Լրահոս
Օրվա լրահոսը

Կփոխհատուցվեն սեփականության օտարման հետևանքով պատճառված այլ վնասները․ «Փաստ»

Օգոստոս 07,2021 09:40

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակն առաջարկում է լրացումներ կատարել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում», որն ուժի մեջ է մտել 2006 թ.-ի դեկտեմբերի 30-ին։

Գործնականում սեփականության օտարմանը վերաբերող ամենակարևոր կետը փոխհատուցման հարցն է։ Սեփականության օտարման հետևանքով մարդիկ կորցնում են իրենց տունը, հողը, երբեմն նաև եկամտի աղբյուրը: Ըստ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում՝ օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումար: Սակայն այդ գումարը ոչ միշտ կարող է համարվել բավարար փոխհատուցում միաժամանակ և՛ գույքի կորստի, և՛ տնտեսական նախկին դրությունը վերականգնելու, և՛ սեփականատիրոջ վնասները ծածկելու համար: Երբեմն սեփականության օտարումը ենթադրում է, որ մարդիկ կորցնում են ոչ միայն իրենց ունեցվածքը, այլև իրենց եկամտի աղբյուրները, և այստեղ շուկայական արժեքից 15 տոկոս ավելի գումարը չի կարող համարվել բավարար:

Օրինակ՝ քիչ չեն դեպքերը, երբ օտարված գույքը օգտագործվում է ձեռնարկատիրական կամ հողատարածքը՝ գյուղատնտեսական նպատակներով, որը սեփականատիրոջ համար եկամտի միակ աղբյուրն է: Այս խնդիրն արձանագրվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող իր մի շարք վճիռներով արձանագրվել է, որ դիմումատուներին չի տրվել պատշաճ արդարացի փոխհատուցում և վերջիններս սեփականության օտարման հետևանքով կրել են ավելորդ բեռ: «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է օրենքի համապատասխան հոդվածները լրացնել դրույթներով, ըստ որոնց՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը բացի օտարվող գույքի շուկայական արժեքի տասնհինգ տոկոս ավելի գումարից կփոխհատուցվի նաև սեփականատիրոջը սեփականության օտարման հետևանքով պատճառված այլ վնասները։

Գործող կարգավորումների համաձայն՝ այն դեպքում, երբ օտարվում է անձի սեփականությունը, ապա որպես փոխհատուցում վերջինիս վճարվում է օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումար՝ անկախ այն հանգամանքից, թե օտարվող գույքը հանդիսանում է անձի հիմնական կամ միակ եկամտի աղբյուրը, թե ոչ։ Այս դեպքում հաշվի չի առնվում այն կարևոր հանգամանքը, որ տրված փոխհատուցումը չի ծածկում սեփականատիրոջ ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը։ Ենթադրվում է, որ տասնհինգ տոկոսի չափով տրվող հավելումը բավարար է նաև կոմպենսացնելու վերը նշված ծախսերը: Եվրոպական դատարանը, անդրադառնալով գործող կարգավորումներին, արձանագրել է, որ միայն շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարի վճարումը շատ դեպքերում չի համարվում համարժեք և բավարար։

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031