտել։

«Հայաստան» դաշինքից Արեգնազ Մանուկյանն էլ հարց տալու իր հերթի ժամանակ դիմեց Վլադիմիր Վարդանյանին․ «Ես էլ կարող եմ ձեզ խորհուրդ տալ քիչ ուտել եւ շատ աշխատել։ Եկեք այդ համատեքստը չփոխենք ու հասկանանք գործընկերոջս ասածի փոխաբերական իմաստը»։

Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Այո, կհետեւեմ ձեր խորհրդին եւ ավելի շատ կաշխատեմ, չնայած ես ամբողջ շաբաթ այստեղ եմ։ Դուք նոր պատգամավոր եք եւ չգիտեք իմ աշխատանքային գրաֆիկը։ Բայց այո, նիհարելու հետ կապված որոշակի բաները չէին խանգարի։ Շնորհակալ եմ առաջարկի համար»։

Ապա Արեգնազ Մանուկյանը հարցադրում արեց․ «Ըստ սահմանադրության՝ պատգամավորն առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքով։ Ինչպե՞ս եք վերաբերվում այն քաղաքական գործիչներին, որոնք «ղազագիր» են ստորագրում»։

Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց․ «Հարցը համարում եմ հռետորական, որովհետեւ իմ կարծիքով դուք դրա պատասխանն ունեք։ Նախ, ի՞նչ է «ղազագիրը», ՀՀ օրենսդրությունում նման եզրույթ կա՞։ Բառարաններում նման բառ չեմ գտել, նման եզրույթն ինչպե՞ս է բացատրվում»։

Մանուկյանը խոսափողի մոտ միացրեց Նիկոլ Փաշինյանի՝ «ղազագիր» ստորագրելու հետ կապված հայտարարությունը եւ ցույց տվեց պատգամավորներից մեկի ստորագրած «ղազագրի» պատճեն․ «Նրան հարցրեք, թե ինչ նկատի ուներ դա ասելով; Եթե պատասխանը ստանաք, մեզ էլ ասեք։ Ես նկատի ունեմ ձեր այն թիմակցին, ով «ղազագիր» է ստորագրել։ Այսինքն, դուք եւ ձեր քաղաքական առաջնորդը խոստացել էիք, որ «ղազագիր» ստորագրածների վզից կբռնեք ու դուրս կնետեք ԱԺ-ից, բայց բերեցիք եւ ձեր ցուցակով դարձրիք ձեր թիմի անդամ՝ պատգամավոր»։

Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Եթե կարիք լինի ու ժամանակ գտնեմ, կհարցնեմ․․․դուք մի հատ ձեր քաղաքական թիմին նայեք, ձեր թիմի վարքագծին նայեք։ Եվ հետո, իմ ընտրության հետ սա ի՞նչ կապ ունի։ «Կարգին հաղորդման» մեջ ասվում է՝ իսկ ձեր ի՞նչ գործն է․․․»։

Այս ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղից խոսելու համար նախազգուշացում տվեց «Հայաստան» դաշինքից Անդրանիկ Թեւանյանին եւ Արծվիկ Մինասյանին։

Վլադիմիր Վարդանյանն էլ Մինասյանին հորդորեց իր հետ ձեռքով չխոսալ, որովհետեւ ինքն այդպես չի խոսում։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ ամբիոնից ԲՀԿ նախկին պատգամավոր, իսկ այժմ ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասել էր, որ «ղազագրի» իսկությունը կպարզեն իրավապահները։ Գագիկ Ծառուկյանին հավատարմության «ղազագիր» ստորագրելու հետ կապված ԲՀԿ-ի մեկնաբանությունը՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031