Հուլիսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստն էր, այս հարթակի մասին Փաշինյանը հայտարարել էր արտահերթ ընտրություններից հետո։ Այս ժողովին չէր մասնակցում «Լուսավոր Հայաստանը», որի առաջնորդը մինչ այդ ընդունել էր Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին մասնակցած, սակայն խորհրդարան չանցած քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպման հրավերը։ Ի՞նչ «սեւ կատու» անցավ Փաշինյանի եւ Մարուքյանի միջեւ։
«Առավոտ»-ի հետ զրույցում է 7-րդ գումարման Ազգային Ժողովի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց՝ ԼՀԿ-ի կառավարման խորհուրդը համաձայնություն է տվել է, որպեսզի էդմոն Մարուքյանը մասնակցի այդ առաջին հանդիպմանը։ Դրա ընթացքում, ինչպես ասաց տիկին Սամսոնյանը, հնչել է այդ առաջարկը՝ ստեղծել արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական հարթակ՝ համերաշխության համատեքստում. «Էդմոն Մարուքյանը ողջունել է այդ գաղափարը եւ ասել է, որ կարող եք ստեղծել, բայց այդ հարթակին միանալու համար ԼՀԿ-ի կողմից միանշանակ պատասխան չի եղել։ Ողջունել ենք այդ նախաձեռնությունը, որովհետեւ համերաշխության օրակարգը շատ կարեւոր է։ Հարցն այն է, թե այդ օրակարգն ինչպե՞ս է դասավորվելու, որն է լինելու օրակարգը, եւ արդյոք «Լուսավոր Հայաստանն» իրեն տեսնում է այդ օրակարգում, թե՝ ոչ»։
Ի՞նչն էր կասկածելի այդ հարթակում, մեր այս հարցին ի պատասխան՝ տիկին Սամսոնյանն ասաց՝ կասկածելի որեւէ բան չկա, ԼՀԿ-ն գտնում է՝ եթե ունենա առաջարկներ, կարող է ներկայացնել այդ հարթակի շրջանակներից դուրս. «Պարտադիր չէ որեւէ արտախորհրդարանական հարթակի մաս լինենք, որպեսզի ներկայացնենք մեր առաջարկները»։
Ինչպիսի՞ն են Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի հարաբերությունները արտահերթ ընտրություններից հետո։ Ի պատասխան այս հարցին էլ, Անի Սամսոնյանն ասաց՝ դրանք շարունակում են մնալ որպես ընդդիմության եւ իշխանության հարաբերություններ, ինչպես որ եղել է խորհրդարանում, այնպես էլ շարունակում է մնալ խորհրդարանից դուրս։ Տիկին Սամսոնյանը վստահեցրեց՝ շարունակելու են հետեւել թե՛ խորհրդարանական ընդդիմության, թե՛ իշխանության աշխատանքին, քննադատելու են բոլորին իրենց սխալների համար, եւ եթե լինեն առաջարկներ՝ կներկայացնեն դրանք։
Կարդացեք նաև
«Բնականաբար, ցանկալի կլիներ իշխանության, հատկապես Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի մենք եւս ներկայացված լինեինք այդ արտախորհրդարանական հարթակում, որովհետեւ որքան շատ արտախորհրդարանական ուժերի ես ներգրավում քո ձեւաչափի մեջ, որքան շատ արտախորհրդարանական գործիչներ ես ներգրավում քո օրակարգերում, այնքան վստահության եւ այսպես ասած՝ համագործակցության ցուցանիշ ես ցույց տալիս։ Բայց այդ ձեւաչափը հրապարակային չէ, եւ այդ ձեւաչափի քննարկումներից ուղղակի մամուլի կարճ հաղորդագրություններ են տալիս, քննարկումները բաց չեն եւ մարդկանց մոտ ժամանակ առ ժամանակ կարող են հարցեր առաջանալ՝ ի՞նչ են քննարկում։ Սա թափանցիկության եւ հաշվետվողականության հարց է, որը մենք հաշվի ենք առնում»,-ասաց նախկին պատգամավորը։
