Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխիկացրել է պարարտանյութի արժեքը, կազմել կեղծ ցուցակներ ու բռնվել ԱԱԾ-ի կողմից

Օգոստոս 07,2021 11:10

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի՝ կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում հաղթող է ճանաչվել «Անդրանիկ Աշոտի Սիմոնյան» անհատ ձեռնարկատերը, վերջինս էլ մեկ այլ ՍՊԸ-ի հետ մոտ 95 տոննա օրգանական պարարտանյութ գնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել, ապա  ինչ-ինչ գործարքներ են տեղի ունեցել, անգամ կազմվել են տարբեր համայնքների բնակիչներին պարարտանյութի հատկացման վերաբերյալ կեղծ ցուցակներ, դրամ է կանխիկացվել յուրացնելու նպատակով:

Օգոստոսի 5-ին ՀՀ ոստիկանության ԻԿ-ում կատարված համեմատական ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Կ. Բ.-ն, նախապես տեղյակ լինելով, որ ՊՈԱԿ-ի կողմից հողաբարելավման աշխատանքների ձեռք բերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում հաղթող է ճանաչվել «Անդրանիկ Աշոտի Սիմոնյան» անհատ ձեռնարկատերը, վերջինիս հետ կնքվել է պետության կարիքների համար աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիրը, որի կատարման համար «Անդրանիկ Սիմոնյան» անհատ ձեռնարկատերը 3.705.000 դրամ ընդհանուր արժողության 95 տոննա օրգանական պարարտանյութ գնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել «Էյչ Դի» ՍՊԸ-ի հետ:

Նա այդ շրջանակներում օգտվելով պայմանագրով ընձեռնված հնարավորությունից, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի 3.705.000 դրամ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Ս. Ղ.-ի հետ, խնդրել է վերջինիս կապ հաստատել «Էյչ Դի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ա. Գ.-ի հետ և խաբեությամբ ներկայանալով որպես «Անդրանիկ Սիմոնյան» անհատ ձեռնարկատիրոջ ներկայացուցիչ՝ հայտնել է, որ ցանկանում են հրաժարվել ապրանքի փաստացի ձեռքբերումից:

Պարարտանյութի արժեքը՝ 3.705.000 դրամ անկանխիկ փոխանցելուց հետո կանխիկացրել է, որի մի մասը՝ 2.700.000 դրամը հանձնել է իրեն: Կ. Բ.-ն Շիրակի մարզի մի քանի համայնքների ղեկավարների օժանդակությամբ, նրանց կողմից միջոցներ տրամադրելով, պաշտոնեական կեղծիք կատարելով եւ համայնքների բնակիչներին՝ պարարտանյութի հատկացման վերաբերյալ կեղծ ցուցակներ կազմելով, դրանց հիման վրա տվել է դրական եզրակացություն, իբր պարարտանյութի մատակարարման վերաբերյալ, որի հիման վրա «Էյչ Դի» ՍՊԸ-ի հաշվեհամարին փոխանցվել է փաստացի չմուտքագրված պարարտանյութի արժեքը՝ 3.705.000 դրամը, որը պայմանավորվածության համաձայն Ա. Գ.-ն կանխիկացրել է, որից 2.700.000 դրամը հանձնել է Ս. Ղ-ին, սակայն նույն պահին վերջինս բռնվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից:

Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031