Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրա տան առաստաղն այնքան ցածր էր, որ բարձրահասակ հայրս կատակով ասում էր՝ բնակարան տալիս գոնե բոյս հաշվի առնեին…»

Օգոստոս 07,2021 12:00

Անցյալ դարի 70-80-ական թվականներին Վազգեն Օվյանը, թերեւս, ամենալայն ժողովրդականություն վայելող գրողն էր Արցախում: 55 տարի է ապրել, սակայն իր ապրած այդ կես դարում ավելին է արել: Թողել է հարուստ գրական ժառանգություն։ Միայն նրա մահից հետո մեկեւկես տասնամյակում սկսեցին տպագրվել Օվյանի անտիպ գործերը։

Ձեզ ենք ներկայացնում Հովհաննես Շիրազի մանկության ընկերոջ՝ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ժողովրդական արտիստ Հովհաննես Կարապետյանի մասին բանաստեղծ Վազգեն Օվյանի որդու հուշերից:

Հովհաննես Կարապետյանին հիշում եմ 1969 թվականից։ Հովհաննեսը Շիրազի մանկության ընկերներից է, ծնված նույն թվականին եւ նույնպես Հովհաննես (Օնիկ) Կարապետյան։ Երկար տարիներ եղել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը, ժողովրդական արտիստ։ 1969 թվականին հայրիկիս՝ Վազգեն Օվյանի «Մեծ լոռեցին» պիեսը, որ բեմադրել էր Հովհ. Կարապետյանը, Թումանյանի 100-ամյակին նվիրված ներկայացումների մրցույթում Երեւանում երկրորդ մրցանակ էր շահել։ Հիշում եմ, որ ներկայացման մասնակիցները հպարտությամբ պատմում էին, որ Երեւանում իրենց ասում էին՝ «Դուք առաջինն եք… Բայց, դե քաղաքականություն, դիվանագիտություն-բան կա, ցավոք…»։

Այդ թվականին Հովհաննես Լեւոնովիչը 55 տարեկան է եղել, հայրս՝ 37 տարեկան, ես՝ 9 տարեկան, որ տասնյակ անգամ կուլիսների հետեւից, ավելի ճիշտ՝ բեմի կողքի աջ անկյունից թաքուն դիտում էի ներկայացումը, որովհետեւ այդ տարիներին 16 տարեկանից փոքր երեխաների մուտքը խստիվ արգելվում էր…

Հովհ. Կարապետյանը հոգով, սրտով, ողջ էությամբ գյումրեցի-լենինականցի էր՝ հումորով լի, հպարտ, տաղանդավոր ու շատերի համար նաեւ մի քիչ տարօրինակ։ Ասում են՝ շատ դժվար է դերասանների հետ, դերասանների միջավայրում աշխատելը։ Եվ նա մի քանի անգամ խռովել, զայրացել, թողել է մեր թատրոնն ու մեկնել Երեւան։ Հետո ամեն անգամ հարգված դերասաններից կազմված հատուկ մի պատվիրակություն էին ուղարկում նրա ետեւից, որ խնդրեն, համոզեն եւ ետ բերեն Ստեփանակերտ։

Երբ առաջին անգամ հետ վերադարձավ, հայրիկիս հետ գնացի հյուրանոց՝ նրան տեսնելու։ Ազատ նորմալ համար չլինելու պատճառաբանությամբ նրան անշուք, խոնավ ու գարշահոտությամբ ներծծված մի սենյակ էին հատկացրել։ Հայրս զայրացավ ու ասաց, որ թույլ չի տալու նրան ապրել նման անպետք վանդակում։ Եվ Հովհաննես Լեւոնովիչը մոտ երկու ամիս Մայր թատրոնի հարեւանությամբ, Կնունյանց փողոցում գտնվող մեր նախկին բնակարանում էր ապրում։ Բնակարանն ընդամենը երկու սենյակից էր բաղկացած, առաստաղն այնքան ցածր էր, որ բարձրահասակ հայրս կատակով ասում էր՝ բնակարան տալիս գոնե բոյս հաշվի առնեին…

Հետո Հովհաննես Կարապետյանին բնակարան տվեցին մեր թաղամասում, եւ հայրս ու նա դարձյալ պարբերաբար հանդիպում էին եւ շատ հաճախ ես էլ էի լինում նրանց հետ։ Զրուցում էին թատրոնի, արվեստի, գրականության մասին, նաեւ նարդի էին խաղում, որը յուրօրինակ մի ներկայացում էր։ Կարապետյանը առավել շատ պարտվում էր ու դժգոհում. «Չէ, բախտդ բերում է երկար խաղով։ Արի, էս անգամ կարճ խաղանք»։ Դարձյալ պարտվում էր ու զայրացած սկսում հայհոյել զառերին՝ «Ծախված զառեր, խուլիգան զառեր, անդաստիարակ, տմարդի, անպետք զառեր…»։ Դրանով չբավարարվելով, նա սկսում էր զառերին անվանել չսիրած մարդկանց անուններով, ասենք՝ Առաքել Սարուխանյան զառեր, Մուկուչյան զառեր, թուրք զառեր…

