Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ հիմա ավելի շատ նայում են արվեստին, քան կարդում այն. Սերգեյ Իսավերդյան

Օգոստոս 09,2021 10:20

Այն փաստը, որ մարդիկ հիմա ավելի շատ նայում են արվեստին, քան կարդում այն` ոգեւորիչ է, ինձ հոգեհարեզատ է խորանալ բուն նկարի մեջ, որոշակի չափորոշիչներով, թեկուզ եւ փոփոխող, քան հայեցակարգերի,- Aravot.am-ի զրուցակիցն է նկարիչ Սերգեյ Իսավեդյանը:

Մեր զրուցակիցը սկսել է նկարել ավելի հասուն տարիքում, երբ 25 տարեկան էր. ընդունվել է Երեւանի գեղարվեստի ակադեմիան, այնտեղ ստացել նկարչական բազան։ Ռուսական գեղանկարչության դպրոցը եղել է հիմնական գերակայությունը, չափանիշները, որոնցով արվեստագետը շարժվել է ակադեմիայում։ «Հետագայում չափորոշիչները փոխվեցին ու փոխվում են, կարելի է ասել՝ հաստատուն են միայն փոփոխությունները, հետեւաբար ասել, թե որտեղ եմ՝ դժվարանում եմ: Ժամանակի ընթացքում սկսեցի առաջնային դեր տալ անմիջականությանը։ Շատ վատ է, երբ նկարը թողնում է նկարի տպավորություն։ Իմ նկարների հիմքում զուգադրություններ են, որոնք ձեւավորվում են կաղապարների միջոցով: Սիրելի նկարները նույնպես փոփոխվում են, նույնիսկ ատելություն է առաջանում երեկվա սիրելի նկարի հանդեպ, դա համարում եմ նորմալ»։

Ըստ Սերգեյի՝ վերջին ցուցահանդեսը չպլանավորված էր, ավելի շատ կարիք ուներ նկարներներին մեծ ցուցասրահում կողքից նայելու, դրանով էլ պայմանավորված՝ ցուցահանդեսը կարճ տվեց, ընդամենը 2 օր:

Նորը սկսելու ցանկությունը արվեստագետի կարծիքով՝ ավելի է սրվում ցուցահանդեսից հետո, մտքեր են առաջանում միջավայրի ու փոփոխության մասին։ «Նկարիչն իր վերաբերմունքն արտահայտում է նկարի միջոցով, ոչ թե նա այդպես է տեսնում իրականությունը։ Ինչպես կյանքում է մեզ պետք անմիջական վերաբերմունք, այդպես էլ նկարի մեջ եւ արդեն նկարիչի անմիջական վերաբերմունքը դառնում է պարտադիր: Ինձ այնքան էլ դուր չի գալիս այսօրվա ցուցահանդեսների անցկացման ձևաչափը, կարծում եմ՝ դրանք շատ երկար են մնում սրահներում, 3 օրը նորմալ է: Բացի դա՝ բացման խոսքերը, որոնք ուղղված են նկարիչին, շատ ավելի լավ կլինի փոխարինել արվեստաբանների ու այցելուների հետ որոշ նկարների մոտ երկխոսությամբ»։

Ըստ մեր զրուցակցի՝ ցուցահանդեսի ժամանակ մարդիկ հարցեր են ունենում, որոնց պետք է պատասխանի ոչ թե նկարիչը, այլ արվեստաբանը, որովհետեւ նկարիչներից շատերը դժվարանում են այդ հարցում:

«Իմ նկարները չունեն խորհուրդ, նրանք ուղղված չեն հասարակության խնդիրներին, ու ոչ էլ իմ աշխարհն եմ ուզում ստեղծել. իրականության հետ կոնֆլիկտ չունեմ։ Ցանկություն ունեմ գեղանկարչական միջոցներով փոխանցել այն, ինչը անհնար է փոխանցել այլ միջոցներով»,- եզրափակում է իր խոսքը արվեստագետ Սերգեյ Իսավերդյանը։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Լուսանկարներում Սերգեյ Իսավերդյանի հեղինակային գործերն են

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031