Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկլավների խնդրի շոշափումը ձեռնտու է միայն Ադրբեջանին». Աշոտ Մելքոնյան

Օգոստոս 09,2021 13:30

Հետպատերազմյան շրջանում Տավուշի մի շարք գյուղերի եւ Արարատի մարզի Տիգրանաշենի՝ Ադրբեջանին հանձնելու տեղեկությունների շրջանակում ՀՀ մի շարք պաշտոնյաներ, ի դեմս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների, խոսեցին ՀՀ տարածքում գտնվող այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» մասին։

Այսպես. հունիս 11, 2021թ. Նիկոլ Փաշինյան. «Պատկերացումն այն է, որ մենք պետք է ֆիքսենք, մենք էլ խնդիր ունենք, այնպես չի, որ միակողմանի խնդիր է: Մեր տեսլականն այն է, որ այն, ինչը մեր կանտրոլի տակ է, պետք է շարունակի մնալ մեր կանտրոլի տակ: Բայց մյուս կողմից դուք գիտեք, որ ե՛ւ Նոյեմբերյանի, ե՛ւ Իջեւանի հատվածում, ե՛ւ Բերդի հատվածում կան հազարավոր հեկտարներով Հայաստանի գյուղերին պատկանող հողեր, որ պատերազմից հետո գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս թեմաները պետք է չթաքցնենք, որ կարողանանք մեր իրավունքները պատշաճ պաշտպանենք…»։ Մայիսի 24, 2021թ. Վահե Ղալումյան, իշխող թիմի պատգամավոր. «Անկլավները: Գյուղերի անուններն են՝ Բարխուդարլու, Խեյրիմլի, Սոֆուլու, Ոսկեպար…դա քարտեզով ադրբեջանական տարածք է նշված»։

Մայիսի 25, 2021թ. Հրաչյա Հակոբյան, իշխող թիմի անդամ. «Եթե կան անկլավներ, այդտեղ անհանգստանալու որեւէ բան կա՞, եթե դուք էլ գիտեք, բոլորն էլ գիտեն, որ կան… Ոչ մեկը գյուղեր հանձնելու մասին չի խոսում, դեռ գնում են քննարկումներ՝ որոնք են մեր ելակետային տարածքները: Մենք քննարկում ենք, որեւէ գյուղ չենք տալիս»։ Վահե Ղալումյանն, ի դեպ, երեկ կրկնեց իր համոզմունքը. «Ես ասել եմ, որ Տավուշում կան հողեր, որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ եւ կան ադրբեջանական հողեր, որ գտնվում են մեր տիրապետության տակ»: Հարցին՝ հնարավո՞ր է դրանք փոխանակել՝ Ղալումյանը պատասխանել է. «Չեմ բացառում: Ես գտնում եմ, որ կա խնդիր եւ պետք է նստել, խոսել»:

Թեմայի շուրջ «Առավոտը» զրուցել է պատմաբան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ։
-Պարոն Մելքոնյան, ՀՀ-ում կա՞ն այսպես կոչված «ադրբեջանական անկլավներ». ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ ենք բավարար ուսումնասիրել պատմությունը եւ տեղյակ, թե ինչի մասին է խոսքը։

-Մեր ինստիտուտը վերջերս Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ վերահրատարակեց մի աշխատանք՝ «Հայկական տարածքների բռնազավթումն Ադրբեջանին» անվամբ։ Դրանում հանգամանորեն ներկայացվում է սահմանների փոփոխության խնդիրը՝ 1920-ականներից մինչեւ 30-ական թվականների վերջը, եւ որում խոսվում է նաեւ անկլավների մասին։ Դրանք հիմնականում ձեւավորվել են 1926-29թթ., երբ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների ճշգրտման խնդիր է եղել, որն էլ կատարվել է ի վնաս Հայաստանի եւ ի օգուտ Ադրբեջանի, որովհետեւ Հայաստանն այն ժամանակ գտնվում էր անդրդաշնության կազմում ու լինելով տարածքով եւ բնակչությամբ ավելի համեստ տեղում՝ սահմանային խնդիրների լուծման գործընթացում չի ունեցել ազդեցիկ դիրք։ Սահմանների հարցում վերաձեւումները եղել են ի վնաս Հայաստանի։ Դրա արդյունքում ձեւավորվել են այդ անկլավները։ Ադրբեջանական կողմը հիմնականում պատճառաբանել է, թե իրենց պետք են տարածքներ՝ անասուններին պահող իրենց բնակչության համար։ Այդ կղզյակները ձեւավորվեցին հիմնականում 20-ականների վերջին, բայց դրանց մեծ մասն իրականության մեջ եղել են խորհրդային Հայաստանի կազմում։ Հետո ուժի ազդեցության տակ անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ինչ վերաբերում է «անկլավ» բառին, ապա խոսքը կղզյակների մասին է, որոնք սահման չունեն տվյալ հանրապետության հետ եւ մնացել են մեկ այլ հանրապետության տարածքում։ Դրանք վերաբերում են Տավուշի մարզին եւ Տիգրանաշենին, որն էլ Արարատի մարզում է։

