«Առավոտը» ավելի քան 20 տարի է՝ տարբեր առիթներով անդրադառնում է աշխարհի քաղաքակիրթ երկրների պառլամենտների «մշակութային» գործունեությանը, թե ինչպես է կարգավորվում ոլորտը այն հիմնական նկատառումով, որ մշակույթը՝ ինքնուրույն լինելով հանդերձ, ինքնահոսի չմատնվի ու չհանձնվի շուկայի խիստ ազատ քմահաճույքներին։ Իսկ ազատ շուկան շատ անգամ կարող է կործանարար դեր խաղալ հատկապես դասական եւ ավանդական արվեստների ոլորտներում։
Ներկայանալի, չափանիշային արժեք ունեցող այդ ասպարեզները գրեթե բոլոր երկրներում պետության հոգածության խիստ կարիք ունեն։ Մեր երկրում մինչ օրս էլ բազմաթիվ չլուծված հարցեր կան մշակույթի ոլորտում, օրինակ՝ այդպես էլ շուրջ 30 տարի է՝ Ազգային ժողովում չի լուծվում բալետի արտիստների, ընդհանրապես պարողների՝ ոչ ընդհանուր հիմունքներով թոշակի անցնելու հարցը, թեեւ արվեստագետները այդ հարցով քանիցս դիմել են ԱԺ համապատասխան հանձնաժողով։ Մինչ օրս բաց է մնում նաեւ ազատ ստեղծագործողների աշխատանքային ստաժի հարցը։ Օրինակ՝ նկարիչները, գրողները, երաժիշտները կամ կոմպոզիտորները, որոնք որեւէ կազմակերպությունում հաստիքային աշխատող չեն հանդիսանում, թոշակ ստանում են նվազագույն չափով, մինչդեռ նրանք են աշխարհին ներկայացնում մեր երկիրը։
Վերջին տարիներին շատ է խոսվում պետական թատրոններում աշխատող դերասանների մասին, որոնց մի մասը ընդգրկված չէ խաղացանկային ներկայացումներում։ Ստացվում է, որ կան այնպիսի դերասաններ, որոնք տարիներ շարունակ աշխատավարձ ստանալով բեմ չեն բարձրանում, եւ այլն, եւ այլն։ Սրանք հարցերի մի փոքր մասն է, որ վաղուց պետք է արժանանար ԱԺ-ի ուշադրությանը։
Կուզեինք հիշեցնել նաեւ 1991թ. հուլիսից գործող եւ ի սկզբանե հայության մեծ մասին մինչ օրս անհանգստացնող ՀՀ օրհներգի մասին։ Այդ թեմային էլ ենք քանիցս անդրադարձել։ Հիշեցնենք, որ 2006թ. Հայաստանի նոր օրհներգի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել խաչատրյանական երաժշտությունը եւ մրցութային հանձնաժողովը որոշել էր դիմել կառավարությանը՝ նոր տեքստի համար մրցույթ հայտարարելու խնդրանքով։ Բայց այս հարցն էլ կիսատ մնաց։ Հետո հայտարարվեց նոր մրցույթ, որին հայտ ներկայացրին Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Երվանդ Երկանյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը եւ այլն։
Կարդացեք նաև
Առաջին փուլում հանձնաժողովի անդամների մեծ մասը հավանություն էր տվել մանսուրայանական երաժշտությանը, բայց այն կայացած մրցույթում ոչ մի ձայն չէր ստացել։ Այն ժամանակ էլ մասնագետները մեզ հետ զրույցում հանձնաժողովի անդամների նման վերաբերմունքը համարեցին, ուղիղ ասած՝ ոչ բարոյական։ Սա դեռ մեկ պատառիկ է մեր օրհներգի ոդիսականից։
Տարիներ անց ճանաչված կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի օգնությամբ մենք կապվեցինք ֆրանսահայ անվանի խմբավար, երաժշտության տեսաբան, Ֆրանսիայի Ռոմանս քաղաքի կոնսերվատորիայի հիմնադիր տնօրեն, հասարակական գործիչ Ալեքսանդր Սիրանոսյանի հետ, որը մի ամբողջ «դոսյե» ունի «Մեր հայրենիք» հիմնի ծագումնաբանության մասին, այն անվանելով խայտառակություն։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ «Ֆրանսահայ անվանի երաժիշտը «Մեր հայրենիքի» մասին մի ամբողջ «դոսյե» ունի» վերնագրով հոդվածում («Առավոտ», 20.02.2019թ.)։ Ի դեպ, այդ հոդվածը պատրաստ էր, երբ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հետեւյալ գրառումն արեց իր ֆեյսբուքյան էջում. «…Ես ունեմ միջանկյալ լուծում այս թեմայի վերաբերյալ, որը շուտով ի կատար կածեմ իմ ուժերով, քանզի հավատում եմ, որ իմ հայրենիքը թշվառ եւ անտեր չէ այլեւս։ Իսկ մինչ այդ որպես պետական այր, որպես հայ մարդ, ես ոտքի կկանգնեմ եւ հարգանքով կմոտենամ գործող օրհներգին եւ գնահատելով հինը, կարարեմ նորը, Ձեր հետ միասին»։
Վստահ ենք, որ այսօր արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետամուտ կլինի իր հնչեցրածը կյանքի կոչելուն, մանավանդ, կրկնվենք՝ 1991-ից գործող «Մեր հայրենիքը» մինչ օրս մեր անվանի կոմպոզիտորների եւ ընդհանրապես արվեստագետների մեծ մասի կողմից որակվում է խայտառակություն։
