Ըստ արեւելագետ Արմեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի գործողությունները եւս վերահսկելիության տիրույթում են:
«Տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող հիմնական դերակատարներն այս պահին կարծես թե ունեն այլ առաջնահերթություններ»,-«Առավոտի» դիտարկմանը՝ Ադրբեջանն իր oրակարգն է թելադրում, ու նրան զսպող չկա, ո՞րն է պատճառը, այսպես պատասխանեց արեւելագետ, վերլուծաբան Արմեն Պետրոսյանը:
Ըստ նրա՝ հայկական կողմի առավել զուսպ եւ կառուցողական մոտեցման, դիրքորոշման պայմաններում, այնուամենայնիվ, հաջողվում է զսպել տարածաշրջանում նոր պայթյունավտանգ իրավիճակի ձեւավորումը, որը գնահատվում է հատկապես տարածաշրջանում շահեր ունեցող մի շարք առանցքային դերակատարների կողմից: Ըստ նրա՝ Ադրբեջանի գործողությունները եւս վերահսկելիության տիրույթում են:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան այցից, օրեր առաջ էլ ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել էր Սյունիք, սրանք Իրանից եկող ազդակներ չե՞ն եւ արդյոք ՀՀ-ն բավարար չափով օգտագործո՞ւմ է այն ռեսուրսները, որ կան Իրանի հետ հարաբերություններում, Արմեն Պետրոսյանը պատասխանեց. «Միանշանակ է, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ձեւավորված նոր իրողությունների պայմաններում Իրանն, իր դիրքերում լինելով որպես կորցրած, զիջած դերակատար, ակնհայտ ակտիվություն էր դրսեւորում ինչպես տարածաշրջանային գործընթացներում, այնպես էլ ՀՀ-ի եւ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում: Ակնհայտ է, որ Իրանի կողմից առկա է շահագրգռվածություն կորցրած դիրքերը վերականգնելու առումով: Եվ այս առումով, եթե գնահատենք պատերազմի ամիսները, ապա հատկապես հայկական կողմի հետ բավականաչափ ակտիվ բանացություններ, քննարկումներ են տեղի ունենում տարբեր մակարդակներում: Սա պետք է դիտարկել Իրանի կողմից տարածաշրջանի քաղաքականության վերանայման տեսանկյունից: Այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետի՝ վերանշանակվելուց հետո առաջին արտագնա աշխատանքային ուղղությունն Իրանն է, սա չափազանց կարեւոր ուղերձ է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների համատեքստում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների կառավարություններն ըստ էության գտնվում են ձեւավորման մեկնակետում: Կարելի է համարել, որ ստարտային կարեւոր պայմանները ձեւավորված են»:
Կարդացեք նաև
Մեր հիշեցմանը՝ մի առիթով ասել էիք, որ ՀՀ-ն չունի մանեւրելու հնարավորություն եւ հարցին՝ չի՞ կարծում, որ ՄԽ վերջին հայտարարությունները դեռ բաց են պահում Հայաստանի հնարավորությունների դուռը, արեւելագետը պատասխանեց. «Կիսում եմ այդ տեսակետը: Պարզապես խնդրի էությունն այն է, որ ադրբեջանական կողմն է հրաժարվում այլեւս ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում Արցախի հիմնախնդրի քննարկման հնարավորությունից: Հետեւաբար միայն հայտարարությունների մակարդակում ակնկալել, որ այս գործընթացը տեղաշարժվում է, միանշանակ, այդպես չէ: Հայկական կողմը չպետք է բավարարվի այդ հայտարարություններով: Մենք տեսնում ենք զուգահեռ երկու ոչ համադրելի գործընթացներ: Մի դեպքում հայկական կողմից, միջնորդ երկրների, շահագրգիռ դերակատարների կողմից հնչում են հայտարարություններ, մյուս դեպքում մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից հստակ գործողություններ, քայլեր ուղղված Արցախի օկուպացված տարածքներում հայկական հետքի վերացմանը, տարբեր քաղաքական միջոցառումների տեսքով ադրբեջանական օկուպացիայի իրավական, քաղաքական քարոզչական ամրագրմանը միտված գործողություններ: Այս համատեքստում գործընթացներն անհամադրելի են»:
Մեր այն հարցին՝ ԱՄՆ-ի կողմից Բաքվին ռազմական օգնության դադարեցմանը կարո՞ղ են հաջորդել պատժամիջոցները, եթե այս կերպ շարունակի Ադրբեջանը, արեւելագետը պատասխանեց. «Վստահ եմ՝ Արդբեջանի, նաեւ Թուրքիայի իշխանությունների՝ նման գործելաոճը, որը միտված է տարածաշրջանում իրավիճակն անընդհատ անկայուն պահելուն, անվտանգության վտանգմանը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պարբերական խախտմանը, որոշակի փուլում հանգեցնելու է միջազգային հանրության առանցքային դերակատարների ավելի կոշտ դիրքորոշմանը՝ պատժամիջոցների տեսքով: Այս ուղղությամբ պետք է որոշակի նպատակային քայլեր իրականացվեն նաեւ ՀՀ կողմից: Ադրբեջանական կողմը, զգալով Թուրքիայի աջակցությունը թիկունքում, հստակ օրակարգ է ձեւավորել եւ հնարավոր բոլոր եղանակներով՝ տարաբնույթ ճնշումների կիրառման մեխանիզմներով, գնում է այն ուղեգծով, որը սպառնում է տարածաշրջանում ձեւավորված բավականին փխրուն խաղաղությանը, անվտանգությանը: Եթե սրանից մեկ տարի առաջ աշխարհաքաղաքական այլ իրավիճակ էր, ներկայումս կան աշխարհաքաղաքական զգալի փոփոխություններ, եւ վստահաբար նոր ռազմական էսկալյացիայի դեպքում՝ դարձյալ միանշանակորեն հրահրված Ադրբեջանի կողմից, միջազգային հանրության արձագանքը այլ է լինելու եւ ոչ Ադրբեջանի օգտին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.08.2021