«Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայ երիտասարդ ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ անցյալ տարի Հայաստանը բիզնես միջավայրի առումով բարդ տարի է ունեցել: «Սկզբում ունեցանք Քովիդ, ապա ամբողջությամբ տնտեսության լոքդաուն, որից հետո ծանր պատերազմը ու հետպատերազմյան սթրես:
Քանի որ մեր տնտեսությունը բավականին մեծ հարված վերցրեց իր վրա, շատերը գուշակում էին, որ այն չի կարողանա ոտքի կանգնել: Բայց շուկայի դինամիկան ցույց տվեց, որ շուկան արագ վերականգնվում է: Այս պահին, որքան էլ զարմանալի է բոլորի համար, Հայաստանի տնտեսությունն ունի տնտեսական աճ, գործող թոփ 100 ընկերություններն աճ ունեն»,-ասաց Նարեկ Կարապետյանը:
Նրա խոսքով. «Դրա հիմնական պատճառը մեր ձեռներեցների, մեր հայրենակիցների ունիկալ բիզնես ձիրքն է, որ այդքան սթրեսի մեջ կարողացան նույն տեմպով աշխատել»:
«Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչը վստահ է, որ այս տարի նշանակալի տնտեսական աճ ունենք, եւ տարին փակվելու է լավ արդյունքով, ու իր փաստարկներն էլ հիմնված են մեծ բիզնեսների ներկայացուցիչների գրանցած արդյունքների վրա:
Կարդացեք նաև
Նարեկ Կարապետյանի ձեւակերպմամբ, տնտեսական աճում նշանակալի դեր ունի Սփյուռքի մասնակցությունը. «Սփյուռքի ներդրումները բաժանված են 2 մասի՝ արեւմտյան եւ ռուսական ներդրումներ։ Վերջին 20 տարվա ընթացքում ռուսական՝ ռուսահայության ներդրումներն առաջնային տեղ են զբաղեցնում Հայաստանի տնտեսական շուկայում… Անցյալ տարվա գործընթացներից հետո մենք պարտավորվածություն զգացինք եւս մեկ իմպուլս հաղորդել փոխգործակցությանը, որպեսզի մեր տնտեսությունը այս տեմպը չկորցնի»:
Հավելենք, որ միջոցառումը կազմակերպվել է առաջիկայում կայանալիք «Armenian Business Forum» (ABF) ներդրումային ֆորումի շրջանակում, որն անցկացվելու է Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:
Միջոցառմանը, ի թիվս այլոց մասնակցում են «ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Կոկա-Կոլա Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Չոր մարքեթինգ» ընկերության հիմնադիր Վահրամ Միրաքյանը եւ ուրիշներ:
Ինչ վերաբերվում է «ABF 2021» ներդրումային ֆորումին, այն առաջին անգամ կհամախմբի տարածաշրջանի և միջազգային հարյուրավոր ներդրողների, ձեռնարկատերերի և «ստարտափ» նախագծերի ներկայացուցիչների: Ֆորումը նպատակ ունի դառնալու տարբեր մակարդակներում ներդրումային ծրագրերի քննարկման ու իրականացման համար բիզնեսի փոխգործակցության եզակի հարթակ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