Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Առաքելյանն ընդդեմ «168.am» լրատվական կայքի

Օգոստոս 09,2021 12:30

Կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին ղեկավար Արայիկ Առաքելյանը 2021թ. հունիսի 18-ին ներկայացրել է դատական հայց ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի՝ 168.am լրատվական կայքում «Կեպիով ու ակնոցով խորհրդավոր անձը. ո՞վ է կանգնած Շիրակի մարզի հերթական կադրային խառնաշփոթի հետեւում» վերնագրով 2021թ. ապրիլի 14-ին հրապարակված հոդվածի համար։ Նույն օրը Արայիկ Առաքելյանը ներկայացրել է երկրորրդ հայցը ընդդեմ 168.am լրատվական կայքի՝ ապրիլի 24-ին հրապարակված «Իմքայլական Կարեն Սարուխանյանը՝ կոռուպցիոն գործով անցնող կադաստրի նախկին պետի «կնքահա՞յր» հոդվածի համար։ Երկու հայցապահանջներով Արայիկ Առաքելյանը խնդրել է պարտավորեցնել լրատվամիջոցին հերքել հոդվածում հրապարակված զրպարտող բնույթի տվյալները եւ վճարել փոխհատուցում 700.000-ական դրամի չափով։ Հայցադիմումներն ընդունվել են վարույթ, սակայն դատական քննություն դեռ չի նշանակվել։

Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը

Զրպարտությունն անձի պատիվն ու արժանապատվությունը արատավորող փաստացի հայտարարության տարածումն է հրապարակային եղանակով՝ անկախ դիտավորությունից։

Անձը կամ լրատվամիջոցը ազատվում է զրպարտության համար պատասխանատվությունից, եթե ապացուցում է արտահայտության կամ հրապարակման ճշմարտացիությունը։ Լրագրողի դեպքում գործում է հավելյալ պաշտպանություն, ըստ որի՝ նա չի կարող ենթարկվել պատասխանատվության ոչ ճշմարտացի հայտարարության համար, եթե գործել է բարեխղճորեն՝ լրագրողական էթիկայի պահանջների պահպանմամբ։ Այս իմաստով հաշվի են առնվում նյութի հանրային նշանակությունը, նպատակը, մատուցման եղանակը, ոճը, հասցեատիրոջ հանրային դիրքը եւ նրա նախկին վարքագիծը։

Առաջին հոդվածը վերաբերում է Գյումրի քաղաքի պետական մարմիններում մի շարք պաշտոնների նշանակումներին, որում հեղինակը հնչեցնում է մտահոգություն հնարավոր հովանավորչության եւ կոռուպցիայի մասին։ Բնականաբար, թեման ներկայացնում է ընդհանուր հետաքրքրություն եւ ունի հանրային նշանակություն։ Հեղինակը նշել է, որ հայցվորը հանդիսանում է պետական բարձր պաշտոնի հավակնորդ, մինչդեռ նրա «անունը կապվում է կոռուպցիոն սկանդալների հետ», եւ որ բացի մի քանի քրեական գործերով ներգրավված լինելուց, կոռուպցիոն սկանդալների «կիզակետում» են հայտնվել նաեւ հայցվորի ընտանիքի անդամները։

Հոդվածագիրն այնուհետեւ վկայակոչել է այդ հայտարարությունների աղբյուրները, մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազության գրությունը, որը ստացվել է ի պատասխան Forrights.am լրատվական կայքի հարցմանը, իսկ այնուհետեւ շարադրել է քրեական գործից մանրամասներ, որոնք պարունակում են փաստական ու իրավական տվյալներ հայցվորի եւ նրա ընտանիքի անդամների մասին։ Այսպիսով, չի կարելի պնդել, որ հոդվածագիրը գործել է կամայականորեն՝ առերեւույթ վերացական ու հիմնազուրկ հրապարակային հայտարարություններ կատարելով։

Երկրորդ հոդվածն ընդհանուր առմամբ նման բովանդակություն ունի։ Մասնավորապես, հեղինակը գրել է, որ «Կարեն Սարուխանյանի հետ վերջերս մտերմացած Արայիկ Առաքելյանը կոռուպցիոն սկանդալային պատմության մեջ է, ընդ որում՝ ընտանյոք հանդերձ», որ կադաստրում որպես օպերատոր՝ աշխատանքի է տեղավորել իր մտերմուհուն, եւ որ մամուլում դատախազության կողմից տրամադրված մի փաստաթղթից ակնհայտ է դառնում, որ Արայիկ Առաքելյանը իր կնոջ անունով հողատարածքներ է վարձակալել Աշոցքի տարածաշրջանի գյուղերում եւ դրանք ենթավարձակալության տվել ու «մեծ փողեր աշխատել», որ այդ ժամանակ, լինելով Աշոցքի կադաստրի պետը ու խախտելով «Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» օրենքը, որով արգելվում է հարազատների անունով գրանցումները, հողատարածքները գրանցել է կնոջ անունով:

Վերջում հեղինակը գրել է, որ Արայիկ Առաքելյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-ի հոդվածի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել նաեւ 2014 թվականին, եւ որ այդ ժամանակ նրան պաշտոնից հեռացրել էին հենց այդ պատճառով։ Հոդվածագիրը վերը նշվածը հիմնավորելու համար նույնպես վկայակոչել է մամուլի հրապարակումներ, դատախազության տվյալներ, սակայն ակտիվ հղումներ չի կատարել։ Այս հոդվածի առումով նույնպես հնարավոր չէ պնդել, որ հեղինակը վերացական եզրահանգումներ է արել։

Թեեւ մարդուն հանցավոր արարքների մեջ հրապարակավ մեղադրելը անձնական կյանքի եւ արժանապատվության լուրջ միջամտություն է, սակայն ժողովրդավարության պահանջն է, որ մամուլը հնարավորություն ունենա նման դեպքերի մասին տարածել տեղեկություններ ու գաղափարներ։ Այս լույսի ներքո լրատվամիջոցը որեւէ պատասխանատվության չի կարող ենթարկվել, եթե դատաքննության փուլում ապացուցում է իր հրապարակային հայտարարությունների ճշմարտացիությունը։ Դրա համար տվյալ դեպքում բավարար կլինի, որ լրատվամիջոցը հիմնավորի, որ օգտվել է իրական տեղեկատվական աղբյուրներից, որոնք բարեխղճորեն վկայակոչվել են հրապարակման մեջ։
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/10 եւ ԼԴ/0749/02/10 որոշումներում մեկնաբանել է «տեղեկատվության աղբյուր» հասկացությունը, ըստ որի՝ այդպիսի դերակատար են հեղինակները եւ լրատվական գործակալությունները, որոնք ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են եւ հանդես են գալիս տեղեկատվության որոշակի միջոցներով (Վճռաբեկ դատարանի ԵԿԴ/2293/02/10 որոշում, էջ 14)։

Խնդրո առարկա երկու հոդվածներում կան հղումներ մամուլի հրապարակումների, Գլխավոր դատախազության պաշտոնական գրության, ինչպես նաեւ սեփական աղբյուների վրա։ Սրանք տեղեկատվական լեգիտիմ աղբյուրներ են, որոնց տարածած տեղեկության բարեխիղճ վերարտադրությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասի հիմքով վիրավորանքի ու զրպարտության հայցերից պաշտպանվելու արդյունավետ միջոց է ԶԼՄ-ների համար:

Այսպիսով, հաշվի առնելով վերը նշվածը, Խորհուրդը գտնում է, որ հոդվածների հեղինակը լրատվական նյութը պատրաստել ու տարածել է բարեխղճորեն։ Այդուհանդերձ, սույն տեղեկատվական վեճի ելքը կախված կլինի այն հանգամանքից, թե որքանով լրատվամիջոցին կհաջողվի դատաքննության ընթացքում ապացուցել, որ վիճահարույց հրապարակումները հիմնված են իրական տեղեկատվական աղբյուրների տարածած տեղեկությունների բարեխիղճ օգտագործման վրա։

Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան – «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Բորիս Նավասարդյան – Երեւանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – փաստաբան
Դավիթ Սանդուխչյան – փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
07.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031