-Ձեր կարծիքով, ի՞նչ գործընթաց է զարգանում հիմա նշյալ տարածքների առնչությամբ։

-Հիմա, բնականաբար, Ադրբեջանը ճնշում է, որպեսզի վերադարձնի այդ տարածքները, որոնք արցախյան ազատագրական պայքարի ընթացքում նորից անցան հայկական վերահսկողության տակ՝ այնպես, ինչպես 20-ական թվականներին էր, ինչպես նաեւ՝ Կապանի դիմացի գյուղերը, Վարդենիսի լճերի շրջակայքը, որը եղել է Խորհրդային Հայաստանի կազմում, սակայն 29թ.-ին կենտգործկոմի որոշմամբ, առանց հայկական շահը եւ բողոքները հաշվի առնելու, բռնակցվել Ադրբեջանին։ Այսպես առաջացել են այդ անկլավները։ Իսկ Հայաստանի պարագայում միայն Արծվաշենի տարածքն է եղել անկլավ, ընդ որում, այն սկզբնական շրջանում չի եղել անկլավ, այլ թերակղզու պես միացած է եղել խորհրդային Հայաստանին։ Հետո վերածվել է անկլավի, ճանապարհը տրվել է Ադրբեջանին, եւ այդ հատվածը կղզյակի պես մնացել է Ադրբեջանի կազմում, բռնազավթվել Ադրբեջանի կողմից 92թ. օգոստոսին։ Այն ժամանակ կարծես թե ներքին համաձայնություն կար Ադրբեջանի հետ, որ Տավուշի մարզում գտնվող նախկին ադրբեջանաբնակ անկլավները պետք է մնային ՀՀ-ին, իսկ Արծվաշենի տարածքը պետք է անցներ Ադրբեջանին։ Իհարկե, տարածքային առումով մենք այդտեղ շահում էինք, բայց եթե հիմա այդ անկլավները վերադարձվեն, զարմանալի է, որ Արծվաշենի մասին ոչինչ չի խոսվում։ Այն մեզնից որպես անկլավ բռնազավթվել է, եւ տարօրինակ է, որ այդ մասին չեն խոսում ոչինչ։ Հիմա ռուսական զորքերը տեղակայվում են Տավուշում, ինչը հուշում է, որ գուցե ռուսների միջամտությամբ այդ անկլավների վերադարձի խնդիրն ուզում են լուծել, որը, բնականաբար, կոպտագույն ձեւով կհարվածի ՀՀ շահերին, որովհետեւ կկորցնենք հյուսիսային դարպասով, բարեկարգ ճանապարհով՝ Նոյեմբերյանի շրջանով դեպի Թումանյանի շրջան, այնտեղից էլ Վրաստան դուրս գալու ճանապարհի հսկողությունը։ Ստիպված կլինենք շրջանցիկ ճանապարհով գնալ։ Իսկ եթե հանկարծ Տիգրանաշենն էլ տրվեց, կնշանակի, որ մենք դեպի Արցախ, Սյունիք եւ Իրան տանող ճանապարհից կզրկվենք, այն կլինի Ադրբեջանի վերահսկողության ներքո։

-Հետպատերազմյան շրջանում, երբ թշնամին առավելագույնս փորձում է մեզանից «պոկել» հնարավորը, ձեր գնահատմամբ, «ադրբեջանական անկլավ» եզրույթը որքանո՞վ է ճիշտ օգտագործել։ Ինչպե՞ս շոշափել այս թեման, որպեսզի մենք՝ պաշտոնյաները, մասնագետներն ու ԶԼՄ-ները, չհարվածենք հայկական կողմի շահերին։

-Շատ տեղին է դիտողությունը, որովհետեւ «ադրբեջանական անկլավ» բառի գործածության պարագայում մենք հուշում ենք, որ ժամանակին դրանք եղել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Մինչդեռ իրականությունն այն է, որ անգամ 2020թ.-ի նոյեմբերի իննի չարաբաստիկ հայտարարության մեջ խոսվում է այն մասին, որ կողմերը կանգ են առնում այնտեղ, որտեղ դադարել են ռազմական գործողությունները։ Դա նշանակում է, որ եթե այսպես կոչված «անկլավների» հարցը մտնում է օրակարգ, նոյեմբերի իննի հայտարարության պահանջը խախտվում է։ Այն արդեն իսկ խախտվել է մեկ անգամ, քանի Սանասարից այս կողմ ընկած սահմանային հատվածը, որը մեր վերահսկողության ներքո էր, բանավոր համաձայնությամբ տրվեց Ադրբեջանին։ Կարող էր չտրվել, քանի որ հայտարարության մեջ նման պահանջ չկար։ Իսկ հիմա, երբ խոսում ենք այսպես կոչված «անկլավների» մասին, դա նշանակում է, որ հիշեցնում ենք, որ նոյեմբերի իննի հայտարարությունից զատ մենք մի նոր զիջման ենք գնում, որպիսին է վերոնշյալ գյուղերի հանձնումն Ադրբեջանին։ Հետեւաբար, անկլավների խնդիրն առհասարակ պետք է հանել։ Նոյեմբերի իննի հայտարարության մեջ նման կետ չի եղել, եւ այդ խնդրի շոշափումը ձեռնտու է միայն Ադրբեջանին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031