Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւակայական հարցազրույցներ

Օգոստոս 06,2021 21:21

Մեր առաջին զրուցակիցը իշխող կուսակցության անդամ Ռուբին Ռոմանոսյանն  է․

-Շնորհակալություն պարոն Ռոմանոսյան, հարցազրույցի հրավերն ընդունելու համար։

-Խնդրեմ։

-Պարոն Ռոմանոսյան, մեր ընթերցողին առաջին հերթին հետաքրքրում է Հայաստանի անվտանգության հարցը։ Այն առավել խոցելի է դարձել պատերազմի պարտությունից և ադրբեջանական զինված ուժերի Հայաստանի տարածք ներխուժելուց հետո։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ձեր իշխանությունը այս վտանգները չեզոքացնելու համար։

-Նախ, ես բացարձակապես համաձայն չեմ ձեր այն պնդման հետ, թե մենք պարտություն ենք կրել։ Այո, Լեռնային Ղարաբաղի տարածքն անցավ Ադրբեջանի տիրապետության տակ։ Բայց չէ՞ որ այն միջազգային փաստաթղթերով համարվում էր Ադրբեջանի տարածք և Հայաստանը համարվում էր ագրեսոր։ Մեր հմուտ դիվանագիտության և պատերազմական գործողությունների արդյունքում, Հայաստանը մաքրվեց նախկինների կողմից մեզ ժառանգություն մնացած ագրեսոր պիտակից։ Այնպես որ, կարելի է պնդել, որ մենք ոչ թե պարտվել, այլ առնվազն բարոյական հաղթանակ ենք տարել, վերադարձնելով մեր հինավուրց ժողովրդին իր խաղաղասիրական և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների ջատագովի բարի համբավը։

-Պարոն Ռոմանոսյան, բայց այդ գնո՞վ, տալով հազարավոր զոհեր, անհետ կորածներ, հարյուրավոր գերիներ, փախստականներ։

-Բարոյական հաղթանակները նաև զոհեր են պահանջում։

-Պարոն Ռոմանոսյան, իսկ դուք, ձեր կողմնակիցները և ձեր զավակները մասնակցե՞լ եք ձեր նշած բարոյական հաղթանակի կերտմանը, այսինքն պատերազմին։

-Հարգելիս, մեր թիմը մշտապես կողմ է եղել խաղաղության և Ադրբեջանին պատկանող Լեռնային Ղարաբաղն ու մնացյալ գրավյալ տարածքները մեզ ժառանգություն էին մնացել նախկին կոռումպացված ռեժիմի կողմից։ Դեռևս նախկինների իշխանության տարիներին, որպես բողոքի նշան և խաղաղասիրական դրսևորում մենք տարբեր պատճառաբանություններով, նաև կաշառքով ազատվել ենք զինվորական ծառայությունից, նույն ձևով ազատել նաև մեր զավակներին։ Այնպես որ ցանկության դեպքում էլ մենք չէինք կարող մասնակցել պատերազմական գործողություններին, որպես негодный-ներ։

-Լավ, պարոն Ռոմանոսյան, իսկ ի՞նչ կասեք, արդեն բուն Հայաստանի  տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի մասին։

-Իսկ դուք վստա՞հ եք, որ այդ տարածքները միջազգայնորեն պատկանում են Հայաստանի Հանրապետությանը։ Չե՞ք լսում և կարդում տարբեր երկրների և միջազգային կառույցների հայտարարություններն այն մասին, որ դրանք վիճելի տարածքներ են։ Եվ մենք ելնելով մեր գործընկերների հորդորներից, ինչպես նաև խուսափելու համար նոր զոհերից, փորձում ենք այդ հարցերը լուծել բանակցությունների միջոցով։

-Բայց չէ՞ որ այդ տարածքներում բնակչությունը խաղաղ չի ապրում, ամեն օր կրակոցներ, զոհեր, գերիներ, անասնագողություն։

