Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «վեթինգ» այդպես էլ չեղավ․ Վլադիմիր Վարդանյանը հղում է անում «հանրության հակասական պահանջմունքի» վրա

Օգոստոս 09,2021 10:38

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ լիագումար նիստում այսօր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց իրավաբանական գիտությունների թեկնածու Վլադիմիր Վարդանյանին։

Հիշեցնենք, որ նախորդ՝ 7-րդ գումարման ԱԺ-ում նա զբաղեցնում էր նույն հանձնաժողովի  նախագահի պաշտոնը։

Ելույթի ժամանակ Վարդանյանը շեշտեց՝ ՔՊ-ից առաջադրումը մեծ պատիվ  է եւ պատասխանատվություն, ապա խոսեց արդյունքներից։ «Հանձնաժողովը 2019թ․-ից քննադատվել է դատավորների «վեթինգ» չիրականացնելու համար, ոչ հստակ եւ ոչ արդյունավետ աշխատանքի համար։ Իհարկե, հասկանում ենք հիմա, որ աշխատանքներն արվել են այնպես, ինչպես պետք է ընթանային, բայց հիշենք, որ այդ թվականին դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ հանրության պահանջմունքը ծայրահեղ հակասական էր։ Հանրության մի մասը պահանջում էր անմիջապես վերացնել դատական համակարգը եւ բոլորին պաշտոնանկ անել, մյուս մասն էլ ասում էր, որ դատական համակարգում չկա խնդիր եւ դատական իշխանությունը դիտարկում որպես ապաքաղաքական իշխանություն։ Այս երկու հատվածներն այն ծայրահեղություններն էին, որոնք անընդունելի էին մեր համար։ Դրա համար հանձնաժողովը, արդարադատության նախարարությունը եւ կառավարությունը կարեւորեցին ոչ թե բարեվարքության մեկանգամյա ստուգումը, այլ առօրյա ռեժիմում բարեվարքության ստուգման տարբերակը։ Գործող եւ գործելիք կարգավորումները հնարավորություն կտան «առցանց» ռեժիմում վերհանել դատավորի անթույլատրելի վարքագիծը եւ հետեւություններ անել դրանից։ Գործընթացը սահմանափակված չէ ժամանակով եւ անձանցով։ Դատական իշխանությունում բարեփոխումները կրելու են անընդհատ բնույթ»,-վստահեցրեց Վլադիմիր Վարդանյանը։

Նա գործընկերներին համագործակցության կոչ արեց՝ հանուն քաղաքացու եւ ապագայի։

Հավելենք, որ «Հայաստան» դաշինքն էլ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի թեկնածությունը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031