Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայհոյանքի անհրաժեշտ կարի՞ք ես զգում՝ շո՜ւն ասա, է՜շ ասա»

Օգոստոս 07,2021 13:30

Լեռ Կամսարը՝ հայհոյանքի մասին

«Եթե անպատճառ պիտի հայհոյեք այդ մարդուն եւ այն զսպել չեք կարող, մածուն ծախողների նման երեսը մի նոսր սեր քաշեք, իսկ տակը ինչ կուզեք լեցրեք։ Երեսը «Կեցցե», տակը որքան կամենաք «կորչի»,-գրել է Լեռ Կամսարը:

Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող էր պատահել, եթե այս օրերին ողջ լիներ խորհրդային գուլագներում իր կյանքի կեսն անցկացրած մեծագույն երգիծաբանը՝ Լեռ Կամսարը, ինչ կարող էր լինել, եթե պաշտոնյային ազգանունով չդիմելու համար նրան սպառնար երիտաժնախագահը, եթե նա հայտնվեր այսօրեական «հայհոյա՞նք, թե՞ վիրավորանք» քննարկումների շրջապտույտում:
«Առավոտը» ներկայացնում է մեծ երգիծաբանի «Չապրած օրերից» հատվածներ:

Չեկան սկսել է նախկիններին հավաքել։ Փողոցային հանդիպումները դժվարանում են։ Այսօր կին թե տղամարդ, ում հետ փողոցում խոսեցի՝ Պողո՜ս, Գրիգո՜ր կամ Ժենյա, ասացի՝ եթե Չեկան մեզ բռնի եւ հարցնի՝ «ի՞նչ էիք խոսում», կասես՝ խոսում էինք արեգակնային համակարգության մասին։ Երկուստեք այսպես պայմանավորվելուց հետո՝ նո՜ր սկսում էի հանգիստ սրտով հայհոյել կառավարությանը։
Սեռական ախտաբանության մեջ հետեւյալ երեւույթը գոյություն ունի։ Երբ մեկը զրկվում է սեռական գործողության հնարավորությունից, իր կնոջը հանձնում է օտար տղամարդու հայեցողությանը, եւ ինքը գործողությանը ներկա լինելով, սեռական հաճույք է վայելում։ Որովհետեւ ես ազատ արտահայտվելու հնարավորությունից զրկված եմ, դրա համար շատ կցանկանայի լինել մեր սահմանագլխում եւ խնդրել մյուս ափի սահմանապահին, որ մեր առաջնորդին մի լա՛վ հայհոյի:

Այսօր մեր դիրեկտորին մի քանի խոսք ունեմ ասելու, վախենում եմ մոտենալ։ Անմիջապես կվիրավորի։ Բոլոր հայհոյանքները կթափի գլխիդ, բայց “Дурак”-ն անպայման ռուսերենով է ասում նրա համար, որ այդ տերմին է ստեղծված հատուկ ռուս ազգի համար, եւ հայերեն «հիմարը» չի տալիս բառի լիակատար նշանակությունը։ Ոչ հայ, ոչ էլ մի այլ ազգ աշխարհի երեսին թույլ չէր տա, որ մի մարդ ոտքի տակն առած տրորե հարյուր հիսուն միլիոն մարդու։ Այդ թույլ տալու համար ոչ թե «հիմար», այլ իսկապես որ ռուսերեն “Дурак” լինելու է անպատճառ։

Գիտէ՞ք ինչ, Մարքսի լայնածավալ վարդապետության մէջ մէկ հատիկ ճշմարտություն կա, ինկած անծայրածիր սխալներու տակ. ճշմարտությունն քաշեմ՝ վախնամ սխալին դէզը շուռ բերեմ վրաս: Այդ ճշմարտությունն է՝ «կեցությունն կորոշէ գիտակցությունն»: Այո՜, «կեցությունն կորոշէ գիտակցությունն»՝ ատիկա շատ ճիշտ է: Ու ես առաջնորդվելով այդ ճշմարտությամբ՝ մէկը, որ կանգնած առջեւս կգովէ կառավարությանն, գիտեմ՝ այդ օր տվյալ մարդն քանի՞ գրամ օղի է խմեր, քանի՞ սանթիմ ապուխտ է կլլեր, որքա՞ն ձկան կոնսերվ է վայելեր, կամ ձկնկիթ կերե՞ր է, թէ՞ ոչ, տանը քանի շիֆաներկա ունի, ի՞նչ որակի զգեստներ են կախված եւ քանի՞ ձեռք:

