Ինչու է արգելվել ֆոտոթղթակցի մուտքը խորհրդարան
Ես մինչ օրս զարմացած եմ, երբ դեպքի վայր շտապած ոստիկանության բարձրաստիճան անձանց դեմքերն են ցուցադրվում, նրանց անուն-ազգանուններն են «տնով, տեղով, ցեղով» նշում: Իրավապահ մարմինները հաճախ ցուցադրում են հանցագործի վնասազերծումը, հավանաբար, միտումը մեկն է՝ ցույց տալ, թե ինչպիսի մասնագիտական գործունեություն են ծավալում: Օրենսդիրը երբեք ծպտուն չի հանել, երբ հետքի վրա ընկած քննիչին պաշտոնական խողովակով ցույց տալը գուցե այդ պահին դիտում է նաեւ վիրտուալ թաքստոցում գտնվող ենթադրյալ հանցագործը, բայց ահա օրենսդիր մարմնում հավատարմագրումից զրկել են ֆոտոթղթակցի, ով իր աշխատանքն է անում:
Օգոստոսի 5-ի առավոտյան «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի մուտքն Ազգային ժողով արգելվել է, նա առհասարակ զրկվել է խորհրդարանի աշխատանքները լուսաբանելու հնարավորությունից։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը խմբագրությանն ուղարկած նամակում տեղեկացրել է, որ լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս խախտել է «ՀՀ Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող կանոնները հաստատելու մասին» ԱԺ նախագահի որոշման հավելված 1-ի 2.8 կետը, ըստ որի՝ արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում՝ հսկիչ անցագրային կետերում, պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ձայնագրելը, տեսանկարահանելը, լուսանկարելը։ Այլ հարց է, թե որ ակտով է սահմանված, թե որոնք են այդ «փխկ»- վայրերը, ուր արգելվում է հավատարմագրված գործընկերներիս աշխատանքը: Համենայնդեպս, նման պաշտոնական ակտ չգտա:
Հիշեցնեմ, որ օգոստոսի 3-ին խորհրդարանական լրագրողների տեղաշարժի սահմանափակման (օգոստոսի 2) հետ կապված մի շարք կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երեւանի մամուլի ակումբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Լրագրողների «Ասպարեզ» ակումբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոն, Հանրային լրագրության ակումբ, «Ֆեմիդա», Լրագրողներ հանուն մարդու իրավունքների, Հանրային լրագրության ակումբ, հանդես էին եկել հայտարարությամբ: Ապա օգոստոսի 5-ին են դատապարտել: Ստացվեց, որ 2 օրվա ընթացքում լրագրողական կազմակերպությունները, ՀԺՄ-ն 2 անգամ հանդես են եկել նորընտիր ԱԺ-ի զավեշտալի որոշումների դեմ: Օգոստոսի 2-ից սկսած՝ ԱԱԾ աշխատակիցները լրագրողներին արգելում են մտնել ԱԺ նոր մասնաշենք, մոտենալ խմբակցությունների ու պատգամավորների աշխատասենյակներին, չի թույլատրվում մուտք համապատասխան միջանցքներ, հարցազրույցներ ու մեկնաբանություններ վերցնել միջանցքներում ու դրանց նախասրահներից: ԱԺ շենքի ԱԱԾ աշխատակիցները լրագրողներին արգելում են տեսանկարահանում եւ լուսանկարահանում անել այն վայրերում, որտեղ իրենք են գտնվում կամ ծառայություն են իրականացնում: Դա նույնն է, թե դատարանում արգելեն լրագրողին միջանցքում տեսանկարահանելը, երբ դատավարական կողմերը այդտեղ են, մինչ դատական նիստերի դահլիճ մտնելը, արգելեն դատավորի կողքին եւ դահլիճում կանգնած դատական կարգադրիչների նկարելը: Այլ հարց է, երբ դռնփակության ընթացակարգ է սահմանվել կամ գրավոր տեղեկացվել են նախապես լրագրողները, եւ որոշակի կանոններն էլ տարածվում են բոլոր լրատվամիջոցների վրա, առանց խտրականության: ԱԺ ԱԱԾ աշխատակիցների հետ որեւէ լրատվամիջոցի ներկայացուցիչ պայմանագիր չունի, լրագրողն աշխատանքային պայմանագիր ունի իր լրատվամիջոցի տնօրինության հետ, եւ ըստ պայմանագրի, նա պետք է ապահովի տեղեկություններ գտնելը, հայթայթելը, տարածելը:
Կարդացեք նաև
Լիլիան Գալստյանի սահմանափակման օրինակով խմբագրությունը հայտնել էր, որ ԱԺ-ում հավատարմագրված ֆոտոթղթակցի լուսանկարներից մի քանիսն իսկապես արվել են ԱԺ միջանցքներում ու նիստերի դահլիճում: Ըստ ԶԼՄ օրենքի՝ «Հավատարմագրման կարգում չպետք է սահմանվեն, իսկ սահմանվելու դեպքում իրավաբանական ուժ չունեն այնպիսի դրույթները, որոնք` կսահմանափակեն հավատարմագրված լրագրողի իրավունքը` մասնակցելու տվյալ մարմնի, դրա ստորաբաժանումների նիստերին, այլ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի, կսահմանափակեն լրագրողի` տեղեկատվություն ձեռք բերելու օրենքով սահմանված իրավունքները»:
ԱԺ ղեկավարության պատճառաբանությունը եղել է այն, որ նկարներում երեւացել են պահպանություն իրացնողները, մարդիկ, ովքեր «դեմքը թաքցնելու խնդիր ունեն»:
Մինչդեռ, ըստ լրատվամիջոցների, խոսքն այն նույն մարդկանց մասին է, ովքեր բաց դեմքով նայում են դահլիճ, որտեղից իրականացվում է ուղիղ հեռարձակում։
ԱԺ պատճառաբանություններից մեկն էլ այն էր, թե իբր անվտանգության ապահովման դեմ էր: ՄԻՊ-ի օգոստոսի 5-ի դիրքորոշմամբ. «Անընդունելի են լրագրողների աշխատանքի սահմանափակումների հիմքում, օրինակ, ահաբեկչական ակտերի կամ այլ ծանր հանցանքների կանխման հիմնավորումներ դնելը»: Երեկ նախկին ՄԻՊ, ներկայիս արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հիշեցրեց. «Նաիրի Հունանյանն էլ էր լրագրող», չբացառելով, թե վարձկանները կարող են թաքնված լինել լրագրողի անվան տակ:
Մինչդեռ հայտնի է, որ Հունանյանը ԱԺ մտել է ոչ թե լրագրողի վկայականով, այլ՝ անցաթղթով: Արման Թաթոյանն այս ամենի մեջ ավելի հեռահար դրսեւորում էր տեսել իր դիրքորոշման մեջ. «Լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետեւում»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.08.2021