-Իսկ ի՞նչ եք առաջարկում՝ նոր պատերա՞զմ։ Չի կարելի ամեն կրակոցից վայնասուն բարձրացնել։Ինչպես գիտեք մենք դիմել ենք մեր ռուս գործընկերներին, հայ-ադրբեջանական սահմանում խաղաղապահ զորքեր տեղակայել։ Այնպես որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները թող մի փոքր էլ դիմանան։Մեր խաղաղասիրական ծրագրով, ոչ միայն մենք և մեր զավակները չենք ծառայելու բանակում, այլև ողջ հայ ժողովուրդը։ Մեր խաղաղությունը կապահովեն մեր ռազմավարական գործընկերներն ու միջազգային կառույցները։ Նաև չմոռանաք, որ այդ նույն բնակավայրերի ժողովրդի մեծամասնությունը ընտրությունների ժամանակ  մեզ է ընտրել, այդպիսով ընտրելով նաև այսօրվա և վաղվա  իրենց խաղաղությունը։

-Իսկ ի՞նչ կարծիքի եք, որ Ադրբեջանը հավակնում է ողջ Հայաստանի տարածքին, մասնավորապես Սյունիքին, այն անվանելով Արևմտյան Զանգեզուր;

-Այդ հարցերը նույնպես պետք է լուծվեն բանակցություններով։Իհարկե, ծայրահեղ դեպքում, հանուն հարատև խաղաղության, մենք պատրաստ ենք որոշակի ցավոտ զիջումների։

-Շնորհակալություն, պարոն Ռոմանոսյան, անկեղծ զրույցի համար։

-Խնդրեմ։

 

Մեր երկրորդ զրուցակիցը ընդդիմադիր «Հայաստանի պատիվ» դաշինքի ներկայացուցիչ Սաղաթել Արթուրյանն է։

-Շնորհակալություն, պարոն Արթուրյան, հարցազրույցի հրավերն ընդունելու համար։

-Խնդրեմ։

-Պարոն Արթուրյան, 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո, զայրացած ժողովուրդը հազարներով դուրս էր եկել բողոքի։ Ըստ տեղեկությունների իշխանությունը ահուսարսափի մեջ էր։ Ինչու՞ դուք և ձեր ընդդիմադիր գործընկերները չառաջնորդեցիք այդ ինքնաբուխ շարժումն ու չհեռացրեցիք պարտության պատասխանատու իշխանությանը;

-Այդ օրը հավաքված ժողովուրդը մեր ընտրազանգվածը չէր։ Մենք նաև դեմ ենք անօրինական գործողություններին։ Ինչպես գիտեք, օրեր անց մենք ստեղծեցինք «Հայաստանի փրկության շարժումը» և սկսեցինք մեր սահմանադրական պայքարը։

-Բայց, հարգելի պարոն Արթուրյան, այլ քաղաքակիրթ երկրներում, օրինակ Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, ժողովուրդն իր իրավունքների համար շատ ավելի սուր քայլերի է դիմում՝ ընդհարումներ, հրկիզումներ և այլն։ Իսկ , պատկերացնու՞մ եք, եթե այդ երկրներից որևէ մեկը պատերազմում այդպիսի խայտառակ պարտություն կրեր, ինչ կկատարվեր։

-Հարգելիս, հիշենք որ մենք հինավուրց, իմաստուն ժողովուրդ ենք և ի տարբերություն ձեր նշած երկրների, մենք արդեն հազարամյակներ գոյատևում ենք։ Մենք որպես ընդդիմություն, չէինք կարող մեզ այդպիսի ավելորդ ճոխություն թույլ տալ և լարել առանց այն էլ մեր հայրենիքում ստեղծված անկայուն իրավիճակը։Այդ գործելակերպը բնավ չի նշանակում համակերպվել հողատու, կապիտուլյանտ, դավաճան, վիժվածք իշխանության հետ։ Միայն ու միայն սահմանադրական ճանապարհն է մեր պայքարի ուղին։

-Պարոն Արթուրյան , ձեր պայքարի ընթացքում, առնվազն մի քանի առիթներ եղան կտրուկ, վճռական գործողությունների դիմելու, օրինակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և այլ զինվորական հրամանատարների իշխանության հրաժարականի պահանջը։ Փաստորեն, զինված ուժերը կանգնեցին ընդդիմության կողքին և ձեզնից ընդամենը մեկ քայլ էր պահանջվում իշխանությանը հեռացնելու համար։

