Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու. Արտակ Բեգլարյան

Օգոստոս 07,2021 18:10

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու…

Վերջին օրերին կրկին թեժացել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համերգի կազմակերպման հարցը՝ վերստին հասարակությունը բաժանելով երկու մասի: Կուզեի մի քանի կետով անդրադառնալ այդ հարցին.

  1. Նախ, երբ ես նշանակվեցի պետական նախարար, դեռևս հունիսին ընդհանուր կանոնը քննարկեցինք ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ, և ես նրան ցուցում տվեցի, որ առնվազն մինչև նոյեմբերի 11-ը Վերածննդի հրապարակում որևէ համերգ չկազմակերպվի ու չթույլատրվի՝ անկախ դրա բնույթից, հեղինակից ու բովանդակությունից: Այդ որոշման նպատակն այն է, որ քանի դեռ 2020թ. պատերազմի զոհերի տարին չի լրացել, մենք խոշորամասշտաբ համերգային միջոցառումներ չպետք է կազմակերպենք՝ հաշվի առնելով հասարակության մեջ ընդունված բարոյական կանոններն ու արժեքները: Կարծում եմ՝ այդ առումով մեկ տարին ողջամիտ ժամկետ է հանրային նման միջոցառումների սահմանափակման համար:
  2. Այս որոշումը կայացրել ենք ոչ միայն այն պատճառով, որ մենք էլ ենք այդպես կարծում, այլև հատկապես այն նպատակով, որ կանխենք հասարակության մեջ երկպառակտում խթանող միջադեպերն ու վեճերը: Ակնհայտ է, որ այս հարցի շուրջ երկու հակընդդեմ դիրքորոշումներ ունեցող ստվար խմբեր կան, որոնք ունեն նաև ողջամիտ փաստարկներ, սակայն, անկախ օբյեկտիվ ու սուբյեկտիվ փաստարկներից, այս զգայուն իրավիճակում հանրային համերաշխության երաշխավորումը մեր հիմնական նպատակն է: Այդ մոտեցումը տեղին ու բարոյական է հատկապես այն պայմաններում, որ դրան ընդգծված կողմ են մեր զոհված հերոսների բազմաթիվ հարազատներ ու այլ քաղաքացիներ, և մենք իրավունք չունենք դեմ գնալ նրանց հույզերին:
  3. Միանշանակ է, որ զոհերի հիշատակը հարգում են պատշաճ գործողություններով, ոչ թե՝ անգործությամբ, և յուրաքանչյուր անձ պատասխանատու է իր վարքի համար: Այո, կան բազմաթիվ դրական ու բացասական դրսևորումներ մասնավոր կյանքում, սակայն պետությունը, որպես հանրային կյանքի գլխավոր դերակատար ու կարգավորող, պարտավոր է ցուցաբերել որոշակի զսպվածություն՝ մեր հասարակության արժեքներին համապատասխան:
  4. Անդրադառնալով Անդրեի համերգի թեմային՝ ասեմ, որ գլխավոր խնդիրը ոչ արդյունավետ հաղորդակցությունն էր լիազոր մարմինների հետ: Մասնավորապես, տվյալ հարցով զբաղվել է մշակույթի ոլորտում որևէ լիազորություն չունեցող պաշտոնատար անձ ու մարմին, և ԿԳՄՍ նախարարն ու ես պլանավորվող համերգի մասին տեղեկացել ենք հայտարարության տարածումից օրեր անց՝ օգոստոսի 5-ին: Պետական մարմինների լիազորությունների ու պատշաճ հաղորդակցության հարցը մենք լուծել ու լուծելու ենք ներքին հաղորդակցության միջոցով, և այդ առումով ավելացնելու բան չունեմ իմ հրապարակային խոսքում: Ես նույն օրը զանգահարել եմ Անդրեին, հարցը քննարկել նրա հետ ու առաջարկել համերգը տեղափոխել Ստեփանակերտի մշակույթի ու երիտասարդության պալատ: Եվ այդ նույն առաջարկը կանեի, եթե Անդրեի փոխարեն մեկ այլ (ներառյալ՝ աշխարհահռչակ) մշակութային գործիչ լիներ:
  5. Այս երկու օրը ծավալված հանրային քննարկումների ընթացքում հնչել են բազմաթիվ վիրավորական արտահայտություններ տարբեր անձանց հանդեպ, ինչի առթիվ կուզեի հորդորել բոլորին զերծ մնալ որևէ մեկի արժանապատվությունը վիրավորելուց և հանրային հաղորդակցությունը պահել բարձր էթիկական մակարդակում: Անկախ կարծիքների տարբերությունից՝ պետք է հարգել դիմացինի կարծիքը: Նույնը վերաբերում է մշակույթի ոլորտի գործիչների հանդեպ վերաբերմունքին. անկախ ճաշակի տարբերություններից՝ հարկ է հարգել յուրաքանչյուր գործչի արվեստն ու արժանապատվությունը: Համոզված եմ, որ շատերի կողմից սիրված Անդրեն որևէ նպատակ չի ունեցել անհարգալից կերպով վերաբերվելու զոհերի հարազատներին, ընդհակառակը՝ որոշել է իր ներկայությամբ ու արվեստով սատար կանգնել իր հայրենակիցներին:
  6. Հ.Գ. Ամեն դեպքում, կարծում եմ, մշակութային զուսպ միջոցառումները ավելի քան անհրաժեշտ են այս իրավիճակում, որպեսզի հնարավոր լինի հոգևոր սննդի միջոցով գոնե որոշ չափով մեղմել մեր ժողովրդի ցավերը և մղել արարման, ստեղծագործման ու կյանքի շարունակման: Այդ անհրաժեշտությունն առկա է առաջնահերթորեն հենց զոհերի հարազատների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031