ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանի հենց առաջին նիստի ժամանակ ակնհայտ դարձավ, որ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը չափազանց մարտականորեն են տրամադրված ու իրար զիջելու ոչ մի եզր չեն թողնում: Այլ խոսքով, կարծում եմ, որ այս Ազգային ժողովի գործունեությունը հար եւ նման է լինելու «Կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը» ստեղծագործության բովանդակությանը:
Ազգային ժողովում պայքարն անզիջում է լինելու: Բառերով՝ «հանուն երկրի», «հանուն ժողովրդի», «հանուն անվտանգության» … համագործակցության կոչեր, երկու կողմերից էլ հաճախ են հնչելու, սակայն դրանք անմիջապես էլ մոռացվելու են եւ հենց առաջիկա հարցի քննարկման ժամանակ սկսվելու է վիրավորանքների անզիջում մարտ, որի արդյունքում հերթական անգամ խաթարվելու է Ազգային ժողովի աշխատանքը: Ցավով կարող եմ նշել, որ արտաքուստ դրանք շատ նմանվելու են թատերական ներկայացումների, սակայն խորքում առաջանալու են աննախանձելի իրավիճակներ, որոնցից լուծումներ դժվար են գտնվելու:
Իհարկե, այս հակասությունները նոր չեն եւ գալիս են դեռեւս Արցախյան պատերազմի օրերից, որոնք իրենց արտացոլանքը գտան հետագա կես տարուց ավելի տեւած «Հայրենիքի փրկության կոմիտեի» գործողություններում, որոնք այդպես էլ որեւէ շոշափելի արդյունք չբերեցին եւ իշխանությունները պարտադրված գնացին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման: Փաստացի, այսօր ստեղծված իրավիճակը վկայում է, որ այս երեք քաղաքական ուժերի համատեղ աշխատանքը համարյա բացառվում է, քանզի գնալով լավատեսության տարրերը աստիճանաբար խամրում են: Թե ինչ ելք կգտնվի այս ճգնաժամից դուրս գալու համար, ինձ տեսանելի չէ, սակայն բնավ բացառված չէ, որ նմանատիպ հարաբերությունները կարող են տանել այնպիսի ճգնաժամային իրավիճակի, որ միակ ելքը մնա Ազգային ժողովի լուծարումը եւ նոր արտահերթ ընտրությունների նշանակումը, որից հետո եւս ոչ մի երաշխիք չկա, որ այդ պտույտը չի կրկնվի:
Հայաստանի այսօրվա քաղաքական ներկապնակը վկայում է այն մասին, որ անգամ նոր ընտրությունների պարագայում, խորհրդարանում ամենայն հավանականությամբ լինելու է նույն քաղաքական ուժերից բաղկացած մոտավոր նույն պատկերը, որը բերելու է ոչ ավելի, ոչ պակաս, այս նույն վիճակի կրկնությանը: Հազիվ թե նոր ընտրության պարագայում, խորհրդարան անցնելիք ձայների համամասնությամբ, պատկերն էապես տարբերվի մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: Եթե ընտանիքում անհուսալի անհաշտություն է տիրում, ապա այդ ընտանիքը վաղ թե ուշ անպայման քանդվում է: Դե, այս Ազգային ժողովն էլ մի մեծ ընտանիք է, որտեղ միայն անզիջում հակասություններ են … Դե, ինքներդ դատեք …
Կարդացեք նաև
Վերը նշված սցենարի պարագայում, բացառված չէ, որ Հայաստանն այս հարցում եւս խաղա առաջին համարի տակ՝ դառնա առաջին երկիրը, որի հերթական գումարման նստաշրջանն այսքան կարճ կյանք ունենա:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
06.08.2021