-Ինչպես արդեն մի քանի անգամ նշեցի, մենք շարժվել ենք միայն սահմանադրական ճանապարհով։ Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, ապա մենք անհամբեր սպասում էինք, որ նա կանի հաջորդ քայլը և կիրականացնի զինվորական հեղաշրջում, ապա մեզ կհրավիրի կառավարություն կազմելու։

-Լավ, իսկ ի՞նչ արդյունքների հասաք սահմանադրական պայքարով։

-Կույր է պետք լինել, չտեսնելու համար մեր հաջողությունները։ Մեր հետևողական պայքարի շնորհիվ, դավաճան իշխանությունը ընկնելով հոգևարքի մեջ, ստիպված գնաց արտահերթ ընտրությունների։

-Եվ՞․․․

-Իսկապես զարմանում եմ ձեր հարցի վրա։ Չե՞ք տեսնում, թե ինչ աննախադեպ հաջողության հասավ ընդդիմությունը։ Այսօր, մենք իշխող ուժին զրկել ենք ունենալ սահմանադրական մեծամասնություն և արդեն  ունենալով պատգամավորական լծակներ,ԱԺ-ում ենք շարունակելու մեր սահմանադրական պայքարը։

-Բայց չէ՞ որ ժողովուրդը ձեզ ձայն էր տվել, ոչ թե պատգամավոր դառնալու, այլ պարտության պատասխանատու, ձեր խոսքերով դավաճան իշխանություններին հեռացնելու համար։

-Իսկ ո՞վ ասաց, թե մենք հրաժարվել ենք դավաճան իշխանությանը հեռացնելու մտքից։ Նորից եմ կրկնում, մեր պայքարի ճանապարհը սահմանադրական է և մենք ընտրությունների արդյունքները վիճարկեցինք Սահմանադրական Դատարանում։

-Ընդդիմությունն իր թեկնածուներին առաջադրելու՞ է ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովների նախագահների պաշտոններում, օգտվելու՞ է ծառայողական մեքենաներից, հավելավճարներից։

-Իհարկե, դրանք բոլորը պայքարի լրացուցիչ լծակներ են և սահմանված են սահմանադրությամբ։Ավելին, երբ մեր ներկայացուցիչն ընտրվի ԱԺ փոխնախագահ, մենք դրանով կապացուցենք, որ ընտրությունների միջոցով հնարավոր է իրականացնել իշխանափոխություն։

-Բայց , չէ՞ որ դուք ունեք կալանավորված գործընկերներ։ Ի՞նչ եք մտածում նրանց մասին։

-Վերջին անգամ եմ կրկնում՝ մենք պայքարելու ենք սահմանադրական ճանապարհով, այդ թվում մեր գործընկերների հարցով, սպառելով ներպետական դատական ատյանները, դիմելու ենք Սահմանադրական Դատարան և Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։

-Շնորհակալություն, պարոն Արթուրյան, անկեղծ զրույցի համար։

-Խնդրեմ։

 

Մեր երրորդ զրուցակիցը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, քաղաքական-հասարակական գործիչ Ստեփան Տեր-Շիրինյան է։

-Շնորհակալություն, պարոն Տեր-Շիրինյան, հարցազրույցի հրավերն ընդունելու համար։

-Խնդրեմ։

-Պարոն Տեր-Շիրինյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական վիճակը։

-Արտահերթ ընտրություններն ապացուցեցին, որ Հայաստանում, այսպես կոչված ներքաղաքական ճգնաժամ գոյություն չուներ։ Ժողովուրդն իր քվեով մերժեց նախկին կոռումպացված ռուսական գործակալ գործիչներին և ապացուցեց իր նվիրվածությունը արևմտյան ժողովրդավարական արժեքներին։

-Բայց, ձեր ասած նախկիններն այսօր ԱԺ-ում ներկայացված են որպես ընդդիմադիր խմբակցություններ։

-Այո, ցավալի բան եք ասում։ Նախկինները մանիպուլացրեցին ժողովրդի որոշակի հատվածին, նրանք օժանդակություն ստացան ռսներից, նաև ընտրակաշառք բաժանեցին։

-Ինչո՞վ եք բացատրում, որ ժողովուրդը ձայն տվեց պատերազմում պարտված քաղաքական ուժին։