Ասոր հակառակ, երբ սա կառավարության հայհոյող մը տեսնեմ, գիտեմ թէ տորիչելյան ո՞ր աստիճանի դատարկություն կապրի իր ստամոքսն, ինչքա՞ն հաց է կերեր եւ որքա՞ն հաց կպակսի զայն կշտացնելու համար:

Կխորհեմ: Կառավարությունն ինչո՞ւ չի փորձեր իր երկրի բարիքն քիմիական ճանապարհով գովեստի վերածել, կկերցնէ այս ու այն մարդոց հոս եւ արտասահմանում, որ ուտեն եւ իրեն գովեն: Վասնզի սա սոցիալ-պնակալէզները որքան ալ նվիրված ըլլան մեր պետությանը, մաս մը իրենց կերածէն վար պիտի դնեն ներքին կարիքներու համար:

Ասկէ զատ բոլոր ուտողները, զբաղված ըլլալով միայն գովեստով, չեն նկատեր, որ իրենց լսո՛ղ չկա:

Ուստի պէտք է դասակարգել մարդոց. մաս մը կերակրել գովելու, մյուս մասը կերակրել այդ գովեստն լսելու համար: Լսելու ծանրությունը չպէտք է թողնել հասարակ ժողովրդին վրա: Իրենց անօթությունը իրենց կբավէ, գովեստն ունկնդրելն չափազանց կըլլա: Այսպիսով, այսօրվա իմ «կեցությունս» կպարտադրէ ինձի հայհոյել կառավարությանը, բայց ուրկէ՞ ճարեմ այդքան ազդու բառեր: Հետո՝ մեր պետություն «հայր» մը միայն ունի, միայն հայր հայհոյելով ես կրնամ ապրե՞լ:

Հայհոյանքի անհրաժեշտ կարի՞ք ես զգում՝ շո՜ւն ասա, է՜շ ասա։ Իսկ եթե սիրտդ այնքան է լցված, որ դրանցով չես հանգստանում՝ «բոլշեւիկ» անվանիր. դրանով աշխարհի բոլոր պակասությունները վերագրած կլինես քո անպիտան հարեւանիդ…

Հայհոյանքի լեքսիկոնում «բոլշեւիկը» նույնն է, ինչ որ ատոմային ռումբը պատերազմում։ Եթե Ազգերի Միավորությանը հաջողվի ատոմային էներգիան միջազգային կոնտրոլի ենթարկել, պետք է դրանից անմիջապես հետո (եւ դեռ առաջ) կոնտրոլի ենթարկել նաեւ «բոլշեւիզմը»։
Ատոմային ռումբը ճապոնական պատերազմին ընդամենը 70 հազար մարդ սպանեց, մինչ բոլշեւիզմը ողջ երկրագունդը խառնեց իրար:

Ձեզ եմ հարցնում, անոթի մարդու շուրթերից փառաբանությո՞ւն դուրս կգա։ Ժողովուրդը, չնայած դեպի իրենց աստվածներն ունեցած անհուն սիրուն, այն տարիներին, երբ սոված էր, պետք էր տեսնել, թե ինչպիսի՛ չասվելիք բառերով էր հայհոյում իր աստվածներին։

Սահմանադրությամբ կինը հավասար է հայտարարված տղամարդուն։ Ըստ հավասարության այդ օրենքի, ընտրություններին կինն էլ տղամարդու նման ձայն տալու իրավունք ունի։ Առայժմս, ճիշտ է, այդ ձայնը տղամարդու ձայնի համեմատությամբ մի փոքր բարակ է, բայց ոչինչ, ապագային կհաստանա։ Խնդիրն այդ չէ, այլ այն, թե կնոջը շնորհված այդ ընտրական իրավունքը, պետական մարմիններն ընտրելուց զատ, վերաբերո՞ւմ է նաեւ ամուսնական ընտրություններին։ Ուրիշ խոսքով, կինն իրավասո՞ւ է ընտրելու իր ցանկացած ամուսինն ուղղակի, հավասար, ընդհանուր ու գաղտնի քվեարկությամբ։

Դա՝ տղամարդկանց նման հայհոյելու իրավունքն է։

Միայն, մինչ այդ, կանայք իրենց առօրյա հայհոյանքներում ստիպված են ժամանակավորապես օգտվելու իրենց ամուսինների կամ այլ մերձավոր տղամարդկանց անդամներից։ Օրինակ, հիմա երբ մի գեղջկուհի հայհոյում է իր ընկերուհուն, զորությամբ հասկացվում է, որ իր մերձավորի օգնությամբ է գլուխ բերում հայհոյանքը։

«Առավոտ» օրաթերթ
06.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Հայհոյանքը բառապաշարի պակասության պատճառով է ու անկառավարելի էմոցիայի…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031