Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրուելի սցենարով

Օգոստոս 07,2021 10:00

Ես երկու ձեռքով կողմ եմ, որ Ազգային ժողովում ձեռնարկվեն անվտանգության ամենախիստ միջոցները, որ այդ շենքում գտնվող բոլոր մարդիկ՝ աշխատակիցները, պատգամավորները, լրագրողները մի քանի անգամ անցնեն մետաղորսիչների միջով, որ այնտեղ լինեն անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ:

Ի դեպ, պարտադիր չէ, որ վերջիններս լինեն զինվորական համազգեստով՝ դրանից ցուցամոլության հոտ է գալիս: Կարեւոր է, որ անվտանգության կանոններին ենթարկվեն բոլորը, ոչ թե լինեն արտոնյալ պատգամավորներ, որոնց համար, ասենք թե, պարտադիր չլինի մետաղորսիչներով անցնելը: Բացառված չէ, որ ԱԱԾ-ն ստացել է համապատասխան ազդանշաններ, եւ եթե դա այդպես է, ապա այդ կառույցն առավել եւս պետք է զգոն լինի:

Բայց եթե լրագրողը անվտանգության բոլոր պահանջները կատարել է, եթե նրա ձայնագրիչը, հեռախոսը եւ տեսախցիկը մանրակրկիտ ստուգված են, ապա ինչո՞ւ նա չպիտի կարողանա մոտենալ ցանկացած պատգամավորի եւ տալ ցանկացած հարց: Կամ՝ ինչո՞ւ է նրան արգելվում նկարահանել ԱԺ-ում գտնվող զինվորական համազգեստով մարդկանց: Ի՞նչ է, նրանք թաքո՞ւն են իրականացնում իրենց ծառայությունը:
Սա արդեն անվտանգության հետ կապ չունի եւ խոսում է ներկա իշխանության այլասերման, իսկ եթե ավելի ստույգ՝ հին, «սերժառոբական» հուն վերադառնալու մասին:

Հիշում եմ, 2018 թվականի մայիսին պաշտոն ստացած հեղափոխականն ասաց լրագրողին՝ «շարունակեք ինձ անունով դիմել, ոչինչ չի փոխվել»: Երկու ամիս հետո այդ պաշտոնյային հնարավոր չէր ոչ միայն անունով դիմել, այլեւ ընդհանրապես նրա հետ խոսել. նա «մեկուսացավ»՝ պատ կառուցելով օգնականների եւ քարտուղարուհիների միջոցով: Կյանքից, իրականությունից կտրվելն այդպես է սկսվում: Դժվար թե հիմա մենք փողոցում հանդիպենք հեծանիվ քշող վարչապետին, կամ առավոտյան մարզանքի դուրս եկած քաղաքապետին: Պարզ է, մարդիկ սկզբից իշխանությունը եւ դրա բոլոր «համեմունքները» այնպես չեն պատկերացնում, ինչպես որ այն իրականում կա, բայց հաշվի առնելով, թե ինչպիսի կարգախոսներով էին իշխանության եկել «այսօրվանները», որոշ բաներ արտառոց են թվում:

Հիմա արդեն նախկին հեղափոխականները, որոնք իբր պայքարում էին թափանցիկության եւ հաշվետվողականության համար, դառնում են ավելի «անթափանց» ու «ոչ հաշվետու», քան նրանք, ում դեմ նրանք պայքարել են: Հիմա արդեն նրանք կիսաաստվածներ են, որոնք պետք է հպարտորեն ու անարգել ճեմեն Ազգային ժողովի միջանցքներով, շփվեն միայն իրենց «ռանգի» մարդկանց հետ, իսկ լրագրողները «ոտի տակ չընկնեն»՝ չնայած նրանց մի մասը նախկինում լրագրողներ էին: Հիմա նրանք բարձր տուգանքներով իրենց պաշտպանում են վիրավորանքից ու զրպարտությունից, ինչպես նաեւ քրեականացնում են հայհոյանքը: Վստահ եմ, շուտով կլինեն նման նոր նախաձեռնություններ:

Հիշո՞ւմ եք, ինչպես է վերջանում Օրուելի հայտնի վեպը: Խոզերը, որոնք մնացած կենդանիների հետ միասին հեղափոխություն են անում «հանուն հավասարության», վերցնում են մտրակը եւ սկսում են իշխել ճիշտ այնպես, ինչպես որ դա անում էին մարդիկ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Լյումպենը կառքը վարելու վարորդական իրավունք եւ փորձ չունի, նրան այլ կառքերի էքստրեմալ կառապանները աջից ձախից կարող են վախեցնել, որ նա մեկից փախչի ու մյուսին դեմ գա ու ծուղակն ընկնի: Անվախ, փորձառու ու սկզբունքային միայն ազնվականությունն է, կկարողանա արդյո՞ք մեր ազնվականությունը գոնե այնքան գաղափարակից ակտիվ ընտրող հավաքագրել, ինչքան մեր լյումպեն ազգակիցն արեց վերջին ընտրություններում, մեր շատ սիրելի, բայց անփորձ ազգակիցը եղնիկի նման մի գիշատիչից փախչում եւ ընկնում մյուս գիշատիչի երախը, իսկ հետո երկու գիշատիչները մեզ իրար մեջ են մտածում բաժանել: Անփորձությունը կարելի է շտկել, մեր լյումպենին կարելի է կրթել ու որպես ազնվական դաստիարակել, եթե մեր ազնվականությունը հաղթեր ընտրություններում, լյուստրացիա կաներ եւ մեր այսօրվա պարլամենտից մեծ մասը պետական պաշտոն վարելու իրավունքից կզրկվեր: Իսկ հիմա կունենանք շատ լավ մասնագետներ Կառավարությունում, որոնք փափուկ բարձի դեր պետք է կատարեն ժողովրդի գլխի տակ, իսկ որպես վարկած՝ մեր պարլամենտը մեր գիշատիչ դաշնակիցթշնամիների ծրագիրն է իրականացնում՝ մեզ փափուկ փափուկ կբաժանեն գուբեռնյավիլայեթների, իսկ դա չի լինի, երբ հայության ազնվականությունը իր քանակով ու ակտիվությամբ գերազանցի մեր սիրելի ակտիվ, բայց անփորձ հայերին:
    Այնպես որ, հայ ազնվականություն բոլոր երկրների, միացե՛ք:

  2. Հ.Շ. says:

    ( Այստեղ խօսքս՝ «Առավոտ»ին, ասենք… նուազ կը վերաբերի, քան թէ բազմաթիւ այլ թերթերու, որոնք հիմա դարձած են այս վարչակարգի բուռն քննադատները: )

    Հայաստանի Մամուլը – զանգուածային մեծամասնութեամբ- հիմնական դերակատարութիւն ունեցաւ՝ այժմու վարչակարգի գոյացման գործընթացում: Տարինե՜ր շարունակ, ճանապարհը բանալով ու հարթելով ԻմՔայլողների առջեւ. ապա, ուղղակի եւ բացայայտ աջակցութեամբ, զօրակցութեամբ՝ 2018-ի գարնան տեղի ունեցած պետական յեղաշրջումին:

    Հետեւաբար, ներկայիս շատ դժուար է կարեկցիլ լրագրողներին, իրենց այժմու վիճակին համար:
    Հասնում ա: Բարի վայելում:

    Միայն լրագրողնե՞րն են, որ պիտի չենթարկուին Ժողովուրդի Գերագոյն Կամքին… Չէ, դուք ալ հաճեցէք միանալ մնացեալ մահկանացուներուս:

    ( Ի դէպ, «բարձր ձիերուն վրայ հեծնելով», Լրագրութիւնը «սրբացնելն» ալ, վիճելի մօտեցում մըն է: Այս մէկը՝ որեւէ երկրի պարագային: Շատո՜նց է որ աւարտած է լրագրութեան աւանդական, վեհ ըմբռնողութիւնը: Այսօր լրագրողների անտանելի մեծամասնութիւնը՝ լրագրողներ չեն, այլ քաղաքական գործիչներ, գաղափարաբանական ակտիվիստներ, խառնակիչներ եւ գրգռիչներ: Կամ էլ պարզապէս showman/showwoman-ններ: Արեւմտեան երկիրներու մէջ, անոնցմէ «հռչակաւորներ»ն ալ, կ’ապրին շարժանկարի «աստղ»երու պէս… պատսպարուած, սովորական իրականութենէն կտրուած… ինչպէս որ, հա, վերեւ նկարագրուած է, այդ delusional պատգամաւորներին առնչութեամբ… )

    • Հ.Շ. says:

      Այժմու վարչակարգի գոյացման կապակցութեամբ՝ հայաստանեան Մամուլի ուղղակի մեղսակցութիւնը, ես չեմ հնարում: Այդ ուղղութեամբ, եկէք պարզեմ բարձրագոյն աստիճանի փաստ մը, որ իրաւաբանական մասնագիտական լեզուով կը կոչուի՝ խոստովանութիւն: Aveu, confession (անգլերէնի մէջ բառին օրինական, իսկապէս դատարանի մէջ գործածուող իմաստով) : Այդ ալ՝ գրաւոր խոստովանութիւն:

      Ժողովրդականութիւն ունեցող թերթի մը համեստափայլ խմբագրուհին, որ ժամանակէ մը ի վեր, անխնայ հարուածում է այս վարչակարգին, մօտ շաբաթ մը առաջ, հետեւեալ տողերը գրեց, ստրորագրեց եւ հրատարակեց տուեալ թերթին մէջ, իր խմբագրականում ՝ [զարմանք յայտնելու համար, թէ ինչո՞ւ հիմա իրենց «ատում» են երիտասարդ, նոր իշխանաւորները, նա գրում է – տառացի մէջբերում – ]՝
      « Չէ՞ որ ապրիլյան հեղափոխության օրերին երկրի ողջ մամուլը սիրով լուսաբանում էր նրանց յուրաքանչյուր քայլը, աջակցում նրանց, պայքարում նրանց կողքին, եւ նրանք լրատվամիջոցներից բողոքելու դույզն-ինչ պատճառ չունեին։ »

      «երկրին ողջ մամուլը»… «սիրով»… «աջակցում [էր] նրանց»… «պայքարում նրանց կողքին»…

      ի դէպ, այս էջին վրայ ընդունուած, վերեւի մեկնաբանութիւնս, նաեւ գրած էի այդ խմբագրականին ներքոյ… անուն-մականունս ալ – որ արդէն մի քանի քլիքով, շատ հեշտ է տեսնելը -, աւելի ակնյայտ կերպով ցուցադրած էի, որպէսզի առիթը չտամ իբրեւ թէ «ֆէյք»ի վերաբերող… ֆէյք պատճառի մը, ճղճիմ պատրուակի մը, գրաքննութեան ենթարկուելու

      Տիկինը… ջնջե՛ց. անհետացուց այդ գրածս !

      ինչպէ՞ս յարգել, կամ լուրջի առնել, այս որակի մամուլ մը… zero credibility…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031