Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գեւորգյան․ Մեր համագործակցությունը դաշինքի ներսում բավականին արդյունավետ է․ «Հրապարակ»

Օգոստոս 07,2021 10:11

Հարցազրույց ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի հետ

– Իշխանությունը պարբերաբար ձեզ կոչ է անում՝ գալ կառուցողական քննարկման դաշտ եւ զերծ մնալ փոխադարձ վիրավորանքներից ու մեղադրանքներից։ Դուք այս իշխանությունների հետ պատրա՞ստ եք կառուցողական աշխատանքի։

– Էսպես պատասխանեմ․ ես մեր քաղաքական միավորի, դաշինքի քարոզարշավը, համենայնդեպս, կառուցողական եմ գնահատում։ Կարող է եղել են էմոցիոնալ ելույթներ, բայց, ի տարբերություն մեզ, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդներն ամբողջ քարոզարշավն են տարել ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտում։

– Բայց ձեր թիմակիցների կողմից հնչել են հայհոյանքներ, կոշտ գնահատականներ, պիտակավորումներ, եւ Իշխան Սաղաթելյանն ասում է, որ ձեր գնահատականներում որեւէ բան չի փոխվել՝ իշխանությունները դավաճան են, կապիտուլյանտ, հողատու եւ այլն։

– Ես սովորություն չունեմ երբեք, եթե իմ ասածը չէ, ուրիշների ասածները մեկնաբանելու, եթե դա չի վերաբերում իմ ոլորտին կամ իմ գործառույթներին։

– Բայց միակամ չե՞ք ձեր թիմակիցների գնահատականների հարցում, որ այս իշխանությունները դավաճան են, հանձնել են Արցախը, կապիտուլյանտ են, երկիրը տանում են կործանման եւ այլն։ Հայհոյանքների մասին չեմ խոսում, քաղաքական գնահատականների մասին է խոսքը, հնչել են, չէ՞, ձեր կողմից։

– Դրանք հիմա էլ են հնչում, հետո՞։ Իմ ասածը հետեւյալն է, որ Ազգային ժողովը, ու ոնց որ թե շատերի մոտ դեռեւս էդ ընկալումը չկա, բարձրագույն քաղաքական մարմինն է, եւ ՀՀ Սահմանադրության՝ Ազգային ժողովի մասին հենց առաջին հոդվածն ասում է, որ ԱԺ-ն ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, հետո նոր հաջորդ հոդվածով ասում է, որ ԱԺ-ն օրենսդիր մարմին է։ Հիմա այն տրամաբանությունը, որ դուք եկել եք ԱԺ, մանդատները ստացել եք, պետք է կառուցողական լինեք, դա որեւէ կերպ չի բացառում քաղաքական դիսկուսիան։ Ինձ համար անհանդուրժելի կամ անընդունելի են բացառապես անձնական վիրավորանքները։

– Դուք այս խորհրդարանի որակն ինչպե՞ս եք գնահատում, հատկապես՝ իշխանության մասով, ի՞նչ եք կարծում՝ եթե ձեր փորձն ու գիտելիքներն օգտագործեք ու քննադատեք նրանց, դա կընկալե՞ն։

– Մենք չորրորդ օրն է՝ խորհրդարանում ենք, թույլ տվեք՝ ես նմանատիպ գնահատականներ չտամ, դեռ հանձնաժողովներ պետք է ձեւավորվեն։ Իմ միակ խնդիրն այս պահի դրությամբ, որ ես նկատում եմ եւ արձանագրում եմ, ցավոք սրտի, շատ պատգամավորներ, հատկապես մեծամասնությունից, փորձում են նվազեցնել խորհրդարանի դերը՝ այն սահմանափակելով միայն օրենքներ ընդունելով։ Խորհրդարանը միայն օրենսդիր մարմին չէ։ Քիչ առաջ նշեցի, որ այն Սահմանադրությամբ առաջին հերթին ժողովրդի ներկայացուցչական մարմինն է։

– Այս օրերին թե՛ ձեր դաշինքը, որը երեք ուժից է բաղկացած, թե՛ «Պատիվ ունեմ» դաշինքը փորձում են միասնականություն եւ համերաշխություն դրսեւորել բոլոր հարցերում։ Ի՞նչ եք կարծում, կհաջողվի՞ նման օրինակ ցուցաբերել թե՛ դաշինքի մակարդակով, թե՛ երկու ընդդիմադիր խմբակցություններով, քանզի կյանքը ցույց է տվել, որ դաշինքները շատ արագ փլուզվում են։

– Ճիշտ եք ասում, կյանքը շատ բան է ցույց տալիս, ցավոք սրտի, մեր քաղաքական ավանդույթների մեջ, բայց, այս պահի դրությամբ, մեր համագործակցությունը դաշինքի ներսում բավականին արդյունավետ է, հանգիստ է, հանդարտ է՝ առանց ավելորդ ամբիցիաների, եւ մինչեւ այս պահը նմանատիպ հավասար գործընկերային հարաբերություններ ենք ունեցել նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքի մեր գործընկերների հետ։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ այս հանդարտ, հավասար համագործակցությունը կշարունակվի։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031