-Այդ պարտության մեղավորները նախկիններն են։ Այդ պատերազմը հրահրված էր Ռուսաստանի կողմից։ Եվ մենք չէինք կարող դիմադրել  ռուս-թուրք-ադրբեջանական ագրեսիային։Ավելին, մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ ադրբեջանական համազգեստով մեր դեմ կռվել են ռուս զինվորները։

-Բայց, հավաստի տեղեկություններ կան, որ Ռուսաստանը մի քանի անգամ փորձել է դադարեցնել պատերազմը;

-Այդ ստերը տարածում են պուտլերական ռուսուլմանները։Իրականում ՆԱՏՕ-ն սպառնացել է Ադրբեջանին ատոմային զենք գցել Բաքվի վրա և Ադրբեջանը դադարեցրել է պատերազմը։

-Այսօր արդեն վտանգված են Հայաստանի տարածքները։ Ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի տարածքում։

-Այո, այդ ամենը հրահրում է Ռուսաստանը, Հայաստանը վերջնականապես կործանելու նպատակով։Հասկացեք վերջապես, թուրքը չի մեր թշնամին, ոչ էլ Ադրբեջանը, այլ միայն ռուսը։ Պետք է չհապաղել և դիմել ՆԱՏՕ-ին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային։

-Բայց չէ՞ որ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է։

-Տպավորություն ունեմ, որ դուք նույնպես ռսի հպատակ եք։ Չե՞ք տեսնում, թե Արևմուտքը ինչպես է փորձում զսպել Թուրքիային։

-Չե՞ք կարծում, որ նախքան , օրինակ Ռուսաստանին մեղադրելը, մենք  մեր ուժերով պետք է ստեղծենք մեր անվտանգային համակարգը՝ բանակ, այլ ծառայություններ։ Օրինակ, դուք և ձեր ընկերները, զավակները ծառայե՞լ եք բանակում։

-Մենք մեր անվտանգությունը պետք վստահենք արևմուտքին՝ ՆԱՏՕ-ին։ Նրանք մեզ խոստացել են ապահովել մեր անվտանգությունը։

-Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը։

-Ի՞նչ կարող է անել իշխանությունը, եթե նախկիններից ծանր ժառանգություն է մնացել։ Բացի այդ Ռուսաստանը չի թողնում որ մենք զարգանանք։

-Ծանր է գյուղատնտնեսության վիճակը՝ երաշտ, սակավաջրություն:

-Այդ ամենը ռուսներն են կազմակերպում, և երաշտը և սակավաջրությունը, իրենց դիվերսանտներով և գաղտնի զենքերով։

-Հայաստանում աճել են քրեական հանցագործությունները, ճանապարհային վթարները։

-Ռուսաստանը Հայաստան է ուղարկել քրեական հեղինակությունների, որոնք էլ կազմակերպում են այդ հանցագործությունները։ Իսկ  ճանապարհային վթարների պատճառը ռուսական օղին է։ Մենք վերջապես պետք է հրաժարվենք օղուց և օգտագործենք այլ՝ արևմտյան ալկոհոլային խմիչքներ, որոնց ազդեցության տակ վթարները բացառվում են։

-Օրեցօր ավելանում են քովիդով վարակվածների թվերը։

-Սա նույնպես ռսական քաղաքականության հետևանքն է։ Քանի դեռ մենք չենք հրաժարվել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, չենք հեռացրել ռուսական բազան, համավարակը խժռելու է Հայաստանը, ըհը, ըհը ( հազում է)։

-Կարծես դուք վատառողջ եք։

-Քիչ առաջ անցնում էի Ռուսաստանի դեսպանատան կողքով, վատ զգացի, միջովս դող անցավ և ջերմությունս բարձրացավ։

-Լավ, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում, որ ձեր սիրելի իշխանությունը առաջարկում է ռուս խաղաղապահների տեղակայում հայ-ադրբեջանական սահմաններին։

-Ի՞նչ․․․ ըհը, ըհը, ներեցեք, շտապում եմ․․․ըհը, ըհը (արագ քայլերով հեռանում է):

 

Երևակայական հարցազրույցները վարեց Ավետիք Իշխանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031