Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի աստվածաբան ռեկտոր չգտա տարբեր երկրների բուհերի ցուցակում»

Օգոստոս 07,2021 16:09
eph

Հարցազրույց կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանի հետ

-Քանիցս անդրադարձել եք Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսությանը, հիմա նա նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Ի՞նչ տպավորություն ստացաք կատարվածից։

-Եթե ասեմ ուրախությունից «մութ տեղը պարում եմ»՝ կհավատա՞ք… 7-րդ գումարման ԱԺ գիտության և այլ հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մեր ժամանակների «խորը գիտելիքների» մարմնավորումն էր՝ ակադեմիական գիտության մասին նրա պատկերացումները անմահացան նրա հայտարարած «ֆիզիկայի ինստիտուտի թղթակից անդամ» արտահայտության մեջ։ Իսկ նրա տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը բարոյականության սիմվոլն է՝ հետևելով «մի ստիր» պատվիրանին՝ դոկտորական պաշտպանեց աստվածաբանությունից, պաշտպանության առաջին պահից մինչև ԲՈԿ հաստատումը ծայրից ծայր լկտի ստախոսությունների շարան էր։ Այս երկու հանճարը ներկայացրեցին «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենք, որը նրանց խելքի ու բարոյականության մարմնավորումն էր, և հիմա էլ նոր պաշտոններ են ստանում։

-Ի դեպ, Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարեց. «Ինքս այստեղ եմ եկել որպես ապակուսակցական, այլևս ապաքաղաքական մարդ․․», երևի այդ ամենը անցյալում է․․․

-Տարրական ստախոսությունը ինչպես կարող է անցյալում մնալ և ապաքաղաքական լինելը ինչպես է հավասարակշռում այն։ Չմտնելով աստվածաբանության մեջ՝ ես լավ չեմ հասկանում, թե ինչու է այն գիտություն, վերջին անգամ եմ այս թեմային անդրադառնում։ Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականի սեղմագրի մեջ կա նրա հայկական մամուլում հրատարակված 14 և 5 օտարալեզու աշխատանքների վրա հղում։ ԲՈԿ-ն ունի ամսագրերի ցուցակ, որոնք ընդունվում են պաշտպանության։

Իսկապես վերջին անգամ՝ նկարների վրա 8 աշխատանքներն են այն 14-ից, որոնք ԲՈԿ-ը չէր կարող ընդունել պաշտպանության իր իսկ կանոնակարգով։ Դա այնքան պարզ ու հասկանալի է, որ անգամ քննարկելն է վիրավորական։ Մնացած 6 աշխատանքով դոկտորական պաշտպանելը, այն ԲՈԿ-ի միջոցով հաստատելը սրանց բարոյականության բնութագիրն է։ Հիմա եթե սա է այս մարդկանց բարոյականության ու խելքի չափը՝ ես էլ ի՞նչ անեմ։

Հղում արեք իմ հարցազրույցների և ֆեյսբուքյան էջում եղած բացատրությունների վրա։ Ես սպառել եմ իմ գործիքակազմը և նորից ի հայտ եկան անձնական պրոբլեմներ։ Եթե վերաբերվեին միայն ինձ՝ ոչինչ, ես սովոր եմ, և քստմնելի մարդուկների ճղճիմ «վրեժխնդրությունը» նորություն կամ անակնկալ չէ իմ համար։ Սկսել են «նեղել» իմ մտերիմներին, իսկ դրանց հեռվից դիմակայելը դժվար է։ Դրա մասին մի ուրիշ անգամ։

-Ռեկտորներին ներկայացվող պահանջներից հանվել է դոկտորի գիտական աստիճան եւ պրոֆեսորի կոչում ունենալու պահանջը…

-Այդ որոշումը և հաջորդիվ աստվածաբանին ռեկտորի ԺՊ նշանակումը վերջնականապես ֆարսի վերածեց ամեն ինչ։ Ես խոսում եմ օրենքների կատարումը բոլորի համար պարտադիր լինելու և բարոյականության մասին։ Չէր կարելի հաստատել այդ հայցորդի դոկտորականը, դա օրենքի խախտում է։ Դա չեն հասկանում միայն մտավոր հաշմանդամները։ Եթե «հանցանքի» այս բեռով և բարոյականությամբ մարդը պետք է ղեկավարի մայր բուհը, եթե բուհի ուսանողա-դասախոսական կազմն էլ նրան պետք է գրկաբաց ընդունի, ես ասելիք չունեմ։

Կարող եմ պարզապես խորհուրդ տալ այն ուսանողներին, ում ծխելու և հատակին թքելու համար նորանշանակ ԺՊ-ն փորձի նկատողություն անել, կամ էլ ստուգարքի համար կաշառք վերցնող դասախոսին ամոթանք տալ։ Ձեռք ձեռքի տվեք ու հայտարարեք՝ բա որ քո դոկտորականն էլ խաբեություն է․․․ Եվ ինչպես մեծն աստվածաբանն է ասում՝ մայր բուհը կդառնա առաջատար ու իր ետևից կտանի մյուսներին։ Այ թե ուր՝ գրական բառերով ասել չեմ կարող։

– Ինչու եք ամեն բան այդքան տխուր և անհույս ներկայացնում։ Հուսադրող որևէ բան չե՞ք տեսնում։

-Իհարկե, տեսնում եմ։ Վերջերս իմ ֆեյսբուքյան լսարանին բացատրում էի, որ այս-այս ինստիտուտները անվերադարձ և անարդյունք մսխել են գիտության փողերը և ուղիղ տեքստով վիրավորում էի տնօրենին։ Հայտնվեց ինչ-որ հաշվապահ և սկսեց ինձ վիրավորել՝ հիմք վերցնելով իր իբր ազնիվ լինելը։ Բացատրեցի, որ հեռու մնա՝ մենք գիտությունից ենք խոսում։ Հետո իմացա, որ նրա տնօրենը պարզապես հայտարարել էր՝ բանի տեղ մի դնի։ Այս սա է «հուսադրող» պատկերը։ Դու քեզ պատեպատ խփի, բազում թշնամիներ ձեռք բերելու գնով ցույց տուր բոլոր անգրագիտություններն ու խաբեությունները՝ սրանք իրենց «չուգունե գլխով» ու «պողպատե մանդատով» ամեն ինչ հանգեցնում են «բանի տեղ մի դիր» ստորագույն թեզին։ Զառանցանքը «ակադեմիական քաղաքի» և «համալսարանական կամպուսի» մասին առաջ տանող աստվածաբանը , որը պատկերացում չունի թե մեկի, թե մյուսի մասին, դառնալու է կրթագիտական համակարգի առաջամարտիկը։ Բայց իրենց սիրելի բառով ասած մի աննախադեպ բան կա այս ամենի մեջ՝ շատ փնտրեցի, բայց ոչ մի աստվածաբան ռեկտոր չգտա տարբեր երկրների բուհերի ցուցակում։ Աչքերդ լույս, բարով վայելեք․․․

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    1. University of Norte Dame
    2. Boston College
    3. Saint Louis University

    Երեքնէլ ԱՄՆ-Ի առաջատար համալսարաններից եՆ. 1 եվ 2 նախագահները քահանաներ են և ւնեն մագիստրոսի գիտական աստիճան:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031