«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարությունը թարմացրել է Ռուսաստանի վերաբերյալ իր ճանապարհորդային ուղեցույցները՝ ամերիկացիներին կրկին կոչ անելով չայցելել ՌԴ:
Իր մեկնաբանություններում գերատեսչությունը նշել է դեպքեր, երբ ԱՄՆ քաղաքացիները, ներառյալ նախկին և ներկա պետական պաշտոնյաներն ու զինվորական անձնակազմը, ինչպես նաև գործարարները, Ռուսաստան այցելելիս կամ այս երկրում բնակվելիս, առանց պատճառի հարցաքննվել են կամ ենթարկվել սպառնալիքների ռուսաստանցի պաշտոնյաների կողմից:
Ռուսաստանում ամերիկացիները «կարող են դառնալ հալածանքների, չարաշահումների և շորթումների զոհեր», – ասել է պետքարտուղարությունը:
Գերատեսչությունը նշել է, որ պետական բոլոր պաշտոնյաները պետք է ուշադիր կշռադատեն Ռուսաստան մեկնելու անհրաժեշտությունը: «Ռուսական անվտանգության ծառայությունները կեղծ մեղադրանքներով ձերբակալել են ԱՄՆ քաղաքացիներին, մերժել նրանց արդար և թափանցիկ վերաբերմունք ունենալու իրավունքը, դատապարտել փակ դատավարությունների ընթացքում առանց որևէ ապացույցների»,-նշել է գերատեսչությունը:
Կարդացեք նաև
«Ռուս պաշտոնյաները կարող են անհիմն հետաձգել կալանավորված ամերիկացի քաղաքացիներին հյուպատոսական օգնության տրամադրումը», – ասված է հաղորդագրության մեջ: «Ռուսաստանի իշխանությունները կամայականորեն կիրառում են տեղական օրենքները ԱՄՆ -ի քաղաքացի հանդիսացող կրոնական առաջնորդների նկատմամբ և կասկածելի քրեական հետաքննություն սկսում կրոնական գործունեությամբ զբաղվող ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ», – նշել է պետքարտուղարությունը:
«Ռուսական անվտանգության ծառայությունները գնալով էլ ավելի կամայականորեն են կիրառում տեղական օրենքները օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների նկատմամբ, որոնք նրանք համարում են« անցանկալի », և ԱՄՆ քաղաքացիները պետք է խուսափեն Ռուսաստան այցելելուց՝ աշխատանքի բերումով կամ հասարակական կազմակերպություններում կամավոր գործունեություն ծավալելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
Ըստ պետքարտուղարության՝ Ռուսաստանը հատուկ սահմանափակումներ է կիրառում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ և կարող է հրաժարվել այդ անձանց ամերիկյան քաղաքացիությունը ճանաչելուց՝ ներառյալ հյուպատոսական օգնությունից նրանց զրկելն ու վերջիններիս Ռուսաստանից հեռանալու խոչընդոտումը:
«Ռուսաստանում չեն երաշխավորվում խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքները, և ԱՄՆ քաղաքացիները պետք է խուսափեն քաղաքական կամ սոցիալական բողոքներին մասնակցելուց», – ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունը նաև զգուշացրել է, որ միջազգային և տեղական ահաբեկչական կազմակերպությունները, ինչպես նաև ծայրահեղական գաղափարախոսություն կրող անձինք շարունակում են ահաբեկչություններ ծրագրել Ռուսաստանում: «Ահաբեկիչները կարող են առանց նախազգուշացման հարձակում գործել՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրերը, տրանսպորտային հանգույցները, շուկաները կամ առևտրի կենտրոնները, կառավարական շենքերը, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, զբոսայգիները, խոշոր սպորտային և մշակութային իրադարձությունները, կրթական հաստատությունները, օդանավակայանները և այլ հասարակական վայրեր», – նշված է հայտարարության մեջ:
Պետքարտուղարությունը նշում է, որ ԱՄՆ իշխանությունների ՝ Ռուսաստանում ամերիկացի քաղաքացիներին սովորական և արտակարգ իրավիճակների ծառայություններ մատուցելու կարողությունը խիստ սահմանափակ է, հատկապես Մոսկվայում դեսպանատնից և հյուպատոսություններից հեռու գտնվող տարածքներում, քանի որ Ռուսաստանի կառավարությունը սահմանափակել է դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը և կասեցվել է հյուպատոսական ծառայությունների մատուցումը: