Աշնանը Վանաձորում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Այս պահին շրջանառվում են 10 հավանական թեկնածուների անուններ: Նրանց թվում է նաեւ «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Դոխոյանն ասաց, որ Վանաձորում կայանալիք ընտրությունների մասնակցության կամ մասնակցության ձեւաչափի հետ կապված վերջնական որոշում կուսակցությունը դեռեւս չի կայացրել. «Կուսակցության խորհրդում եւ նրա ղեկավարի կողմից այս պահին քննարկումներ են տեղի ունենում՝ մեր կուսակցության մասնակցության ձեւաչափի կամ մասնակցության դեպքում թեկնածուների հետ կապված»:
Դոխոյանը նաեւ չհերքեց, որ իր անունը եւս հավանական թեկնածուների թվում է. «Չեմ հերքում, քննարկումներ կան դրա հետ կապված, բայց վերջնական որոշում չունենք կայացրած: Ես՝ թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես քաղաքական գործիչ գործել եմ հանուն Վանաձորի ու վանաձորցու: Կարծում եմ մնացած հարցերը տեխնիկական են կամ դրա ածանցյալներն են»։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Վահե Դոխոյանի ֆեյսբուքյան էջի: