«Առավոտ» օրաթերթում տեղ գտած հրապարակման վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է, որ համաձայն «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին պարբերության ժբ) կետի՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է սույն օրենքի 14.2-րդ հոդվածով, 19-րդ հոդվածի 15.4-րդ ենթակետով, 191, 192, 194, 19.7, 19․8 և 20 հոդվածներով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար:
Նույն օրենքի 19.7 հոդվածի 1-ին մասով սահմանված է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը:
Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ամսվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը, բացառությամբ պահուստային տրանսպորտային միջոցների: Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների կամ միկրոավտոբուսների (բացառությամբ պահուստային տրանսպորտային միջոցների) քանակից:
ՀՀ Հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Հարկային ստուգումների ընթացքում և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներն առանց արտոնագրի իրականացնելու դեպքում գանձվում է տուգանք 500 հազար դրամի չափով: Սույն մասի կիրառության իմաստով՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների՝ առանց արտոնագրի իրականացում է համարվում նաև պետական տուրքի գումարը նույն հոդվածներով սահմանված չափից պակաս հաշվարկելը:
Կարդացեք նաև
Նշված դրույթների համաձայն, ավտոբուսներով կամ միկրոավտոբեուսներով ուղևորափոխադրման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են հաշվարկել և ՀՀ պետական բյուջե վճարել պետական տուրք, ինչի համար ելակետ է համարվում երթուղու սպասարկման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների քանակը, անկախ այն հանգամանքից, թե քանի տրանսպորտային միջոց է փաստացի շահագործվել: Այդ նպատակով վերջիններս հարկային մարմին են ներկայացնում համապատասխան հայտարարություն (դրանում արտացոլվում է տրանսպորտային միջոցների քանակը և պետական տուրքի հաշվարկման գործակիցը), ինչի հիման վրա տնտեսվարող սուբյեկտին տրամադրվում է գործունեության իրականացման համար անհրաժեշտ արտոնագիր:
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել «Հակո» ԱԿ-ի նկատմամբ, ինչի արդյունքում պարզվել է, որ «Հակո» ԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրով երթուղու սպասարկման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների քանակը սահմանվել է 25 միկրոավտոբուս, սակայն Կոոպերատիվի կողմից 2020թ-ի մայիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում միկրոավտոբուսներով իրականացված ուղևորափոխադրումների մասով չի հաշվարկվել պետական տուրք և հարկային մարմնին չի ներկայացրել համապատասխան հայտարարությունները, իսկ 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում իրականացված նույն գործունեության համար հարկային մարմնին ներկայացված հայտարարություններով հայտարարագրվել է համապատասխանաբար 22, 21, 21 միկրոավտոբուսներ, և իսկ 2021թ-ի հունվար-մարտ ամիսների համար՝ համապատասխանաբար 8, 8, 10 միկրոավտոբուսներ: Այսինքն, Կոոպերատիվի կողմից որոշ ամիսների ընթացքում իրականացված գործունեության մասով ընդհանրապես չի հաշվարկվել պետական տուրք՝ գործունեությունն իրականացրել է առանց արտոնագրի, իսկ որոշ ամիսների համար պետական տուրքը հաշվարկվել է թերի, ինչը օրենքի իմաստով նույնացվում է գործունեությունն առանց արտոնագրի իրականացման հետ:
Նշվածի հիման վրա ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցված վարչական վարույթի շրջանակներում անցկացված լսումներին ներկայացած Վլադիկ Աբրահամյանը տրանսպորտային միջոցների թվի պակաս հայտարարագրումը և հետևաբար պետական տուրքի պակաս հաշվարկումը պատճառաբանել է Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ և հետագայում նաև ռազմական դրություններով պայմանավորված ուղևորահոսքի կրճատմամբ, ինչի մասին ներկայացրել է նաև գրավոր առարկություն:
Վարչական վարույթի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը ուսումնասիրելով վարույթի նյութերը, կայացրել է «Հակո» ԱԿ-ին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում, նկատի ունենալով, որ վերջինիս կողմից ներկայացված հիմնավորումներն ու պատճառաբանությունները՝ որպես հարկային պատասխանատվությունից ազատման հիմք, որևէ իրավական ակտով նախատեսված չեն:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