Հիմա անդրադառնանք քաղաքակիրթ երկրների պառլամենտների՝ մշակույթի հանդեպ վերաբերմունքին. Ռուսաստանի նման հզոր երկրում, որտեղ մշակույթի ոլորտը ուղղակի երկրի նախագահի ուշադրության կենտրոնում է գտնվում, առանձնակի մեծ պարտավորություն է իր վրա կրում երկրի պառլամենտը, որն իր օրինաստեղծ գործունեությունից բացի, հատուկ ֆինանսական միջոցներ է հատկացնում այն հստակ նպատակով, որ Պետդումայի պատգամավորները պարտադիր կերպով մասնակցեն մշակութային տարբեր միջոցառումների եւ այդ մասնակցության համար կարողանան ունենալ հատկապես Պետդումայի կողմից գնված եւ ոչ թե հրավիրյալ տոմսեր։ Երբեմն էլ անհրաժեշտության դեպքում գնվում են ամբողջական դահլիճներ կամ առանձնահատուկ կարգով տրամադրվում է ծրագիրն իրականացնող բավականին մեծ միջոցներ։
Ճապոնիայի պառլամենտը յուրօրինակ կերպով է լուծում հատկապես դասական երաժշտության նկատմամբ վերաբերմունքի դաստիարակության ու մասսայականացման խնդիրը։ Դասական երեկոներին հաճախած հանդիսականի ամբողջ տարվա ընթացքում գնված տոմսերի գումարը երկրի կառավարությունը պառլամենտի ֆինանսական աջակցությամբ տարեվերջին ներկայացված տոմսերի հիման վրա մեծ թվերի հասնող գումարի տեսքով վերադարձնում է հանդիսականին։
Գերմանիայի պառլամենտը, օրինակ, գործուն մասնակցություն է ունենում երկրի թատերական կյանքի ձեւավորման ու աջակցման գործում՝ հատկապես պարբերաբար կրկնվող ճգնաժամերի դեպքում, երբ ֆինանսական աջակցության խնդիրը վերածվում է լինել-չլինելու խնդրի։ Հայտնի դեպքերից է, երբ երկու տարբեր քաղաքների արդեն փակվող թատրոնները պառլամենտի նախաձեռնությամբ միավորվեցին եւ այդ մեկ օղակին հատկացում կատարվեց ոչ փոքր գումար՝ 21 մլն եվրո։ Ֆրանսիայի պառլամենտն էլ ինքնատիպ համադրություն է իրականացնում, օրինակ՝ ամերիկյան արվեստի նման ազատ լինելով եւ թատրոնները հիմնականում մասնավոր հատվածին թողնելով հանդերձ, այնուամենայնիվ, դասական արվեստի դարբնոց «Գրանդ օպերա» թատրոնը ամբողջությամբ եւ լիարժեք ֆինանսավորվում է պետության կողմից, որն ամենեւին չի խանգարում ունենալու օպերային արվեստի սիրահար բազմաթիվ հովանավորներ։
ԱՄՆ-ի պառլամենտը, այլ երկրների համեմատ, ավելի ազատ ու անմասնակից վերաբերմունք ունի մշակույթի ոլորտի գործունեության նկատմամբ, այն գրեթե լիովին թողնելով շուկայական հարաբերությունների ընթացքին։ Արդյունքում՝ դասական եւ ազգային համարում ունեցող արվեստները իրենց տեղը զիջում են շոու-բիզնեսին, որն իր բնույթով ավելի առեւտրային, քան արվեստի ոլորտ է։ Դա է թերեւս պատճառը, որ ամերիկյան մշակույթը դասական արվեստի համարում չունի աշխարհում, թեպետ ունի Մետրոպոլիտեն թատրոնի նման հռչակավոր մշակութային օջախ։
Հետաքրքիր է Էստոնիայի պառլամենտի վերաբերմունքը մշակույթին։ Ընդունված որոշման համաձայն՝ հատկապես ծխախոտի եւ ալկոհոլի վաճառքի շրջանառությունից որոշակի տոկոս ուղղակիորեն հատկացվում է միայն մշակույթի ոլորտի խնդիրների լուծմանը։
Մեծ Բրիտանիայի պառլամենտը ուշադրության կենտրոնում է պահում Շեքսպիրի կյանքին ու ստեղծագործությանը վերաբերող գրեթե բոլոր կարգի գործունեությունները՝ Էյվոնի Ստրադֆորդի տուն-թանգարանից սկսած մինչեւ շեքսպիրյան արքայական եւ միջազգային փառատոների կազմակերպումը եւ հաճախ նաեւ ամբողջական ֆինանսավորում։ Շեքսպիրը Մեծ Բրիտանիայում գնահատվում է որպես ազգային արժեք եւ պառլամենտն իր ուշադրության կենտրոնում է պահում նրան առնչվող գործունեությունը երբեմն նաեւ երկրի սահմաններից դուրս։
Մի բան անվիճելի է. բարձր արվեստը ցանկացած երկրի համար եղել ու մնում է ամենաներկայանալի այցեքարտը ու բացահայտ է, որ մեր Ազգային ժողովը հատուկ հոգածության կենտրոնում պետք է պահի մշակութային ոլորտը՝ որպես մշակութային երկրի համարում ունեցող պետություն։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.08.2021