Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյանին հիշեցրին իր ասած «ամայի տարածքները»․ «Նշեք ՀՀ-ում այդպիսի աշխարհագրական կետ»

Օգոստոս 09,2021 11:30

«Եթե հաց չուտենք, ջուր չխմենք, ձեզ լսենք, ապա տպավորություն է, որ ՀՀ-ում իդեալական վիճակ է, եւ մեկ-երկու իրավական խնդիրներ են մնացել, որոնք կուղղենք, հետո ամեն ինչ լավ կլինի։ Այդպես չէ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Վլադիմիր Վարդանյանին դիմեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը եւ մեջբերեց Վլադիմիր Վարդանյանի՝ հեռուստատեսային քննարկումներից մեկից հատված՝ «մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ»։ Քրիստինե Վարդանյանը խնդրեց չհերքել սեփական խոսքերը եւ պարզաբանել՝ «ամայի տարածք» ասելով ի՞նչ նկատի ունի, որո՞նք են այդ աշխարհագրական կետերը։ «Եվ, ե՞րբ եք հասցրել փոխել ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածը, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ-ն ապահովում է ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը»,-հարցադրումը շարունակեց Քրիստինե Վարդանյանը։

Վլադիմիր Վարդանյանը նախ խորհուրդ հաց ուտել ամեն դեպքում, ապա նշեց, որ երկրում առկա իրավական վիճակին երբեք չի նայել վարդագույն ակնոցներով․ «Հստակ հասկանում ենք, որ օրենսդրական գործընթացն անդադար է»։

Ինչ վերաբերում է Քրիստինե Վարդանյանի հիշատակած նախադասությանը, Վլադիմիր Վարդանյանն այն «մանիպուլյացիոն նյութ» որակեց․ «Այն առաջացավ ոչ թե այն պատճառով, որ ես դա արտաբերեցի, այլ որովհետեւ որոշակի խիզախություն ունեցա որոշակի ուժերին անվանել 5-րդ շարասյուն։ Դրանից հետո այդ տասը վայրկյանանոց խոսքս առանձնացվեց ամբողջ նյութից եւ ներկայացվեց։ Հստակ ասեմ՝ կա Terra nullius դոկտրինան, որը նշանակում է՝ տարածք, որը որեւէ մեկին չի պատկանում։ Խոսքը տեսականորեն կղզիների մասին է, որոնք կարող են առաջանալ հրաբուխներից։ Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ դերին, ապա ես չէ, որ ձեր հիշատակած հոդվածը պետք է վերացնեմ։ ԶՈՒ-ն պետք է կատարի իր պարտականությունը։ Չի կարելի նենգափոխել իմ խոսքերը, առանձնացնել խոսքերը համատեքստից»։

Քրիստինե Վարդանյանը պնդեց, որ իր ասած կղզիների օրինակով Վլադիմիր Վարդանյանը մատնանշի հայաստանյան որեւէ աշխարհագրական կետ, որն ինքը համարում է «ամայի տարածք», որն էլ ինչ-որ պայմաներում հայկական բանակը չպետք է պաշտպանի։ «Ես ձեր ուղիղ խոսքը մեջբերեցի, մանիպուլյացիայի բան չկա։ Եթե չեք ուզում, որ կոնտեքստից կտրվի եւ պատմություն դառնա, հիմա կարող եք ներողություն խնդրել ու ասել, որ սխալ եք արտահայտվել»։

Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց՝ ինձ թվում է, որ ներողություն ոչ թե ես պետք է խնդրեմ, այլ ձեր խմբակցության այլ անդամ եւ այլ հարցի հետ կապված․ «Բայց ասեմ, որ ՀՀ պետական սահմանի ներքո գտնվող ամեն թուփ ու քար գտնվում է ՀՀ բանակի պաշտպանության ներքո»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031