1969թ., ձախից՝ Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Բենիկ Օվչյան, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Կարապետյան, 3-րդին չեմ հիշում, ապա՝ հայրս, երբ գրել էր «Մեծ լոռեցին» պիեսը

Այնուհետեւ, ընկերներով սեղանի շուրջ կատակներ անելիս, հայրս մի քիչ գունազարդած պատմում էր այդ ամենը, Հովհաննես Կարապետյանը բարեհոգի ժպտում էր ու իբր ջղայնացած ասում. «Մի սրան նայեք, էս ո՞նց է կարողանում էսպես գեղեցիկ հնարել…»։ Փորձերի ժամանակ Հովհաննես Լեւոնովիչը նստում էր դահլիճում, փոքրիկ մի սեղանիկի առաջ եւ այնտեղից ղեկավարում ողջ պարահանդեսը։ Այդ ընթացքում նա այնքան էր տեղից ցատկում, բեմ բարձրանում, դերասաններին բացատրում, թե որտեղ եւ ինչպես պիտի կանգնել, ինչպես պիտի արտասանել նախօրոք սովորած, նաեւ բազմիցս կրկնած տեքստը, որ ես զարմանում էի, թե ոչ ջահել ու զգալիորեն ծանրամարմին այդ մարդը ոնց է կարողանում բազմաթիվ անգամ բարձրանալ բեմ ու իջնել եւ ոնց է կարողանում բոլորի հետ կրկնել նրա տեքստն ու խաղալ, մարմնավորել նրանց դերը…

Հիշում եմ, թե մի անգամ սիրային տեսարանի փորձի ժամանակ ինչպես էր Հովհաննես Կարապետյանը վրդովվել. «Ծո, ա՜յ տղա, էդ ինչպե՞ս ես խաղում, կյանք չկա կերպարիդ մեջ, սեր չկա մեջդ… Էդպես որ տատիկիս սեր բացատրեիր, քեզ պատուհանից դուրս կշպրտեր…»։

Իր արժեքն ու տաղանդը քաջ գիտակցողի պես նա հաճախ էր դժգոհում, որ իրեն չեն գնահատում։ Նման պահերին ասում էր. «Ինձ պես տաղանդավոր, պատկառելի մարդուն սրանք էս ո՞ւմ տեղ են դրել…»։

Հայրիկիս սիրում էր ինչպես կրտես եղբոր կամ ավագ զավակի։ Երբ զայրացած ու անտրամադիր էր լինում, ասում էր. «Տաղանդավոր մարդ ես, էստեղ կորչելու ես, արի թքենք, գնանք Երեւան։ Ինձ այնտեղ տուն ունեմ, քեզ էլ իսկույն տուն կտան…»։ Հայրիկիս երեւանաբնակ ընկերներն էլ էին առաջարկում տեղափոխվել Երեւան։ Ասում էին՝ «Էդտեղ ի՞նչ ես կորցրել, եկ Երեւան՝ ավելի շատ կտպագրվես, ավելի հայտնի կդառնաս…»։ Իսկ հայրս միշտ ձեռքը թափ էր տալիս՝ «Չէ, չեմ կարող։ Բա մեր էս չքնաղ երկիրն ո՞ւմ թողնենք, Մուհամեդի թոռների՞ն…»։
Շա՛տ-շատ տարիներ են անցել։ Վաղուց չկան նրանք՝ հայրիկս, Հովհաննես Լեւոնովիչը, սիրված դերասանները, սիրելի մարդիկ։ Նրանց հետ կարծես գեղեցիկ մի աշխարհ է հեռացել, դարձել անցյալ ու պատմություն։ Գեղեցիկ ու հրաշք մի աշխարհ, որտեղ «Մեր մանկության տանգոն» ու «Հին օրերի երգը» կար, Ֆրունզիկ-Մհեր Մկրտչյան կար, Սոս Սարգսյան ու Կարպ Խաչվանքյան կար, որոնք այդ գեղեցիկ աշխարհում մի մեծ աշխարհ էին…

Վարդգես ՕՎՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Օվյանների ընտանիքը, 1982 թ.

«Առավոտ» օրաթերթ
06.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031