Նա հիշեցրեց՝ ԼՀԿ-ին շատ հարցերում են մեղադրել, երբ օրինակ փորձել են նման ինչ-որ քննարկումներ ունենալ արտաքին քաղաքականության կամ անվտանգության հարցերով, դրանք հրապարակային չէին կարող քննարկել. «Դա հետո թե՛ մրցակից քաղաքական ուժերի համար, թե՛ փորձագետների, թե՛ մեդիայի համար դարձավ շահարկումների առարկա՝ այդ ի՞նչ էիք քննարկում։ Այ, նման վերաբերմունք կա, եւ մենք կարծում ենք, որ կարեւոր է հաշվի առնել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»։
Մեր հարցին՝ հնարավո՞ր է արդյոք ԼՀԿ-ի համար հենց Նիկոլ Փաշինյանն է անվստահելի եղել, օրինակ՝ մի բան պայմանավորվում է, հետո միտքը փոխում է, տիկին Սամսոնյանն այսպես պատասխանեց. «Ես հղում կանեմ խորհրդարանական աշխատանքի մեր փորձին, երբ որպես խորհրդարանական ընդդիմություն մենք փորձել ենք խորհուրդներ տալ իշխանությանը, դա չի աշխատել։ Իշխանությունը եղել եւ շարունակում է մնալ այսպիսին՝ «որեւէ խորհուրդ մեզ պետք չէ, մենք գիտենք՝ ինչպես անել, մենք գիտենք՝ որն է խնդիրը, մենք ունենք դրա լուծումները, խնդրում ենք մեզ մի խանգարեք»։ Սա եղել է իշխանության կեցվածքն այս տարիների ընթացքում եւ իրենք չեն հասկացել, որ շատ հարցերում սխալ են եղել, չեն ընդունել որեւէ խորհուրդ, որը մեզ հասցրել է այս աղետալի վիճակին։ Եթե խորհրդարանում որպես խորհրդարանական ընդդիմություն, որն ուներ ավելի շատ լծակներ, այդ թվում՝ իրավական, ձեւակերպված լծակներ, քո խորհուրդները իշխանությանը տալու կամ պարտադրելու համար դու չես կարողանում հասնել հաջողության, չեմ պատկերացնում, որ նման արտախորհրդարանական հարթակում հնչեն փոխադարձ խորհուրդներ, կարծիքներով փոխանակվեն, եւ դրա ընթացքում իշխանությունը գտնի, որ դրանք շատ պիտանի են, օգտակար եւ ասի՝ կօգտագործենք դրանք։ Ես դրան չեմ հավատում։ Այդ արտախորհրդարանական հարթակը քաղաքական նպատակ ունի, այն ավելի շատ հրապարակային հնչեղության համար է, քան այդ ձեւաչափում հավաքագրված խորհուրդները կյանքի կոչելու կամ դրանք իրագործելու նպատակ»։
Անի Սամսոնյանը հիշեցրեց օրերս նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի՝ խորհրդարանական ընդդիմությանն ուղղված խոսքը՝ եթե ինչ-որ մեկին թվա, թե ծովը ծնկներից է, կխեղդվի քաղաքականապես, Կոնջորյանը հիշեցրել էր, որ նման ուժեր կային 7-րդ գումարման Ազգային ժողովում, այսօր նրանք խորհրդարանում չեն. «Նկատի ուներ ԼՀԿ-ին եւ ԲՀԿ-ին, երբ քննադատում էինք իրենց, իբրեւ թե մտածում էինք, որ ծովը մեր ծնկներից է։ Այսինքն, սա ցույց է տալիս, որ իշխանությունը դասեր չի քաղել, շարունակում է մնալ մեծամիտ, եւ այդ մեծամտությամբ է վերաբերվում նաեւ նոր խորհրդարանական ընդդիմությանը։ Սա գնահատական է մեր աշխատանքին՝ որպես խորհրդարական ընդդիմության։ Մեր քննդատություններն ու առաջարկները, խորհուրդներն իրենք ընդունել են այնպես, որ մենք մտածում էինք, թե ծովը մեր ծնկներից է։ Այս վերաբերմունքի պարագայում մտածել, թե որեւէ մեկի խորհուրդը կընդունեն, այդպես չէ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.08.2021