ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղում կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2021թ. օգոստոսի 04-ին՝ ժամը 03:37-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, մուտք էր գործել «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղ և աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու` ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով պահանջել գումար, սակայն պահանջված գումարը չստանալով՝ դիմել էր փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որն Իջևան քաղաքի բնակիչ է՝ 31 տարեկան:
Վերջինս ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով, հարցաքննվել դեպքի շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, միաժամանակ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելով հանցագործության կատարման ժամանակ հագին եղած հագուստը, դիմակը, ինչպես նաև՝ հայտնել, որ հանցագործության գործիք հանդիսացող նռնակը նետել է Աղստև գետը:
Կարդացեք նաև
Նույն օրը կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն և քննչական փորձարարություն, որի ժամանակ վերջինս ճշտորեն վերարտադրել է դեպքի հանգամանքները և մատնացույց արել գետի այն հատվածը, որտեղ նետել է նռնակը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին