Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի ավագանու 6 անդամ հրաժարականի դիմում են ներկայացրել․ ո՞ւմ հորդորով

Օգոստոս 06,2021 19:11

Կապան համայնքի ավագանու 15 անդամներից 6-ը՝ Վիլեն Գրիգորյանը,  Շանթ Դավթյանը, Կարեն Մարտիրոսյանը, Վաչե Ասրյանը, Իվան Կոստանդյանը, Արա Մկրտչյանը դիմել են համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանին՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 10-ից դադարեցնում են ավագանու անդամի պարտականությունները։  Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց  համայնքապետարանի մամուլի պատասխանատու Հասմիկ Հարությունյանը։ Ավագանու անդամները հրաժարականի պատճառների մասին դիմումներում չեն նշել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել, բայց քվորում չլինելու պատճառով նիստը չկայացավ։ Միայն մեկ հոգի էր ներկայացել՝ Նարեկ Դավթյանը։

Ըստ գործող կարգի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցված է համարվում, երբ կազմի կեսից ավելին հրաժարականի դիմում են ներկայացնում։ Փաստորեն, եթե ավագանու երկու անդամ էլ մանդատից հրաժարվեն, ապա Կապանի համայնքի ավագանու  արտահերթ ընտրություններ կնշանակվեն։

Նշենք, որ տարածված լուրերի համաձայն, ավագանու անդամները հրաժարականի դիմում են ներկայացրել Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի հորդորով։

Ի դեպ, 2018 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանը Կապանի համայնքի ղեկավարի թեկնածու էր, բայց ձայների նվազագույն առավելությամբ հաղթեց անկուսակցական Գեւորգ  Փարսյանը։ Այն ժամանակ իշխանական թեկնածուի պարտությունը վերագրեցին այն բանին, որ վարչապետի որոշմամբ մարզպետ էր նշանակվել Հունան Պողոսյանը, որը ծննդով սյունեցի չէր։ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի հետ աշխատանքային փոխհարաբերություններ ունի։

«Տեղյակ եմ, որ ավագանու անդամներից ոմանք հրաժարականի դիմում  են ներկայացրել, բայց չգիտեմ ինչո՞ւ են իմ անվան հետ կապում»,–ասաց Նարեկ Բաբայանը։ Այն հարցին, թե արդյո՞ք հանդիպել է ավագանու անդամներին, պատասխանեց․ «Նրանց հետ հանդիպել եմ, ունեմ շփումներ նրանց հետ, բայց բացարկի մասին խոսք չի եղել։ Հանդիպել եմ ու հանդիպելու եմ»։

Հրաժարական ներկայացրած ավագանու անդամները մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեցին, որ ոչ մեկը իրենց չի հորդորել, պարզապես չեն ուզում քաղաքականությամբ զբաղվել։ «Ինձ ոչ մեկը չի կարող հորդորել, կամ ասել այս արա, այս մի արա»,–նշում է ավագանու անդամ Կարեն Մարտիրոսյանը։

Ի դեպ, նրանցից 3-ը՝ Վաչե Ասրյանը, Կարեն Մարտիրոսյանը, Վիլեն  Գրիգորյանն աշխատում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, եւ հուլիսի 13-ին ԶՊՄԿ գլխավոր տնօրենը նրանց ազատել էր աշխատանքից ( ԶՊՄԿ–ի 38 աշխատակից մեկ օրում ազատվեցին աշխատանքից, մինչեւ օրս ԶՊՄԿ–ն չի պատասխանել մեր գրավոր հարցմանը–Ա․Դ․)

Կապանի համայնքի ղեկավար  Գեւորգ Փարսյանից այս անգամ էլ չստացվեց պարզաբանում ստանալ։ Նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031