Նորընտիր Ազգային ժողովն արդեն հինգ օր է՝ սկսել է աշխատանքները: ԱԺ նախագահի ու փոխնախագահների ընտրություններ, ելույթներ, իրար հասցեագրված վիրավորանքներ ու մեղադրանքներ: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ապրել անորոշության ժամանակաշրջանում: ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ երկիրը խաղալիք չէ, բայց նրան վերաբերում են խաղալիքի նման:
«Տպավորություն է, թե մի քանի օր զբաղված են ԱԺ փոխնախագահների ու հանձնաժողովների նախագահների ընտրության ձգձգմամբ՝ մինչև իրենց սև գործը կարողանան անել:
Ինչպես երեք տարի, այնպես էլ այսօր այս ձգձգումները բարդելու են ընդդիմության վրա: Հիշո՞ւմ եք՝ ասում էին, թե գերիներին չենք կարողանում վերադարձնել հայրենիք, քանի որ ընդդիմությունը խանգարում է: Այս հեքիաթը շատ հին է, բայց ազդում է մարդկանց վրա, հատկապես չմտածող խավի վրա: Սրա մեղավորությունը նաև 6-րդ գումարման Ազգային ժողովինն էր, երբ ունենալով իշխանական լծակներ, մեծամասնություն ԱԺ-ում, սուս ու փուս, ամբոխի էյֆորիային ենթարկվելով՝ թույլ տվեցին, որ սրանք հայտնվեն իշխանության: Կարծում եմ, որ այս իրավիճակում ընդդիմությունը պետք է անհնազանդության գործողությունների դիմի, այլևս ակնհայտ է, որ այս մարդկանց հետ օրինականության սահմաններում որևէ բան անել հնարավոր չէ: Ազգային ժողովի առաջին նիստերը դա ցույց տվեցին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը:
Հավելում է՝ մի միտք շրջանառության մեջ գցեցին, թե Մակրոնն ասել է, որ ֆրանսիացիները կգան ու կպաշտպանեն Հայաստանի սահմանը: «Չկա այնպիսի երկիր, որի սահմանները պաշտպանեն օտար զինվորները, պատմության մեջ նման բան չկա: Ի վերջո, մի անգամ ապավինել ենք Ֆրանսիայի պաշտպանությանը, արդյունքում ֆրանսիացիները Կիլիկիան նվիրել են թուրքերին: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին: Այն հարաբերությունները, որոնք ձևավորվել էին ռուս-հայկական միջավայրում, չէին հարվածում մեր ինքնասիրությանը: Այն հնարավորությունները, որոնք ունեինք մենք և ռուսները, որոշակի համակարգման ենթարկվել էին: Համենայն դեպս, ռուսներն այսպիսի անթաքույց անտարբերություն չէին դրսևորում: Այս իշխանությունների գալուց հետո ռուս-հայկական հարաբերությունները թևակոխեցին բացարձակապես նոր և մեզ համար ոչ ձեռնտու փուլ:
Կարդացեք նաև
Աշխարհի բոլոր, անգամ խոշոր պետությունները որոշակի դաշնակցային հարաբերություններ ունեն միմյանց հետ: Այս իշխանությունները փչացրեցին բոլոր հարաբերությունները: Մռայլ կանխագուշակումներով երբեք չեմ զբաղվել, բայց այս դեպքում դժբախտաբար, ոսկրերիս մեջ զգում եմ պետականության, ինչու ոչ՝ նաև հայկականության վերջին տրոփյունը: Պատմության ընթացքում շատ բան ենք տեսել, բայց նման բան՝ ոչ: Պատմության հազարամյակների ընթացքում այսպիսի անբարենպաստ միջազգային իրավիճակ և անբարենպաստ կառավարող խունտա երբևէ չենք ունեցել: Օտարների շահերը սպասարկող բացահայտ կառավարություններ մենք երբևէ չենք ունեցել: Պատմության մեջ չենք ունեցել այսպիսի հակազգային քաղաքականություն վարող իշխող խումբ: Չգիտեմ՝ սրա վերջը երբ է գալու, կամ արդյոք կգա սրա՞, թե՞ մեր վերջը»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում